Դատախազին տրվել է խիստ նկատողություն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել էր ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Լեւոն Կարապետյանին խարդախության համար, ավելի ուշ գրավի դիմաց վերջինիս ազատ արձակեցին, եւ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը ուղարկեցին դատարան: Ու մինչ իրավապահները կզբաղվեին ավագ դատախազի կատարած գործողությունների օրինականության հարցով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին ծառայողական քննություն է սկսել` հասկանալու համար, թե բացի ավագ դատախազ Լեւոն Կարապետյանից կան այլ անձինք, որոնք ներգրավված են եղել կամ, միգուցե, տեղյակ են եղել նրա այդ գործողություններից:

Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ծառայողական քննության արդյունքում ինչ բացահայտեցին: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Լեւոն Կարապետյանի հետ կապված դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն ավարտվել է, եւ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է դատարան: Լեւոն Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է ծառայողական քննություն, որի արդյունքում մեկ դատախազ ենթարկվել է կարգապահական տույժի` խիստ նկատողության»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս