Քաղհասարակության ներկայացուցիչները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսված են համագործակցության մի շարք ուղղություններ, որոնցից մեկն էլ ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծումն է:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է եւ շուտով կհաստատվի: Ճանապարհային քարտեզն արդեն իսկ տրամադրվել է Եվրոպական կողմին եւ այժմ փաստաթուղթն ուսումնասիրվում է հենց ԵՄ-ի կողմից։ Եվ մինչեւ հունիսի 13-ը այն պետք է բերվի վերջնական տեսքի, որից հետո պետք է հավանության արժանանա ՀՀ-ԵՄ խորհրդի նիստում ու ընդունվի վարչապետի կողմից:

Եվ ահա, մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի ՀՀ-ԵՄ քաղահասարակության երկկողմանի պլատֆորմի վերջնական կազմը եւ ստեղծման աշխատանքներն ավարտված լինեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ադ առումով ներքինխմորումներ են առկա եւ քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են առաջարկված ձեւաչափից: Բանն այն է, որ ըստ ԵՄ կողմից ներկայացված կառուցվածքի, թե ՀՀ-ից, թե եվրոպական կողմից պլատֆորմի անդամները պետք է 9-ական լինեն` 3-ը քաղհասարակության ներկայացուցիչներ, 3-ը` արհմիությունների եւ 3-ը` գործատուների կազմակերպությունների: Եվ հենց այս հարցում է տարակարծությունը:

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են նման համամասնությամբ բաժանումից եւ գտնում են, որ քաղհասարակության ներկայացուցիչները պետք է ավելի շատ լինեն: Եվ վերջիններս դա բացատրում են այն հանգամանքով, որ արհմիությունների եւ գործատուների կազմակերպությունների հարցում Հայաստանն այնքան էլ լավ վիճակում չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չհերքեց, որ ԵՄ-ի կողմից առաջարկված նման համամասնության շուրջ իսկապես քաղհասարակության ներկայացուցիչները վերապահումներ ունեն:

«Դա իմպերատիվ պահանջ է, եւ ձեւաչափը իրենք են տվել: Չգիտենք՝ հայկական կողմիհետ կոնսուլտացիաներից հետո է այդ ձեւաչափն ընտրվել, թե Եվրամիության կողմից մոտեցում է: Խնդիրը կայանում է նրանում, որ այդ ձեւաչափը ԵՄ անդամ երկրների համար, տրամաբանական է, նրանք ունեն ե’ւ գործատուներ, ե’ւ արհմիություններ, որոնք դեր ունեն եւ քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք կայացած են», – նկատեց Սաքունցը:

Նա ֆորմալ մոտեցում համարեց նման բաժանումը` ընդգծելով, որ գործատուների կազմակերպություններն ավանդաբար գործել են իշխանության թելադրանքով, նրանց անվան տակ: «Անկախ գործատուներ չենք ունեցել: Արհմիությունները գոյություն ունեն, բայց աշխատավորների իրավունքները պաշտպանող կառույց որպեսչի գործում: Կարծես թե մենք չենք տեսել նրանց կողմից լուրջ գործողություն, եւ սա այն դեպքում, երբ լայնորեն խախտումներ են եղել աշխատողների իրավունքների առումով: Մենք ոչ թե թերագնահատում ենք, այլ չենք տեսել նրանց աշխատանքը: Սրա մասին է խոսքը», – նշեց նա` հավելելով, որ այս մասով տարբեր հանդիպումների ժամանակ բավական հարցադրումներ են եղել, սակայն վերջնական պատասխան եւ որոշում առկա չէ:

Արթուր Սաքունցի հետ զրույցում անդրադարձանք նաեւ ՀՀ-Եմ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզին, քանի որմինչեւ դրա վերջնական տեսքի բերվելը, քաղհասարակությունների ներկայացուցիչները, այդ թվում` Արթուր Սաքունցը բազմաթիվ առաջարկություններ է ներկայացրել, որոնց ճակատագիրը, սակայն հայտնի չէ: «Ճանապարհային քարտեզն ինքս եմ ներկայացրել նախորդ տարի եւս, սակայն հույս չունեինք, որ նախկին իշխանությունները հաշվի կառնեն: Սակայն մերմոտեցումները մենք հստակ ներկայացրել ենք նաեւ այս տարի`թավշյա հեղափոխությունից հետո: Երբ լինի վերջնական ճանապարհային քարտեզը, վերջնական գաղափար կկազմենք՝ ընդունվել են, թե ոչ:

Հավելենք, որ ՀՀ-ԵՄ քաղհասարակության երկկողմանի պլատֆորմի հետ կապված հայկական կողմի աշխատանքները կորդինացնում են Երեւանի մամուլի ակումբը եւ Բաց հասարակության հիմնադրամները՝ Բորիս Նավասարդյանի ու Լարիա Մինասյանի գլխավորությամբ: Եվ նրանք մինչեւ ժամկետի ավարտը պետք է հասցրած լինեն ավարտել աշխատանքները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս