ԼՀԿ-Ն ՄԻՇՏ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՄՐՑԱԿՑԵԼ ԲՀԿ-Ի ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:

-Պարո՛ն Բագրատյան, վերջին շրջանում շատ է խոսվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին, հատկապես սուպերվարչապետության վերացման հարցն է առաջ քաշվում: Ինչպիսի՞ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ:
-Պետք է հասկանալ, թե ինչ խնդիր ենք դնում, որ այս գործող սահմանդրությունը չի լուծում: Որեւէ փոփոխություն՝ լինի դա օրենք, լինի մայր օրենք, պետք է գնալ դրան, եթե տվյալ օրենքը չի սպասարկում հանրային շահերը: Փաստարկները, որ հանրային շահ չի սպասարկում, ես բավարար չեմ համարում: Ես նայել եմ մամուլում, տեղյակ եմ այդ քննարկումներին, բայց մենք պետք է հասկանանք, որ մայր օրենքի փոփոխությունը պետք է լինի խիստ հիմնավորված, եւ հանրային ընկալման մեջ լինի, որ նոր իրողություն է, եւ հնարավոր չէ սպասարկել հանրային նախկին սահմանադրությամբ նոր իրողությունները, այսինքն՝ հետհեղափոխական շրջանի կառավարման համակարգի գործունեությունը կամ տնտեսական գործունեությունը, բազմաթիվ բաներ՝ արդարադատությունը եւ այլն: Պետք է հասկանալ՝ որտեղ է բացթողումը կամ որտեղ է թերացումը: Միգուցե սահմանադրությունը փոխել պետք չէ, այլ սահմանադրությունում որոշակի փոփոխություններ պետք է արվեն: Պետք է մասնագիտական լուրջ քննարկում լինի, պետք է տարբեր սոցիալական խմբեր մասնակցեն այդ քննարկմանը. բարդ գործընթաց է: Սուպերվարչապետությունը պայմանական հասակացություն է: Այստեղ ի նկատի ունեն, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը վարչապետի ենթակայության տակ են: Կարծում եմ՝ որեւէ կառույց պետք է անպայման լինի խորհրդարանական վերահսկողության ներքո: Այսդեղ խնդիր կա, բայց դա պատճառ չէ սահամանադրություն փոխելու: Կարելի է տարբեր ձեւակերպումներով խնդիրը լուծել: Նույնիսկ պարտադիր չէ, որ դա նախարարություն դառնալով լուծվի: Միշտ կարելի է գտնել իրավական լուծումներ, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հաշվետու լինեն խորհրդարանին: Այդ դեպքում այն տեսակետը, որ սա սուպերվարչապետական ինստիտուտ է, չի գործի այլեւս, որովհետեւ հիմնավորումը դա է:
-Դուք դեմ քվեարկեցիք կառավարության ծրագրին: Ներկայացրել էիք 9 առաջարկ, որոնցից եւ ոչ մեկը չընդգրկվեց ծրագրում: Ի՞նչ բնույթի առաջարկներ էին:
-Մեր առաջարկությունների բնույթը եղել են մեր ծրագրային դրույթները: Բնականաբար, եթե մենք փորձենք որեւէ այլ քաղաքական ուժի ծրագրին կողմ քվեարկել, այնտեղ պետք է ներառված լինեն մեր ծրագրի կարեւորագույն կետերը: Մեզ համար այնտեղ կարեւորը ռիսկեր գնահատելն է, ներդրումային, ծրագրերի ներգարվման ակտիվ գործառույթը, ժամանակացույցը: Քանի որ այլեւս հնարավոր չէր ծրագրում փոփոխություններ անել, բնականաբար, մենք պետք է դեմ քվեարկեինք՝ համարելով, որ այդ ծրագրով հեղափոխական թռիչք չենք կարող ունենալ:
-«Լուսավոր Հայաստանի» Ձեր գործընկերներից մեկն ասաց, որ լավ կլիներ` մինչեւ ԱԺ բերելը վարչապետը հանդիպեր խմբակցություններին, առաջարկներ լսեր: Ի՞նչ կասեք:
-Դա այնքանով «Լուսավոր Հայաստանի» քննարկման նյութը չէ, ինչքանով որ կառավարման համակարգի փիլիսոփայությամբ է առաջ գնում: Պարզ տրամաբանության մեջ է. համարելով, որ 70 տոկոս վստահության քվե ունեն` իրենք իրավունք ունեն նաեւ չքննարկել: Կարծում եմ՝ սա են հաշվի առել, բայց քննարկումը վնաս չէր տա, բնականաբար: Չնայած կար ժամանակի խնդիր, եւ ժամանակի մեջ տեղավորվելու առումով հնարավոր չէր քննարկել: Բայց դա իրենց իրավունքն է:
-Սկզբում բավականին թեժ էր պայքարը «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի միջեւ: Հիմա ինչպիսի՞ հարաբերություններ ունեն խմբակցությունները:
-Մենք «Լուսավոր Հայաստանի» հետ կապված որեւէ խնդիր չունենք: Մենք քննարկում ենք կառավարության ծրագիրը: Եթե «Լուսավոր Հայաստանը» փորձում է մեզ քննադատել, բնականաբար մենք հակադարձելու ենք: Բայց մենք խնդիր չունենք, որովհետեւ յուրաքանչյուրն իր աշխատանքն է կատարում, առաջնորդվում է իր ծրագրերով եւ նպատակներով: Եվ էդտեղ հակասություն չպետք է փնտրել: Որեւէ անգամ ԲՀԿ-ն նախահարձակ չի եղել, միշտ կարծես ԼՀԿ-ն է փորձել ինչ-որ հարցերում ԲՀԿ-ի հետ մրցակցել, որի ցանկությունը մենք չունենք:
-Քանի որ քննարկվում է օրհներգի փոփոխության հարցը, այդ մասով կասե՞ք Ձեր կարծիքը:
