Ռոբերտ Քոչարյանը կարող է հայտնվել ազատության մեջ. ով կվճարի գրավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կշարունակվի ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ դատաքննությունը։

Վերջին նիստը տեղի ունեցավ տարեվերջին, սակայն հետաձգվեց: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավի չափի սահմանումը թողել են դատարանի հայեցողությանը, սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, խոսքը մոտավորապես 20 մլն դրամ գումարի մասին է, որն էլ պատրաստվում են վճարել ՀՀ երկրորդ նախագահի գործընկերները` AFK system կորպորացիայից, որի տնօրենների խորհրդի անդամ է հանդիսանում նաև հենց երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ArmLur.am-ի  հետ զրույցում դժվարացավ պատասխանել գրավի չափի և այլ մանրամասների հետ կապված հարցերի` քանի դեռ գրավը որպես խափանման միջոց կիրառելու որոշում չի կայացվել: Օրբելյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել վաղը և որ դեպքում է գրավը կիրառվում որպես խափանման միջոց:

«Երբ կիրառվում է կալանք, դատարանը գնահատում է` կա արդյոք հիմնավոր կասկած. անձը կարող է արդյոք խոչընդոտել, թաքնվել քննությունից և այլն: Եթե անձը գտնում է, որ կարող է նման բաներ լինել, ապա կալանքի միջնորդությունը բավարարում է: Դրանից հետո դատարանը անդրադառնում է այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցին. արդյոք կա խափանման միջոց, որը կարող է նույն նպատակին ծառայել, ինչ-որ կծառայեր կալանքը», – պարզաբանեց նա:

Փաստաբանի խոսքով, գրավ կիրառելու դեպքում դատարանը մի քանի հանգամանք է հաշվի առնում: «Հանցագործության ծանրությունը, բնակարանի, ընտանիքի առկայություն, սոցիալական կապեր, որով գնահատում է` ինչքանով է հավանական, որ անձը կրկին հանցագործություն կատարի: Օրինակ մեր դեպքում, Ռոբերտ Քոչարյանը, երբ եղավ ազատության մեջ որևէ կերպ չի խոչընդոտել, խանգարելու միջադեպ չի եղել, երկիրը չի լքել և այլն», – հավելեց նա:

Ստացվում է` այս պահի դրությամբ դատարանը բավարար հիմնավորումներ ունի` գրավ կիրառելու համար և մնում է սպասել վաղվան` հասկանալու համար, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները:

Հավելենք, որ ըստ Քրեական դատավարության օրենքի համաձայն, գրավի չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից: Գրավի չափը որոշելիս հաշվի են առնվում մեղադրյալին վերագրվող հանցանքի ծանրության աստիճանը, մեղադրյալի գույքային դրությունը: Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն: Գրավը կարող է մուծել մեղադրյալը կամ ցանկացած այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Եթե գրավը մուծում է այլ անձ, ապա նրան բացատրվում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքի էությունը, ինչպես նաև մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու դեպքում վրա հասնող հետևանքները:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք էր առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ ՀՔԾ-ի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանը որոշեց կալանավորել Քոչարյանին երկու ամսով, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին նույնիսկ անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։




Լրահոս