Պետությունն այսուհետ եւս կանի հնարավորը ազգային անվտանգության մարմինների ծառայողների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ. Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ, Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ազգային անվտանգության համակարգը հանդիսանում է պետության կենսագործունեության կարեւոր ուղղություններից մեկը եւ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պետականաշինության գործընթացում: Դուք իրականացնում եք կարեւոր ծառայություն՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը՝ նպաստելով հասարակության կայուն ու բնականոն զարգացմանը:

Դա պահանջում է մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ, սկզբունքայնություն, անմնացորդ նվիրվածություն հայրենի երկրին: Պետությունն այսուհետ եւս կանի հնարավորը ազգային անվտանգության մարմինների ծառայողների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Թանկագի՛ն բարեկամներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու ծառայության մեջ»:




Լրահոս