Մտածում եմ ամուսնանալու և դուստր ունենալու մասին. Լիլիթ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել շարք, որի շրջանակում ընթերցողի դատին է հանձնում հայտնի կանանց հետ զրույցներ: Նրանք կիսվում են իրենց փորձով, տղամարդկանց մասին տեսակետներով, կին-տղամարդ հարաբերությունների վերաբերյալ ընկալումներով: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Լիլիթ Կարապետյանն է:

-Լիլի՛թ, ինչպե՞ս անել, որպեսզի տարիների ընթացքում չկորցնել կանացիությունը: Ո՞րն է Ձեր բանաձեւը:

-Կարծում եմ՝ կանացիությունն այնպիսի հատկանիշ է, որը կա՛մ կա, կա՛մ չկա: Եզակի դեպքերում միայն կանայք աշխատում են իրենց վրա եւ ձեռք են բերում կանացիություն: Բայց որոշիչ դերը կատարում է գենետիկան: Կինն, ամեն դեպքում, առաջին հերթին պետք է ներսից գեղեցիկ լինի, ցածր խոսի: Այդ դեպքում եթե կինը նույնիսկ օգտագործում է ոչ այնքան հաճելի բառեր, դրանք այլ կերպ են հնչում, տհաճ չեն: Բայց նույնիսկ ամենահաճելի բառը եթե ասվում է տհաճ տոնայնությամբ, ականջի համար տհաճ է հնչում:

– Ձեր եղբորը կորցրել եք տարիներ առաջ, իսկ հարազատ քույր չունեք: Զգու՞մ եք քրոջ կարիք…

-Միանշանակ: Ես ամբողջ կյանքում խենթացել եմ մեծ ընտանիքների համար, մանկուց երազել եմ այդ մասին: Պապիկ չեմ տեսել, տատիկս վաղ տարիքում է կյանքից հեռացել, 9 տարեկան էի, երբ կորցրի հորս, հետո եղբորս… Այսինքն` իմ ընտանիքը, հակառակը, փոքրացավ… Մնացինք ես ու մայրս, հետո 2009-ին ծնվեց որդիս: Ես միշտ ասում էի՝ եթե ես չեմ ծնվել մեծ ընտանիքում, պետք է հարս գնամ բազմանդամ ընտանիքում: Միշտ պատկերացրել եմ, որ բոլորով ապրելու ենք մեծ սեփական տանը, ամռանը դրսում սեղան ենք գցելու եւ այլն: Բայց դա էլ չստացվեց: Այդ ամենն ինձ համար չէր… Ով երազում է մեծ ընտանիքի մասին, չի ստանում, ով չի ուզում, նրան է տրվում…

-Մայրիկի հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են: Մինչեւ հիմա կարո՞ղ եք Ձեզ թույլ տալ գլուխը դնել նրա ուսին եւ լաց լինել:

-Մինչեւ հիմա բոլոր հարցերում վերջնական «այո» կամ «ոչ» ասողը մայրս է: Ինձ դրա համար գործընկերներս ծաղրում են, բայց ես չեմ ամաչում: Մինչեւ հիմա աշխատավարձս տալիս եմ մայրիկիս: Նա երբեք չպետք է զգա, որ ես մեծացել եմ: Որ օրը նա զգաց, որ ես մեծացել եմ, ինքն իրեն ավելի մեծ կզգա:

Նա պետք է միշտ զգա, որ իմ տան «շեֆն» ինքն է: Մայրս որոշում է նույնիսկ, թե ես տեսահոլովակում ինչ զգեստ պետք է կրեմ, որքան բացվածքով… Թեպետ ես մաստը գտել եմ եւ կարողանում եմ ինչ-ինչ բաներ համոզել: Նույնիսկ ժամանակին ինձ ուզող տղաներից մեկին վանելու համար ասել եմ, որ ես մի մեծ օժիտ ունեմ, որ ուր գնամ, տանելու եմ` մայրս է (ծիծաղում է):

-Կարողանու՞մ եք Ձեր որդու համար լինել այնպիսին, ինչպիսին Ձեզ համար Ձեր մայրն է:

-Բնականաբար, ոչ, քանի որ միաժամանակ մայր եւ հայր եմ իմ որդու համար: Երբ երեկոյան աշխատանքի չեմ գնում, Կարենս շատ է ուրախանում, զգում եմ, որ կարոտում է: Ես էլ կցանկանայի ամուսին ունենալ (կապ չունի՝ երեխայիս հայրը կլիներ, թե ուրիշ մեկը), նա հոգար ֆինանսական ծախսերը, ես էլ իմ գործով զբաղվեի, տեսահոլովակներ նկարահանեի, բայց գիշերը չաշխատեի… Աշխատեի հաճույքի համար: Բայց հիմա շատ բան կա, որ չեմ կարողանում տալ որդուս: Իհարկե, դրա հետ մեկտեղ կան բաներ, որ ավելին եմ տվել, քան կարելի է պատկերացնել:

-Ամուսնության, թեկուզ քաղաքացիական ամուսնության մասին մտածու՞մ եք:

-Առաջին տարին է, որ մտածում եմ ամուսնանալու մասին: Այդ հոգեվիճակին հասա նաեւ շնորհիվ իմ «լավ գործընկերների», որոնց հետ աշխատում եմ ակումբում: Այնքան վատ բաներ տեսա, մարդկային արժեքների այնպիսի անկում, այնքան սկսեցի զարմանալ, որ հասկացա՝ պետք է լինեմ այնպիսի կարգավիճակում, որպեսզի ակումբում չաշխատեմ, եւ այդ մարդկանց ստիպված չլինեմ հանդուրժել: Ինչու՞ պետք է ես հիասթափվեմ մարդկությունից, իմ ասպարեզից…

Ես հասկացա, որ անիմաստ նյարդերս եմ քայքայում, որ ոչ ոք դրան չարժե: Թացն ու չորը խառնվել են իրար: Կողքիդ` բեմին, կանգնում են մարդիկ, որոնք նույնիսկ բեմի տակ կանգնելու իրավունք չունեն: Իրենք չունեն էլ այնքան հասկացություն, որ այդ ամենի մասին մտածեն: Միշտ ասել եմ, որ եթե ակումբում չաշխատեմ, կգժվեմ: Հիմա բոլորը զարմանում են, որ ուզում եմ հակառակը: Ես էլի կերգեմ ակումբում, բայց կես ժամանոց ծրագրով, եւ ստիպված չեմ լինի ոմանց ներկայությունը տանել:

-Եվ վերջին հարցը՝ երազու՞մ եք դուստր ունենալու մասին:

-Մինչ որդուս ծնունդը եւ, ավելին, մինչ եղբորս մահը դուստր ունենալը եղել է իմ կյանքի ամենամեծ երազանքը: Մտածել եմ` որ աղջիկ ունենամ, իմ հաջողությունների տասնապատիկը նա կունենա: Բայց եղբորս մահից հետո ես մտադրվել էի ունենալ Կարեն, որդի (Կարենը Լիլիթի հանգուցյալ եղբոր անունն է, հետագայում նա որդու անունը կնքեց հենց Կարեն): Իմ մտքին հիմա էլ կա դուստր ունենալը… Աստված առաջ, տեսնենք՝ ինչպես կստացվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս