Արաբական Միացյալ Էմիրությունների հյուպատոսը գրքեր է նվիրել Լոռու մարզային գրադարանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների հյուպատոս Ահլամ Ալ Սալամին էմիրաթական մի քանի գիրք է նվիրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարության Լոռու մարզային գրադարանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն իրականացվում է 2019 թվականին ԱՄԷ-ում հայտարարված «Հանդուրժողականության տարվա» շրջանակներում:

Գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանը սկզբում հյուպատոսին ներկայացրեց գրադարանի տարբեր սենյակներ, որտեղ բացի ընթերցանությունից անցկացվում են նաև օրինակ՝ անգլերենի դասընթացներ:

«Գրադարանում ունենք ընտանեկան բաժին, այսինքն՝ ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձ կամ տարիքով բավականին մեծ տատիկ կամ պապիկ ունենալու պարագայում, զանգահարում են և մենք տուն ենք ուղարկում գիրքը»,- նշեց Հակոբյանը:

Ահլամ Ալ Սալամին նշեց, որ գիրք նվիրելու համար իրենք ընտրել են Լոռու մարզային գրադարանը, քանի որ այն հասարակության ավելի լայն շրջանակին է սպասարկում:

«Մենք ձեր գրադարանին նվիրում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների վերաբերյալ գրքեր, որպեսզի մեր պատմությունն այստեղ նույնպես ներկայացված լինի: Սա կարծում եմ համագործակցության սկիզբն է, և հետագայում մենք ավելի շատ գրքեր կուղարկենք այս գրադարանին»,- ասաց ԱՄԷ հյուպատոսը:

Հանդիպման վերջում Կարինե Հակոբյանն ու Ահլամ Ալ Սալամին նվերներով փոխանակվեցին:

ԱՄԷ հյուպատոսը էմիրաթական խուրմա նվիրեց, իսկ Լոռու մարզային գրադարանի տնօրենը՝ հաշմանդամություն ունեցող անձի ձեռքով պատրաստված հայկական տարազով տիկնիկի տեսքով բույսերով թեյ:




Լրահոս