Պաշտոնյաների ունեցվածքը «կխոշորացնի» մանրադիտակը. ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխություններ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կվերանայվի հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Այսինքն` հայտարարագրման պարտականություն կնախատեսվի նաեւ 15 000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների եւ աշխատակազմի քարտուղարների համար:

Նշենք, որ օրենքում նախկինում կատարված մի շարք փոփոխություններով այժմ հայտարարագիր են ներկայացնում շուրջ 3000 պաշտոնատար անձ: Սակայն տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնատար անձանց որոշակի շրջանակ ազատված է հայտարարագրման պարտականությունից: Խոսքը համայնքի ավագանու անդամների եւ աշխատակազմերի քարտուղարների մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն կսահմանվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երեւանի քաղաքապետի եւ ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վրա, իսկ պաշտոնյաների՝ Հայաստանում եւ արտերկրում ունեցած ֆինանսական միջոցների բացահայտումը դյուրին դարձնելու նպատակով առաջարկվում է ներմուծել պաշտոնատար անձի կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան տեղեկատվության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջ:

Լիազորագրի ձեւանմուշը սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից: Խնդիրն այն է, որ օրենքի ներկա կարգավորումներով մեծ դժվարություններ են առաջանում նաեւ պաշտոնյաների` օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններում առկա միջոցները բացահայտելիս, անձի` արտերկրում ունեցած գույքի մասին տեղեկություն ստանալիս: Շատ հաճախ պաշտոնյաներն այս տեղեկությունը չեն հայտարարագրում, իսկ այլ երկրի պետական կառավարման մարմնից տեղեկություն ստանալը խնդիրներ է առաջացնում: Բացի այս, ներկայումս գույք հայտարարագրելիս պաշտոնյաները պարտավոր են նշել գույքի գտնվելու վայրի հասցեն:

Պրակտիկան շարժվել է այն ուղղությամբ, որ պաշտոնատար անձինք հայտարարագրում են միայն ՀՀ տարածքում ունեցած գույքը: Այս խնդիրը լուծելու համար կշեշտվի գույքի գտնվելու վայրը: Այսինքն` գույքի հայտարարագրման ժամանակ հայտարարատուի վրա կդրվի պարտավորություն` ներկայացնելու նաեւ արտասահմանում գտնվող գույքի վերաբերյալ տեղեկություն:

Ի դեպ, կընդլայնվի նաեւ գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Այսինքն` պաշտոնյան պետք է ներկայացնի նաեւ անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ տեղեկություն: Կսահմանվի բանկային ավանդի եւ բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկություն ներկայացնելու պահանջ: Նաեւ կնվազեցվի օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը:

Այս նախագիծը մշակող մարմինը` Արդարադատության նախարարությունը, առաջարկում է սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները եւ ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Շատ հաճախ անհրաժեշտ է լինում ստանալ տեղեկություն նաեւ հայտարարատու պաշտոնատար անձի կողմից կատարված ծախսերի վերաբերյալ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ անօրինական ճանապարհով ստացված միջոցները հնարավոր է օգտագործել այնպիսի եղանակով, որ ստացված արդյունքները չարտացոլվեն հայտարարագրում, օրինակ` մի շարք ծառայություններից օգտվելիս, հանգստյան, ուսման համար վճարումներ կատարելիս:

Օրինակ, Ուկրանիայում հայտարարագրվում է հայտարարատուների պարտավորությունները եւ այլ ծախսերը, այդ թվում` փոխառության կամ վարկի տոկոսների մարումը, եւ այլ ծախսեր: Իսկ Վրաստանում ծախսերի հայտարարագրման առանձնահատուկ մոտեցում է դրսեւորվում:

Վրաստանի «Շահերի բախումը եւ կոռուպցիան հանրային ծառայությունում» օրենքի համաձայն` հայտարարագրման է ենթակա ցանկացած եկամուտ կամ ծախս, որը գերազանցում է 500 դոլարին համարժեք գումարը: Ծախսերի հայտարարագիր ներկայացնելու պահանջ սահմանվում է նաեւ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Լիտվայի եւ այլ երկրների օրենսդրությամբ:

Բացի այս, գործող օրենքով հստակ տարանջատված չեն փոխառությունները բանկային ավանդից, դրամական միջոցները` բանկային հաշվից: Նոր փոփոխություններով կտարանջատվեն ստացված վարկերը եւ փոխառությունները: Ներկայիս կարգավորումներով բացակայում է նաեւ բանկային հաշիվների եւ բանկային ավանդների վերաբերյալ որեւէ տեղեկություն ներկայացնելու պահանջը:

Սա նպաստում է ֆինանսական կազմակերպությունների միջոցով անարգել ստվերային ֆինանսական շրջանառություն իրականացնելուն, հետեւաբար կվերանայվի ներկայացվող այդ տեղեկատվության ցանկը: Ամենակարեւորը` գույքի հայտարարագրման շրջանակներում վերանայման կարիք ունի նաեւ օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը: Նշենք, որ ներկայիս կարգավորմամբ թանկարժեք գույքի դրամական չափը սահմանվում է 8 մլն դրամ: Այս արժեքային շեմը շատ բարձր է, ինչով պայմանավորված` հայտարարագրման ենթակա գույքի շրջանակն ընդգրկուն չէ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս