Մարդը արժեք չունի. ինչ է վերջին անգամ ասել բանտում մահացած Մհեր Եղիազարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել էր «Հայնյուզ» լրատվական կայքի ղեկավար Մհեր Եղիազարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ կատարվածի համար պետք է պատասխան տան բոլոր մարմինները:

2018 թվականի դեկտեմբերին ԱԱԾ-ն խարդախության, կաշառք տալու համար մեղադրանք է առաջադրել Մհեր Եղազարյանին եւ կալանավորել: 2018 թվականի դեկտեմբերի 4-ից Եղիազարյանը հացադուլ է հայտարարել, գործն էլ նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել էր Քննչական կոմիտե: Հացադուլից շուրջ 10 օր հետո` հունվարի 26-ին, Մհեր Եղիազարյանի ՔԿՀ-ում մահացավ:
Ըստ Կոմիտեի` նա մահացել է սրտամկանի ինֆարկտից: Կատարվածից հետո իրավապահ մարմինները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեկը մյուսի հետեւից սկսեցին հայտարարություն տարածել, թե իբր իրենք ամեն ինչ արել են Մհեր Եղիազարյանի հետ կապված: Սակայն Եղիազարյանի պաշտպան ներգրավված Հովիկ Արսենյանը այլ մանրամասներ պատմեց.

«Ողջ խնդիրը այն է, որ պաշտպանական կողմին տրամադրված նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ դարձավ, որ Մհեր Եղիազարյանի վերաբերյալ նախաքննական մարմնի տրամադրության տակ գոյություն չունի նրա հիվանդության պատմագիրը, թե ինչ հիվանդությամբ է նա տառապում: Ներկա պահին քննչական կոմիտեն նման հայտարարություն է արել. ի՞նչ է ցանկանում դրանով ասել: Այսինքն` ցանկությունը հետեւյալն է. Մհեր Եղիազարյանի կողմից հացադուլ հայտարարելը որեւէ կապ չունի նրա մահվան հետ, որովհետե նա սրտամկանի ինֆարկտից է մահացել: Բայց խնդիրն այն է, որ երկու ամիս նախաքննություն է ընթացել, նախաքննական մարմինը տեղյակ չի եղել եւ նրան չի էլ հետաքրքել կալանքի տակ գտնված անձի առողջական վիճակը: Բնականաբար նրանց մոտ տեղեկանքը կա, որ նա երկրորդ կարգի հաշմանդամ է , բայց ոչ ավելի, չեն խորացել, թե այդ հաշմանդամությունը ինչի հետեւանք է: Եթե հետաքրքրվեին, կիմանային, որ նա ունեցել է սրտամկանային հիվանդություն եւ, ըստ էության, հակացուցված էր նրան թույլատրելը, որ հացադուլ հայտարարի: Երբ ամսի 25-ին ներգրավվեցի պաշտպան, քննիչի հետ եղել եմ նրա խցում, եւ նա ասեց, որ կարողանում է ինքնուրույն քայլել, բայց շատ վատառողջ վիճակում էր: Այս պայմաններում հայատարարել, որ նա ՔԿՀ-ի բուժանձնակազմի հսկողության տակ է գտնվել, հարց է առաջանում, արդյոք այդ անձնավորության համար հատուկ միջոցներ ձե՞ռք են առնվել, որ նրա վիճակը կայունանա: Կարծում եմ, որ նման բան գոյություն չի ունեցել: Յուրաքանչյուր մարմնի ներկայացուցիչ փորձ արեց այս երկու օրվա մեջ ասել, թե իրենց ֆունկցիան չի եղել, իրենք իրենց պարտականությունները արել են: ՄԻՊ-ը տպավորություն էր թողել, թե այնքան սրտացավ են եղել, բայց ոչ մի միջոց ձեռք չեն առել: Հունվարի 25-ին հարցումներ ուղարկեցի թե՛ ՔԿՀ, թե՛ Սիսիանի ԲԿ, որ նրա առողջության պատմագիրը ներկայացնեին, քանի որ նրա կալանքը ներկայացնելու միջնորդություն էր ներկայացվել»:

Ըստ պաշտպանի` ՔԿՀ խցում ասել է. «Մարդը արժեք չի ներկայացնում, եւ նման ողբերգական ավարտ ունեցավ: Մարդը մեռնելու իրավունք ունի, նա հացադուլ չի հայտարարել մեռնելու համար, այլ խափանման միջոցը փոխելու համար: Բոլոր մարմիներն էլ թերացել են: Սա անտարբերության, անպատժելիության արդյունք է, եւ գտնում են, որ առնվազն ծառայողական քննություն կատարվի, եւ մեղավորները պատժվեն: Այսպես չի կարելի շարունակել, մարդը հացադուլ է հայատարրել ու վերջ, դու ես քո գլխի տերը: Ոնց ուզում ես, այնպես էլ վարվի, գնահատականի չի արժանանում» :

Քնար Մանուկյան




Լրահոս