20 մլն տարեկան ընտանեկան եկամուտ, հիփոթեքով անշարժ գույք. ՔՊ-ական պատգամավորի և ԱԳՆ խորհրդական ամուսնու ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը պատգամավորական կարիերան սկսել է 2019 թվականին։ Մինչ այդ Գրիգորյանը եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգող, մարկետինգի և խթանման վարչության խորհրդական։

2022 թվականի տարեկան հայտարարագրում Գրիգորյանը որպես անշարժ գույք նշել է 2020 թվականին նվիրատվություն ստացած հողամասը և ավտոտնակը։ Անշարժ գույքերը բաժնային սեփականությամբ են, որոնք գտնվում են Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմում են 2 մլն 805 հազար դրամ։ Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 399 հազար դրամ, որից 7 մլն 876 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից, իսկ 2 մլն 522 հազար դրամը Գրիգորյանը ստացել է ՀՀ Ֆինանսների նախարարությունից, որի եկամուտի տեսակը նշված է այլ։

Երբ ներկայիս իշխանությունները գալիս էին, նրանք վանկարկում էին, որ գալիս են մերժելու խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի տեղավորումները։ Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, 2021 թվականին աշխատանքի է ընդունվել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում որպես նախարարի խորհրդական։

Հռիփսիմե Գևորգյանի՝ նվիրատվություն ստացած հողամասը և ավտոտնակը ամուսինն էլ նվիրատվություն է ստացել 2019 թվականին։
Երկուսն էլ հայտարարագրած տրանսպորտային միջոց չունեն, ստացվում է, որ կարևորը ավտոտնակ ունենալն է։ Կարապետյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 772 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 20 հազար դրամ։

Ամուսնու տարեկան եկամուտները կազմել են 9 մլն 842 հազար դրամ, որից 7 մլն 643 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, իսկ 2 մլն 199 հազար դրամը Դավիթ Կարապետյանը ստացել է ՀՀ Ֆինանսների նախարարությունից։

Նրա հայտարարագրից հասկանում ենք նաև, որ նրանք ունեն նաև հիփոթեքով ձեռք բերված կառույց։ Նրա ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 78 մլն 589 հազար դրամ, և կից նշված է, որ վարկն ամբողջությամբ օգտագործվել է Երեւանի Չարենցի փողոցի հասցեում անշարժ գույքի կառուցապատման նպատակով։

Այստեղից էլ եզրակացնում ենք, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած գումարը հիփոթեքի մայր գումարի մարման համար եկամտահարկի վերադարձի օրենքով ստացված գումարն էր։

Էմմա Միքայելյան




Լրահոս