Դիրքերից փախած թմբլիկ ասպետները հակակրանք են սերմանում կռված տղերքի հանդեպ. Դավիթ Ամալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է: Նա անդրադարձել է իր բնավորության լավ ու վատ կողմերին, նշել, որ քաղաքականության հետ որեւէ կապ չունի եւ չի էլ ուզում ունենալ, խոստովանել, որ իրեն այսօր զայրացնում են մարդիկ, որոնք փորձում են հակակրանք սերմանել կռված տղաների հանդեպ: Մենք զրուցել ենք նաեւ անձնական թեմաների շուրջ: Երգիչն, իհարկե, ափսոսում է, որ դուստր այդպես էլ չունեցավ, միեւնույն ժամանակ նշում է, որ գուցե բարին էլ դա է, քանի որ դժվարությամբ նրա ձեռքը որեւէ տղայի կտար:

-Դավի՛թ, կյանքի տեմպը պահելու համար հարկավոր է…

-Սիրել:

-Ամենայուրահատուկ նվերը, որ երբեւէ ստացել եք:

-Կյանքը:

-Դուք պատասխանատու եք միայն ո՞ւմ առաջ:

-Իմ խղճի:

-Հաճա՞խ եք փոխում Ձեր տեսակետը:

-Տեսակետը կարող է փոփոխության ենթարկվել, սկզբունքը՝ երբեք:

-Շարունակե՛ք միտքը. «Եթե մի օր զբաղվեմ քաղաքականությամբ, իմացեք, որ…»

-Կփակեմ քաղաքականության էջը:

-Աշխարհն ավելի լավը կլիներ, եթե…

-Քաղաքականություն, կրոն ու կուսակցություն չլիներ: Աշխարհը ավելի լավը կլիներ, եթե մարդիկ եսակենտրոն, ինքնասիրահարված չլինեին:

-Արեւածա՞գը, թե՞ մայրամուտն ավելի մեծ սիրով կդիմավորեիր:

-Երկուսն էլ. երկու պահերին էլ ստեղծագործել եմ, մեկի ժամանակ տրվում է ինչ-որ բանի սկիզբ, մյուսի ժամանակ՝ինչ-որ բանի ավարտ: Իհարկե, ավելի լավ է դիմավորել, քան հրաժեշտ տալ:Արեւածագը ջերմության, իսկ մայրամուտը խորհրդավորության, իմաստության խորհրդանիշ է:

-Ամենամեծ վնասը Ձեզ հասցրել է նա, ով…

-Դավաճանել է:

-Զարմանում եք, թե ինչպես ուրախությունից Ձեր սիրտը կանգ չի առել, երբ…

-Սոված ժամանակ տապակած կարտոֆիլ են հյուրասիրել (ծիծաղում է), իսկ եթե լուրջ՝ երբ զավակներիս առել եմ գիրկս…

-Ձեր մասին լսած ամենաանհեթեթ բամբասանքը:

-Որ քաղաքականության մեջ ինչ-որ մեկին եմ պաշտպանում, ասում են, թե էնինչ մարդն ինձ կաշառել է, թե էն կուսակցության կողմնակիցն եմ: Այդպիսի բան, բնականաբար, չկա:

-Ու՞մ կյանքի պատմությունն է Ձեզ համար մոտիվացնող եղել:

-Չապլինի:

-Թիվ, որը Ձեզ հաջողություն է բերում:

-Եթե իմանայի, ամբողջ օրը այդ թիվը կասեի ու հաջողության մեջ կլինեի: Սիրելի թվեր, իհարկե, ունեմ՝ 7,9,3:

-Կյանքը ժպտում է, երբ…

-Սիրում եք:

-Հաճա՞խ է պատահում, երբ կորցնում եք ինքնատիրապետումը:

-Վերջերս՝ այո, երբ տեսնում եմ դեգրադացված հասարակություն, որը պաշտում է անարժանին, իսկ արժանիին՝ փնովում: Այդ ժամանակ, իրոք, ինքնատիրապետումս կորցնում եմ: Երբեք չեմ մտածել, որ կարող է հայը հային վնաս տալ, բայց վերջերս ստեղծված ատելության մթնոլորտը, սոցցանցերում ստեղծված իրականությունը տեսնելով՝ հասկանում եմ, որ ինքս էլ ընդունակ եմ վնասելու ոմանց: Դիրքերից փախած թմբլիկ ասպետները հակակրանք են սերմանում կռված տղերքի հանդեպ:

-Կարողանո՞ւմ եք նորմալ բաշխել Ձեր դրամական միջոցները, թե՞ ամսվա վերջում միշտ պակասորդ եք ունենում:

-Դրամական միջոցներ քիչ եմ ունենում, բայց որ ունենում էլ եմ, ահավոր վատ եմ բաշխում. վատ ծախսող եմ: Տնեցիներս կշտամբում են, բայց ես չեմ փոխվում: Ես այդպիսին եմ, ի՞նչ արած, այդ պատճառով էլ պարտքերի մեջ եմ:

-Ինչի՞ համար եք ափսոսում:

-Որ պատեհ պահին ներողություն չեմ խնդրել:

-Հաջողությունն այն է, որ…

-Դա բարդ հարց է: Ես փող չունեմ, բայց սիրում եմ: Հիմա ես հաջողա՞կ եմ, թե՞ ոչ:

-Շա՞տ ընկերներ ունեք:

-Բազմաթիվ, եւ բոլորը լավն են: Երկու-երեք ընկերոջ կորուստ եմ ունեցել դավաճանության արդյունքում: Մյուս դեպքերում ընկեր չեմ կորցրել:

-Երկու որդի ունեք: Չեք ափսոսու՞մ, որ դուստր չունեք:

-Հույս ունեի, որ էլի զավակներ կունենամ, բայց, այո, երկու որդի ունեմ, մեծ որդիս 18 տարեկան է, բռնցքամարտիկ է, ծառայում է Արցախում, փոքր տղաս 16 տարեկան է, ջութակահար է: Ու երեւի լավ է, որ Աստված ինձ դուստր չի տվել, քանի որ երեւի չկարողանայի նրան կնության տալ… Ծանր կտանեի, երբ ամուսնանար: Երբ ընկերներիցս մեկն իր աղջկան ամուսնացնում է, նույնիսկ այդ ժամանակ եմ շատ տխրում:

-Սերը այցի է գալիս, երբ…

-Ապրում ես:

Աննա Բաբաջանյան




Լրահոս