Եվրոպական համալսարանի պարզաբանումը Արթուր Բաղդասարյանի՝ ապօրինի ճանապարհով 5 մլն դոլարի գույք ձեռք բերելու վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական համալսարանը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է, որ ս.թ. նոյեմբերի 15-ին ԶԼՄ-ներով տարածված նյութն առ այն, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը ՀՀ պետական գույքի կառավարման որոշմամբ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող մոտ 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատներից մեկը, հակառակ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգի, անհատույց հանձնել է «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին, իրականությանը չի համապատասխանում:

«Նախ նշենք, որ Գուրգեն Սարգսյանը, որպես կապի և տրանսպորտի նախարար, պաշտոնավարել է 2008-2010թթ. ընկած ժամանակաշրջանում և բնականաբար ըստ մամուլի տեղեկատվության 2013թ.-ին ոչ միայն չէր կարող որպես նախարար նման գործարք իրականացնել, այլ նաև օրենսդրությամբ չուներ պետական գույք օտարելու որևէ իրավասություն։ Քանի որ վերոհիշյալ գույքը պատկանում է Եվրոպական համալսարանին, հարկ ենք համարում հերքել այդ տեղեկատվությունը և հայտնել հետևյալը. Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը համաձայն 2011 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՀ կառավարության N 1700-Ա որոշման, հանձնվել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին (ներկայումս` «Եվրոպական Համալսարան» հիմնադրամ) և գտնվում է վերջինիս հաշվեկշռում՝ այսինքն նշված գույքը ո՛չ օտարվել է և ո՛չ էլ վաճառվել։

Քանի որ «Եվրոպական Համալսարան» հիմնադրամը համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպություն է, իսկ վերջինիս հնարավոր լուծարման դեպքում նրա գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում։

Ավելին, Եվրոպական համալսարանը հանդիսանում է ՀՀ կառավարության որոշմամբ և մասնակցությամբ հիմնադրված և միջազգային մասնակցությամբ հանրային բուհ, հետևաբար նշված գույքը չի կարող հանդիսանալ որևէ ֆիզիկական անձի, այդ թվում՝ Արթուր Բաղդասարյանի սեփականությունը»,- ասված է պարզաբանման մեջ:

 




Լրահոս