-Դա սյուբեկտիվ մոտեցում է: Որեւէ պատգամավոր իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու: Ես անձամբ չեմ համարում, որ սա լավագույն օրհներգն է, բայց նաեւ չեմ համարում, որ սա այսօր ամենագլխավոր խնդիրն է: Այս պահին նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալ այս կարգի հարցերին, որովհետեւ առաջիկայում տնտեսության զարգացման խնդիրներ ունենք, պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք այդ հարցերի շուրջ, որ հաջողենք:
-Տնտեսական հեղափոխությունը ինչպե՞ս եք պատկերացնում:
-Պատկերացնում, որ պետք է լինեն տնտեսության որոշ ճյուղեր, որոնք կհամարվեն գերակա եւ ունեն թռիչքաձեւ զարգացում, կարողանանք ստեղծել աշխատատեղեր, կարողանանք ապահովել բարձր աշխատավարձեր, կարողանանք ունենալ բնապահպանական հանքարդյունաբերություն, կարողանանք ունենալ բարձր տեխնոլոգիաների մեջ առաջընթաց:
-Ղարաբաղյան հարցի չլուծվելը կարո՞ղ է ազդել այս ամենի վրա:
-Իհարկե: Եթե մենք ունենք պատերազմական վիճակ, մեր ռեսուրսների լուրջ հատվածը, ուզենք, թե չուզենք, պետք է ուղղենք ռազմական ծախսերին: Եթե այդ ծախսերը չլինեին, եւ այդ միջոցները ուղղվեին տնտեսության զարգացմանը, ավելի արագ զարգացում կլիներ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԱՐՅՈՒՆՈՏ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Ինչպես հայտնի է, օրերս հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցան համայնքապետի արտահերթ եւ հերթական ընտրություններ: Ակունք գյուղում գյուղապետ ընտրվեց Նիկոլայ Խաչատրյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Ակունքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել: Ձայները հաշվելուց հետո հայտարարել են, որ թեկնածուներից Նորիկ Հայրապետյանը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն է, 8 ձայնով առաջատար լինելով, արդեն գյուղապետ է: Դրանից հետո Նիկոլայ Խաչատրյանի վստահված անձինք հայտարարել են, որ սխալմունք է եղել, եւ Նիկոլայ Խաչատրյանի ձայները մի քանի ձայնով ավել են Նորայր Հայրապետյանի ստացած ձայներից: Սկսվել է վերահաշվարկ, եւ Նիկոլայ Խաչատրյանի ձայների միջից մի քանի անվավեր ձայներ են հանել, որոնք ի սկզբանե չեն եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թեկնածու Նորիկ Հայրապետյանի հետ: Վերջինս ասաց, որ դիմել է տարածքային ընտրական հանձնաժողով պահանջով, որ քվեաթերթիկները կրկին ստուգվեն` հասկանալու` ինչ թերացումներ կան: Մի քանի օր է՝ կրքերը չեն հանդարտվում: Թեկնածու Նորիկ Հայրապետյանի խոսքով՝ մի շարք չարաշահումներ կան:
«Մի տեղում կար 5 ավել ստրագրություն: Ինչքան գիտեմ, քննչական մարմինը պետք է զբաղվի նման բաներով: Հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը որոշեց, որ ստորագրությունները միանման են, ուրեմն նույն մարդն է ստորագրել, բայց դրա վերաբերյալ արձանագրություն չկար: Դա ինքնըստինքյան կոչվում է հանցագործություն: Ասացին՝ մեկն էլ շփոթմունք է: Տեղամասերից մեկում 3 ձայնի տարբերություն էր տալիս: Չգիտեմ՝ իրենք ոնց հարմարեցրին, ինչ արեցին: Ինչ-որ արյան հետքերով թերթիկ կար: Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ դրա համար իրեն դիմել են, սակայն գրանցամատյանում դրա մասին նշված չէ: Մի հատ էլ ջնջում կար: Առհասարակ, ոչ մի արձանագրություն կազմված չէ այս հարցերով: Ուրիշ տեղամասում էլ կային մարդիկ, որոնք ընտրության չէին մասնակցել, բայց իրենց դիմաց ստորագրված էր: Կային երկու հոգի, որոնք գտնվում էին ՌԴ-ում, բայց իրենց դիմաց ստորագրություն կար: 9 հոգի էլ կային, որոնք սարքով անցել են, բայց գրանցամատյանում չկան: 4 հոգի էլ կային, որ ընդհանարպես տեղամաս չէին մտել, բայց իրենց անվան դիմաց էլ ստորագրված էր: Գրված էր, թե անվավեր քվեաթերթիկների թիվը մեկն է, բայց բացելուց հետո պարզվեց, որ 3-ն են: Ըստ օրենքի՝ քվեաթերթիկները պետք է հանի եւ ցույց տա հանձնաժողովի նախագահը, բաց արել էր հանձնաժողովի անդամներից մեկը»,-մեզ հետ զրույցում ասաց թեկնածուն։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանի հետ պարզաբանում ստանալու համար։
«Մենք ճիշտ ենք վարվել։ Մի քվեաթերթիկի մասին է խոսքը, որը մենք չենք հաշվել. արյան երկու հավասար կաթիլներով թերթիկ էր։ Տեղական ընտրական հանձնաժողովը ասել է, ինքն էլ ընդունել է, որ ուղղորդում կա։ Ինքը բողոքել է, մենք էլ խախտումները բացահայտել ենք։ ՌԴ-ում գտնվող անձանց մասով էլ ասեմ, որ մարդիկ շփոթվել, սխալ են ստորագրել ուղղակի։ Քվեաթերթիկները հանելու մասով մեզ մոտ նման հարց չի արծարծվել։ Ինքը մեզ խնդրել է վերահաշվարկ իրականացնել, մենք էլ արել ենք»,-մեզ հետ զրույցում ասաց նախագահը։
Նշենք, որ թեկնածու Նորիկ Կարապետյանը պատրաստվում է բողոքարկել արդյունքները` դիմելով վարչական դատարան։

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԼԱՎ ՉԵՔ ԱՐԳԵԼԵԼ
Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովում երեկ հյուրընկալվել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը երեկ բարձրացրել է կալանավայրերում խարդախների խմբավորման թեման, երբ իրենց մոտ ունենալով արգելված իր հանդիսացող հեռախոսներ, ինտերնետ սարքեր` դրանց միջոցով խարդախությամբ քաղաքացիներից գումարներ են հափշտակում: Զեյնալյանն ասել է, թե դատապարտյալներին արգելում են հեռախոսներ ունենալ: «Բայց կան աչքաբաց դատապարտյալներ, որոնց պետք է աշխատենք զբաղմունքով ապահովել, որ իրենց էներգիան ուղղեն խաղաղ նպատակով»,- ասաց նախարարը: Թագուհի Թովմասյանն էլ հակադարձեց. «Ուրեմն լավ չեք արգելել, որ հեռախոս ունեն, ու կարող են խարդախություններ իրականացնել, շարունակում են խարդախության գործիքները կիրառել»: Զեյնալյանն ասել է, թե կալանավայրերում հեռախոսները խլացնող սարքավորումներ են պետք, ինչը կապված է գումարի հետ: Նա նշել է, թե տնտեսական հեղափոխություն իրականացնելով` հնարավոր է գտնել այդ գումարները:

 

 

«ՍԱՆԻԹԵՔԸ»` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է «Սանիթեք» ՍՊԸ-ի գործունեությանը: Եւ, ահա, տեղեկացանք, որ այս ընկերության աշխատակիցները դիմել են դատարան՝ պահանջելով ստիպել «Սանիթեք» ՍՊԸ-ին արտաժամյա աշխատանքի 2 ժամ տեւողության, չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում տրամադրել: Նման պահանջով հայց են ներկայացրել ընկերության աշխատակիցներից Լյովա Բոզիկյանը, Կարեն Համբարձումյանը, Յուրի Մուրադյանը, Գագիկ Հովհաննիսյանը եւ Տիգրան Համբարձումյանը: Ստացվում է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի աշխատակիցներին արտաժամյա աշխատեցրել են եւ գումարները չեն տվել:

 

 

ՔԻՉ Է ՄՇԱԿԵԼ
Անցած տարի գյուղացին կարտոֆիլ քիչ է մշակել ու հավաքել. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ անցած տարի ունեցել ենք 22 հազար 100 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2017-ին այն կազմել է 25 հազար 300 հա. անցած տարի գյուղացին 3200 հեկտար կարտոֆիլ քիչ է մշակել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2014 թվականից։ Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել են նվազել կարտոֆիլի ցանքատարածությունները, հետեւաբար եւ բերքատվության չափը: Օրինակ` եթե անցած տարի մեր երկում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 415 հազար 100 տոննա, ապա 2017-ին հավաքվել է 547 հազար 400 տոննա կարտոֆիլ, իսկ 2014թ.-ին` 696 հազար 100 տոննա կարտոֆիլ: Սա թերեւս մտահոգիչ է, քանի որ այս տեմպերով գնալու դեպքում ոչ միայն այս, այլեւ հաջորդ տարիներին գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ շատ քիչ զբաղվել:




Լրահոս