Արման Մկրտումյանի տան վրա հարձակվողներից մեկը փորձում է «փրկվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան հարձակման գործով կալանավորներից մեկի հարցը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Բանն այն է, որ Հովհաննես Ռիժենկոյի պաշտպանը դիմում է բոլոր ատյանները, որպեսզի նրա խափանման միջոցը կալանավորումը փոխի եւ դատարանը նրա դիմումները մերժում է եւ հիմա գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Սակայն դատելով, թե ում տան վրա է եղել ավազակային հարձակումը, ապա պարզ է դառնում,թե ինչ որոշում կկայացնի ՀՀ վճռաբեկ դատարանը:

նկատենք, որ իրավապահներին չի հաջողվել գործը մինչեւ վերջ բացահայտել. դեռեւս հայտնի չէ , թե ով է եղել վարորդը որը ավազակային հարձակում իրակցնողներին հասցրել է դեպքի վայր: Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին` ժամը 22:00-ի սահմաններում, նրանք «BMW X5» մակնիշի մեքենայով գնացել են Արման Մկրտումյանին պատկանող, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատուն: Գագիկ Դանոյանը, Հովհաննես Ռիժենկոն եւ Մայիս Մկրտչյանը դիմակներով մտել են Մկրտումյանի տուն, իսկ ինքնությունը չպարզված անձը սպասել է ավտոմեքենայում: Հայր ու որդի Մկրտումյանները տեսանկարահանող սարքերի միջոցով տեսել են տուն մտնող անձանց եւ դուրս են եկել բակ:

Գագիկ Դանոյանը, Հովհաննես Ռիժենկոն եւ Մայիս Մկրտչյանը հարձակում են գործել Մկրտումյանների վրա. Հովհաննես Ռիժենկոն մարտական դիրքի բերված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փողն ուղղել է Արման եւ Գոռ Մկրտումյանների ուղղությամբ, սակայն Գոռ Մկրտումյանը գազային ատրճանակից կրակել է Հովհաննես Ռիժենկոյին դեմքին, ինչից հետո Արման եւ Գոռ Մկրտումյանների եւ Հովհաննես Ռիժենկոյի միջեւ ծեծկռտուք է սկսվել:

Ի վերջո, Արման եւ Գոռ Մկրտումյաններին հաջողվել է վնասազերծել Հովհաննես Ռիժենկոյին եւ վերցնել նրա ձեռքից ինքնաձիգը, ինչը տեսնելով` Գագիկ Դոնոյանը եւ Մայիս Մկրտչյանը փախել են իրենց սպասող «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Ռիժենկոյին Մկրտումյանները հանձնել են իրավապահենրին: Հայտնաբերված երեք անձինք կալանավորված են, բայց, փաստորեն, այս գործով եւս մեկը դեռ չի հայտնաբերվել:




Լրահոս