Հուսով եմ՝ դերասանի աշխատավարձն էլ կբարձրանա, ինչպես ուսուցչինը. Լեւս Դավթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ դերասան Լեւս Դավթյանին էկրաններին չենք տեսել: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ինչն է պատճառը: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանը պատասխանեց, որ վերջին շրջանում բավական զբաղված է թատրոնում, իսկ էկրանային հարմար առաջարկներ չի էլ ստանում. «Վերջերս կայացավ «Չարլիի մորաքույրը» ներկայացման պրեմիերան, ես եւս ընդգրկված եմ այդտեղ: Հիմա արդեն պատրաստվում ենք ամանորյա տոնական ներկայացմանը: Եթե ֆիլմերից հարմար հրավեր ստանամ, կընդունեմ»,-ասաց Լեւսը:

Հարցին, թե Թավշյա հեղափոխությունից հետո նոր Հայաստանում որքանով է կարեւոր դերասանի ցածր աշխատավարձի խնդրի լուծումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ խնդիրը միշտ էլ եղել է, բայց ես տեսնում եմ, որ մեր երկրում աշխատավարձերի առումով քաղաքականություն է փոխվել: Օրինակ՝ եթե ուսուցիչների աշխատավարձերը բարձրացան, պետք է որ դերասաններին էլ հերթը հասնի: Հույս ունեմ, որ հերթը մեզ էլ կհասնի: Իսկ եթե վերեւից սկսեն աշխատավարձերի բարձրացումը, կարող է ներքեւ չհասնեն: Կամաց-կամաց ամեն ինչ իր տեղը կընկնի: Մեծ սպասելիքներ ունեմ, լցված եմ մեծ հավատով»:

Մենք նաեւ հարցրինք՝ հինգ տարի առաջվա եւ այսօրվա հանդիսատեսը քանակական եւ որակական առումով ինչ փոփոխությունների է ենթարկվել. «Հանդիսատեսի թիվը մեծացել է, հետաքրքրությունը՝ եւս: Ինձ ասում են, որ հաճելի է, երբ բեմից գրական խոսք են լսում: «Չարլիի մորաքույրը» ներկայացման ժամանակ, օրինակ, հանդիսատեսը լիաթոք ծիծաղում է, բայց միեւնույն ժամանակ լսում է գրական խոսք: Շատերն արդարացնում են իրենց անորակ աշխատանքը՝ պատճառաբանելով, թե դա հանդիսատեսի պահանջն է, բայց այդպիսի բան չկա: Մարդկանց ինչ տաս, այն էլ կվերցնեն: Եթե լավ բան տաս, ժողովուրդը կգնահատի:

Հիմա գրական գործերի հիման վրա ֆիլմեր են նկարահանվում, ադապտացվում են այսօրվա պահանջներին, եւ տեսեք, թե հանդիսատեսն ինչ մեծ հաճույքով է դրանք նայում: Ի՞նչ է, նույն հանդիսատեսը չէ՞»,-մեկնաբանեց դերասանը:

Նա փաստեց, որ այսօր մանուկ հանդիսատեսի թիվն է բավականին մեծացել: Նրա համոզմամբ՝ թատրոն հաճախելու կուլտուրան պետք է զարգացնել շատ վաղ հասակից.«Մանուկ հանդիսատեսը շատ ավելի պահանջկոտ է, մենք տասնապատիկ պատասխանատու ենք նրա առաջ: Մեծերը որոշ բաներ կներեն, բայց երեխաները կեղծ խաղին, օրինակ, չեն հավատա»,-եզրափակեց Լեւսը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս