Եզն ընկնում ա, դանակավորները շատանում են, բայց դա իմ ստիմուլը չի. Արայիկ Խուդավերդյանը` Մանվել Գրիգորյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ուրբաթ օրը դատարանը 25 մլն գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին, որը ձերբակալված էր այս տարվա հունիսի 19-ից: Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցվեց: Ազգային անվտանգության ծառայության հրապարակման համաձայն` նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

Հիշեցնենք նաեւ, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումից եւ այդ տեսանյութի ցուցադրությունից հետո բոլորը, այդ թվում` նրա ազատամարտիկ ընկերները, քննադատում եւ փնովում էին Մանվել Գրիգորյանին: Իսկ նրա ամենամոտ ընկերն էլ` Սեյրան Սարոյանը, նշել էր, թե Գրիգորյանն Արցախի հերոսից դարձավ տուշոնկա գողացող:

Ուրբաթ ուշ երեկոյան Գրիգորյանն ազատ արձակվեց: Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու դատավորի որոշման համար հիմք է հանդիսացել նրա առողջական ծանր վիճակը։

Դատարանի որոշման շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Խուդավերդյանի` Կոռնիձորի Արոյի հետ:

-Պարո՛ն Խուդավերդյան, Մանվել Գրիգորյանի հետ երբեւէ հանդիպե՞լ եք: Խոսե՞լ եք իր գործի վերաբերյալ:

-Շատ սխալ հարց եք ուղղում: Կներեք, ես կապ չունեմ նրա հետ:

-Ի՞նչ եք մտածում խափանման միջոցը փոխելու մասին:

-Լրիվ նորմալ երեւույթ է: Քանի որ տեսնում ենք, թե արդարադատությունը այդ ուղղությամբ ոնց է աշխատում, էսօր դուրս կգա, վաղը ներս կմտնի: Ընթացիկ երեւույթներ են, որոնց լրիվ նորմալ եմ նայում: Սպասենք, տեսնենք` ինչպես վերաքննիչը կանդրադառնա այս գործին: Տեսնենք, չեմ ուզում ժամանակից շուտ ինչ-որ բաներ ասել: Ամեն մեկը պարտավոր է պատասխան տալ իր արած հանցագործությունների համար: Դա գրված օրենք է` կախված բոլորիս գլխին:

-Էջմիածնում ցույցեր են սկսվել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ: Ի՞նչ եք մտածում այս մասին: Հնարավո՞ր է, որ ցույցերը ուղղորդված են:

-Ոչինչ չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ Էջմիածինը գոնե անկախություն ապրել է: Այդ ռեժիմից դուրս է եկել: Ես ողջունում եմ ժողովրդի արածը: Եթե ժողովուրդը արդեն իր ձայնը կարողանում է բարձրացնել, ուրեմն այդ ժողովուրդն արդեն ազատ շունչ է քաշում: Առաջ նման բան չէր կարող լինել: Կարեւորը` հասարակությունը հասկացավ, որ իր խոսքը արժեք ունի: Մնացած ամեն ինչ ժամանակը իր տեղը կդնի: Միշտ չէ, որ ենթադրությունները ճշմարտացի են:

-Երբեւէ ցանկություն չի՞ եղել լսել նաեւ Մանվել Գրիգորյանի հիմնավորումները սրա վերաբերյալ: Գուցե ինչ-որ արդարացումներ է ներկայացնո՞ւմ:

-Միանշանակ, ոչ: Ես նրա հետ կապ չեմ ունեցել ո՛չ անցյալում, ո՛չ հիմա: Իր գործելաոճը ինձ երբեք հետաքրքիր չի եղել: Առհասարակ, հիմա էլ` ներկայիս դրությամբ, ինքը, իր կռուգը, իր շրջապատը, իր գործունեությունը, հանրապետականները, հանրապետականների պարագլուխները հետաքրքիր չեն: Էն ժամանակ, երբ դեռ ինքը հզոր էր, ես ասուլիս եմ տվել, ինչ որ պետք ա, ասել եմ: Դրա համար հիմա չեմ ուզում կրկնվել: Բացի այդ` հիմա անիմաստ է բան ասել, որովհետեւ ես երբեք ընկածին չեմ խփում: Եզն ընկնում ա, դանակավորները շատանում են, բայց դա իմ ստիմուլը չի: Ես դանակավոր եմ այն ժամանակ, երբ եզը դեռ առողջ է:

զրուցեց Լուսինե Մինասյանը




Լրահոս