Աշխատավարձերի բարձրացման թնջուկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ ամբողջ լրատվական դաշտը ողողված է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման լուրերով, որոնց համաձայն` պարգեւավճարների դուրսգրման հաշվին բարձրացել են նախարարների, փոխնախարարների, քարտուղարների աշխատավարձերը, եւ նախարարինն, ըստ այդ հաշվարկների, դառնում էր 1,5 մլն դրամ։ Եվ հետաքրքիր է, որ պաշտոնյաների աշխատավարձն այդքան է արդեն մի քանի ամիս՝ մոտ ապրիլից, սակայն այսքան ժամանակ հանրությունն այդ մասին տեղյակ չէր։

Երեկ խորհրդարանում նախարարները որեւէ խնդիր չէին տեսնում, որ հանրությունը տեղյակ չէր այդ ամենից՝ արդարանալով, թե տարեվերջին հայտարարագրերի մեջ ամեն ինչ մանրամասնելու էին։ Ավելին, բոլորն էլ կողմ էին այդպիսի բարձր աշխավարձին՝ ասելով, թե ցածրի դեպքում արդյունքն այլ է։

Մի կողմ թողնելով նախարարների մեկնաբանությունները` փորձենք հասկանալ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչով է բացատրում նման կարեւոր որոշումը գաղտնի որակելը եւ հանրությունից պահելը։ Երեկ խորհրդարանում նրան այդ հարցն ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Եվ, ահա, վարչապետի խոսքից պարզ դարձավ, որ կան պաշտոնյաներ, ում աշխատավարձերը բարձրացել են, եւ պաշտոնյաներ, ում աշխատավարձերը նվազել են։ Ընդ որում, վարչապետը այդ ամենը գաղտնի չհամարեց` ասելով, թե նույնիսկ խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ է այդ մասին պարզ եղել։

Նիկոլ Փաշինյանը նախ շեշտեց, որ որոշման արդյունքում ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձերն են բարձրացել: «Ոմանցն իջել է: Եվ այս որոշման անկյունաքարային նշանակությունը հենց դրա մեջ է: Անցյալ տարի «պարգեւատրումային սկանդալ»-ի արդյունքում բազմաթիվ քննարկումներ ենքունեցել եւ արձանագրել, որ կա որոշակի անհամաչափություն: Հիմա այս որոշման արդյունքում ոմանց աշխատավարձն իջել է, ոմանցը՝ բարձրացել: Եվ խնդիր է դրվել, որնույն կարգավիճակի մարդիկ պետք է նույն աշխատավարձը ստանան»,- ասաց Փաշինյանն ու նշեց՝ իրենք համարել են, որ բավարար չափով այդ հարցը քննարկել են թե՛ ԱԺ-ում, թե՛ հանրության հետ:

Վարչապետի վստահեցմամբ՝ իրենք այդ գործընթացը կատարել են հրապարակային: «2019-ի բյուջեի քննարկումների արդյունքում լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ եթե նախկինում պարգեւատրումային ֆոնդ ունեին ընդամենը մի քանի մարմիններ, մենք հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում ենք պարգեւատրումների ֆոնդ: Եվ բյուջետային քննարկումների ժամանակ դուք բոլորդ իմացել եք դրա մասին եւ քվեարկել եք դրա օգտին»,-պատգամավորներին պարզաբանեց վարչապետը:

Նա եւս նախարարի վարձատրության գաղտնիության մասին խոսելըտեղին չհամարեց, քանի որ նախարարն ամեն տարի հայտարարագիր է լրացնում: Վարչապետի խոսքով՝ այդ հանձնարարականը գաղտնի է եղել զուտ նրա համար, որներքին աշխատանքային ընթացակարգային հարցեր է ներառել:

Փաշինյանը հիշեց, որ ԱԺ ամբիոնից «պարգեւատրումային սկանդալի» ժամանակ պաշտպանել է այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն:

Եվ, ահա, այս ամենից հետո ստացվում է, որ բյուջեի քննարկման ժամանակ ամեն ինչ պարզ է եղել, սակայն նույնիսկ պատգամավորներն ու նախարարները չեն հասկացել, եւ այս օրերին պատգամավորները եւս զարմանում էին գաղտնի որոշման հետ կապված, իսկ նախարարներն առհասարակ չէին մտածում, որ կարելի էր հարցազրույցների ընթացքում հղում անել բյուջեի քննարկումներին, եւ արդյունքում միայն արդարանում էին։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս