Նոր որոշում. որքան կբարձրանա գույքահարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գույքահարկը կավելանա 2021 թվականին: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Կարախանյանի հետ:

-Պարո՛ն Կարախանյան, գույքահարկի բարձրացման մասին լուրերը խիստ անհանգստացրել են քաղաքացիներին: «Ժողովուրդ» օրաթերթը նրանցից հեռախոսազանգեր է ստանում այդ խնդրի շուրջ: Բոլորին մեկ հարց է հետաքրքրում՝իրենց համար գույքահարկի չափը բարձրանալո՞ւ է, թե՞ ոչ:

-Ես վստահ եմ, որ սա հասարակ, միջին քաղաքացու համար որեւէ էական բեռ չի ավելացնելու: Եւ այդ տեսակետից հասկանալի է, որ որոշակի խոսակցությունների, ասեկոսների հիման վրա մարդկանց մոտ անհանգստություն կա, որ ենթադրենք, չգիտեմ, մեկ կամ երկու սենյականոց բնակարաններում Երեւանի պայմաններում բնակվող մարդը մեկ էլ կարող է փաստի առաջ կանգնի: Վստահեցնում եմ, որ այդ գործիքները կան, եւ դրանք կկիրառվեն, եւ մարդիկ ինչքան որ վճարել են, դրա տարբերությունը աննշան կարող է մի քիչ ավելանալ, բայց ինչ վերաբերում է նորակառույց, բարձրարժեք գույքին, այդ դեպքում լինելու է ուրիշ ռեժիմ: ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ոչ թե գույքահարկի մասին իրավական ակտ, այլ կադաստրային արժեքը շուկայականին մոտարկելու մասին օրենքը: Այսինքն` այս օրենքը բազիսային է, որպեսզի հետագայում հարկային օրենսգրքով սահմանվի դրույքաչափ: Սա լինելու է, ըստ էության 2021 թվականի համար: Այսինքն` այն ուժի մեջ է մտնելու 2021 թվականին, եւ հետեւաբար գույքահարկը, որպես այդպիսին, եթե ինչ-որ փոփոխություն կրի, ապա դա լինելու է 2021-ին: Սա է ընդհանուր վիճակը:

-Ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, ըստ որոնց` գույքահարկը թանկանալու է մոտ 8 անգամ:

-Տեսեք, դա խոսակցություն չէ, այլ կոնկրետ օրինակ էր, որը Սարհատ Պետրոսյանը (Կադաստրի կոմիտեի նախկին նախագահը) բերեց իր ելույթներից մեկում: Ուղղակի օրինակ բերեց եւ ասաց` տեսեք, այս գույքը, որը գտնվում է Ազատության պողոտայի վրա, զբաղեցնում է այսքան հողամաս, ունի այսքան քառակուսի մետր, այս պահին իր կադասատրային արժեքը X է, բայց մեր նոր այս մեթոդաբանությունով հաշվարկելու պայմաններում կկազմի 8 X: Բայց դա շատ մեծ արժեք ունեցող գույքի մասին էր խոսքը, նորակառույցի, որն ունի շատ մեծ հողակտոր, մոտավորապես մեկ հա հողակտոր, մոտ 9000 քմ հողի վրա կառուցված եւ շքեղ առանձնատուն է, որն ունի տարբեր տեսակի պերճանքի բաղադրիչներ, եւ իր կադաստրային արժեքը 8 անգամ ավելանալու էր:

-Պարո՛ն Կարախանյան, անշարժ գույքի մաշվածության խնդիրը ներառվե՞լ է օրենքում:

-Իհարկե: Մեթոդաբանությունը, որը մեր այս օրենքի մեջ Ազգային Ժողովում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, ամեն ինչը հաշվի է առնված: Իհարկե, ե՛ւ մաշվածությունը, ե՛ւ շենքի տիպը, շատ ավելի մանրամասն, քան թե մինչեւ հիմա եղել է… ե՛ւ կոնստրուկցիաների տեսակը, թե ինչ նյութից է պատրաստված, ինչպիսի տանիք ունի, վերելակ ունի՞, թե՞ ոչ: Այսինքն` այս բոլորը գործակիցներ են, որոնք ներառվում են բանաձեւի մեջ, որով որոշվելու է նոր ձեւով հաշվարկվող կադաստրային արժեքը:

-Ճի՞շտ հասկացա` ինչքան մաշված է ու հին անշարժ գույքը, այնքան ավելի ցածր է հաշվարկվելու գույքահարկը:

-Եկեք այս փուլում հարկի մասին չխոսենք, բայց Ձեր ընդհանուր տրամաբանությունը ճիշտ է: Այսինքն` ինչքան ավելի հին է, օգտագործված է, ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ բարոյապես մաշված է գույքը, այնքան շուկայականին մոտարկված կադաստրային արժեքն ավելի ցածր է լինելու: Եւ հակառակը` ինչքան նորակառույց է, թարմ է գույքը, այնքան կադաստրային արժեքը բարձր է լինելու: Բայց դրանով հետագայում, այս կադաստրային արժեքի հիման վրա, հարկային օրենսգրքում արդեն հաշվարկվելու է դրույքաչափը հարկի, եւ արդեն գանձվելու է գույքահարկ:

-Իսկ արտադրական կամ հասարակական նշանակության գույքի հարկը ե՞ւս կբարձրանա: Ի՞նչ է սպասվելու խանութներին, առեւտրի եւ սպասարկման այլ օբյեկտներին:

-Տեսեք, այսօր էլ հասարակական եւ արտադրական նշանակության գույքն այլ կերպ է հարկվում, քան բնակելին, որովհետեւ արտադրականը բիզնես անելու համար է, իսկ բնակելին` մարդկանց սոցիալական կարիքները լուծելու: Եւ այդ տրամաբանությունը պահվելու է: Բայց այստեղ էլ որոշ նրբություններ պետք է հաշվի առնենք. եթե խոսքը 1950 թվականին կառուցված գործարանի շինության մասին է, ապա այն չի լինելու շատ թանկ, որովհետեւ գալիս ենք Ձեր ասած այն հարցին, որ հաշվարկման հիմքում դրվելու է մաշվածությունը, այսօրվա իր վիճակը, բարոյական եւ ֆիզիկական մաշվածությունը: Բայց, մյուս կողմից, մեկ այլ, շատ կարեւոր բան կա, որ հողը, որը որ, ըստ էության, կարելի է ասել, համարյա դուրս էր մնացել, այն դառնում է կարեւոր բաղադրիչ գույքահարկի ձեւավորման առումով: Եւ հետեւաբար այդ առումով կարող է վերանայվի:

-Ըստ որոշ մասնագետների` կառավարությունը, գույքահարկը բարձրացնելով, մտադիր է պետական բյուջե գումարներ լցնել: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ խնդիր է լուծվում` գույքահարկը բարձրացնելով:

-Ամեն դեպքում, գույքահարկը, ընդհանրապես հարկերը մեր կադաստրի գործառույթից դուրս են: Ճիշտ կլինի դա ճշտել ՀՀ պետական եկամուտների կոմիտեից կամ, օրինակ, Ֆինանսների նախարարությունից, որը գլոբալ դա տնօրինում է: Ես ընդհանուր գծերով ասեմ Ձեզ, բայց սա բացարձակ հիմք մի՛ ընդունեք, այլ նշածս մարմիններից փորձեք հստակ տեղեկություն ստանալ: Եկամտային հարկը համահավասարեցման տրամաբանությունով նվազեց: Դա նշանակում է, որ այդ հոդվածի գծով պետության եկամուտները, կոպիտ ասած, նվազել են: Եւ ընդհանուր սկզբունքն այնպիսին էր, որ գույքահարկը, այն էլ որոշակի առումով թիրախային, այսինքն` արժեքավոր, բարձրարժեք գույքի գույքահարկը բարձրանա: Հիմա մեր ընդունած օրենքի մեթոդաբանությունն այնպիսին է, որ այն էապես ավելի պետք է բարձրանա շուկայական ավելի բարձր արժեք ունեցող առանձնատների, նորակառույց գույքի համար:

Այսինքն` դիսբալանս կար չէ՞, իրենք անհասկանալի ցածր գնով էին իրենց գույքահարկը գեներացնում, թիրախը, ըստ էության, դա է: Եւ դրանով փակվի այդ բացը, այսինքն` եկամտային հարկի պակաս գումարը կոմպենսացվի արդեն բարձրարժեք գույքի գույքահարկի հաշվին:

-Պարո՛ն Կարախանյան, հիմա, փաստորեն, այդ հարկի դրույքաչափը որոշելու լիազորությունը տրված է կառավարությանը, Ֆինանսների նախարարությանը…

-Ոչ, ոչ, այդտեղ շփոթություն կա, որովհետեւ նման մեկնաբանություններ գնացին: Կառավարությունն իրավունք չունի դրույքաչափ որոշել, դրույքաչափը օրենքով է սահմանվելու, Հարկային օրենսգրքի փոփոխություններով ընդունվելու է: Կառավարությունը կարող է որպես նախաձեռնող առաջարկություններ ներկայացնի, Ազգային Ժողովն է ընդունելու, բայց դա լինելու է Հարկային օրենսգրքի փոփոխությունների տեսքով: Կառավարության որոշման մենք համարյա բան չթողեցինք, որովհետեւ սա էլ է օրենք, որով հաշվարկվում է նոր կադաստրային արժեքը: Կառավարությունը ընդամենը հաստատելու է այս օրենքի` ուժի մեջ պայմաններում, նկատի ունեմ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը հաշվարկելու մասին օրենքը: Կառավարությունը սահմանելու է միայն քարտեզները եւ կոորդինատները, թե որտեղ է գոտիականությունը: Ամբողջ Հայաստանը բաժանվելու է 20 գոտու, այդ գոտիների քարտեզներն ու կոորդինատները հաստատվելու են կառավարության որոշմամբ, իսկ մնացած ամեն ինչը հաստատվելու է օրենքով:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս