Կվերացվի խնամատար ծնող դառնալու 55 տարվա սահմանափակումը․ որդեգրման կարգի կարգավորման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է կարգավորել եւ հստակեցնել երեխաների որդեգրման, որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, երեխայի խնամքի վերահսկողության եւ որդեգրմանն առնչվող գործառույթները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կվերացվի նաեւ խնամատար ծնող դառնալու 55 տարվա սահմանափակումը: Ըստ նախարարության` կապահովվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի` ապահով եւ բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը:

Մեզ հայտնի դարձավ, որ ներկայումս մեր երկրի խնամատար ընտանիքներում խնամվում են 40 երեխա: Խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների թիվը նախատեսվում է հասցնել 94-ի: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի եւ դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է ՀՀ տարբեր մարզերի 73 խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պրակտիկայում խնդիր է առաջացել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 138-րդ հոդվածի 6-րդ մասով, ըստ որի` խնամատար ծնողի եւ հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս եւ 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին: Սակայն այս սահմանափակումը խոչընդոտ է ստեղծել արդեն իսկ վերապատրաստված ծնողների, ինչպես նաեւ խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սոցապ նախարարությունը ուսումնասիրել է տարբեր երկրների խնամատարության փորձը եւ պարզել, որ միջազգային պրակտիկայում խնամատար ծնողի տարիքային սահմանափակում գոյություն չունի:

Սոցապ նախարարությունը մտադիր է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Ընտանեկան օրենսգրքում:
Այսպես, կենտրոնական նյարդային համակարգի, բնածին, ձեռքբերովի մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխայի որդեգրում թույլատրվում է այն դեպքում, երբ որդեգրողի մոտ առկա է երեխային բուժման եւ խնամքի անհրաժեշտ պայմաններով ապահովելու հնարավորությունը: Բայց այս դեպքում թույլտվության համար հիմք է կհանդիսանա ՀՀ առողջապահության եւ աշխատանքի եւ սոցիալական ոլորտի լիազոր մարմինների կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված երեխայի առողջական վիճակի մասին եզրակացությունը:

Ի դեպ, դատվածություն չունեցող քաղաքացու կողմից երեխա որդեգրելու գործընթացը կկասեցվի, եթե մինչեւ որդեգրման մասին վճռի կայացումը վերջինիս նկատմամբ հարուցվի քրեական գործ կամ կայացվի մեղադրական դատավճիռ:

Եւ ամենակարեւորը` պարզվում է, որ որդեգրման ենթակա երեխայի եւ որդեգրել ցանկացող անձի համադրման կարգի, տեղեկատվության տրամադրման եւ այլ ընթացակարգերը ընդունելու լիազորությամբ կօժտվի ՀՀ կառավարությունը: Ասել է թե` գործադիրին հնարավորություն կընձեռվի ընդունել որդեգրման համապատասխան նոր կարգը ՀՀ կառավարության որոշման ձեւաչափով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս