«Լիդիան Արմենիա»-ի ֆինանսական ծախսերի մասով բացահայտումներ կլինեն․ ինչ է մանրամասնում Սերգեյ Բագրատյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Աժ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը առաջիկայում պատրաստվում է բացահայտումներ անել:

Ըստ մեր տեղեկությունների` դա վերաբերելու է «Լիդան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին. ընկերությունը պետք է շահագործեր Ամուլսար հանքավայրը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` հանձնաժողովը փաստաթղթեր է ուսումնասիրել, որտեղ, պարզվում է, ակնհայտ երեւում է, որ ընկերությունը անօգուտ արտադրական ծախսեր է իրականացրել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աժ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի հետ` պարզելու համար, թե քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ինչ փուլում են:

-Պարո՛ն Բագրատյան, Ձեր կողմից ղեկավարվող Աժ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ի՞նչ արդյունք ունի. արդեն մոտ երկու ամիս է, ինչ սկսկել եք ձեր աշխատանքները:

-Մեր հանձնաժողովը գումարել է արդեն երկու նիստ. առաջին նիստի ժամանակ մենք որոշոցինք բաժանվել խմբերի, որպեսզի կարողանանք ավելի օգտակար դարձնել մեր աշխատանքները: Այսինքն` 27 գործող մետաղական հանքավայրերը բաժանեցինք այդ հինգ խմբի միջեւ, որպեսզի սկսենք մեր ուսումնասիրություններն իրականացնել: Նախնական առաջին հնգյակից սկսել ենք, խնդիրները դրեցինք հետեւյալ կերպ` առաջնահերթ ներդրումային ծրագրերին ծանոթանալ, երկրորդը` ստուգել հստակ ներդրումները, այսինքն` կատարվել են արդյոք այդ ներդրումները ողջ ծավալով, թե ոչ, երրորդը` ճշտել այդ ներդրումների արդյունավետությունը, այսինքն` եթե որեւէ հանքարդյունաբերող լրացուցիչ ծախսեր է արել, որոնք կոնկրետ չեն ենթադրում արտադրական ծախս, չպետք է դրանք ծախսագրել ու համարել, որ ներդրում է արել:

Այսինքն` ինքը զբաղվել է այլ գործունեությամբ, ու պետք է հիմնավորել` արդյոք այդ ծախսը իրավունք ուներ անելու այդ ընկերությունը, թե դրա իրավունքն ընդհանրապես չուներ: Այսինքն` դա թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է լինելու առանձին հանքավայրերի. գիտեք, որ այստեղ այդ հարցերը խնդրահարույց էին, ու մենք փորձում ենք հասկանալ, թե որտեղ են այդ թերացումները: Եւ ամեն կերպ պետք է պարզել` արդյոք պետության վերահսկող մարմինները արդյունավետ ծավալով են աշխատել հանքարդյունաբերողների հետ: Գիտեք, որ տարիներ շարունակ անխնա հանքարդյունաբերություն է շահագործվել, հիմա մենք պետք է դադարեցնենք այդ պրակտիկան եւ բերենք այդ ամենը միջազգային ստանդարտների հանքարդյունաբերության:

-Այսինքն` Ձեր հանձնաժողովը ունի՞ հստակ փաստեր, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում ապօրինի ձեւով է գործել: Ամուլսարի հանքավայրի շահագործման հիմքե՞րը Ձեզ ստիպեցին հանքարդյունաբերության շահագործման օրինականությունները բացահայտել:

-Քանի որ հանրային հնչեղություն ստացավ Ամուլսարի հանքի շահագործման հարցը, Թեղուտի եւ պղնձամոլիբդենայինի հարցը, մենք մտածեցինք, որ պետք չէ այս խնդիրը աչքաթող անել, ու պետք է հանրությանը ներկայացնենք իրականությունը` ճիշտ ուսումնասիրություններ իրականացնելով: Այսինքն` փորձեցինք պարզել` արդյոք տեղին է հանրության անհանգստությունը, թե չափազանցված է: Մեր աշխատանքի հիմքը դա է` վեր հանել այդ ամենը, ու որ այսուհետ բոլոր հանքարդյունաբերողները հասկանան, որ իրենք այսուհետ խոշորացույցի տակ են, ու չի լինելու այն ամենաթողությունը, որ եղել է նախկինում:

-Քանի որ Ամուլսարի հանքի շահագործումը այս պահին ամենաաղմկահարույց հարցն է, առաջիկայում այս հարցում բացահայտումներ սպասվո՞ւմ են: Տեղեկություններ կան, որ ուռճացված ծախս է ներկայացրել ընկերությունը, որի փաստաթղթերը հանձնաժողովն ուսումնասիրում է: Կա՞ իրականում նման բան:

-Ունենք որոշակի տվյալներ, որոնց հավաստիությունը պետք է ստուգել: Բոլորդ էլ գիտեք, որ սա այն ոլորտն է, որտեղ ընդհանրապես պետք է խոսել փաստերով: Այն, ինչ ժողովրդավարության բանահյուսության ոլորտից է, դա պետք է ուսումնասիրել, բայց պետք է շեշտադրումը անել հստակ: Եթե «Լիդիան Արմենիան» համարում է, որ 4 հարյուր միլիարդ դրամի ներդրում է արել, մենք պետք է հասկանանք` որտեղ են արվել այդ ներդրումները եւ ինչ արդյունավետությամբ: Եթե Թեղուտի հետ կապված խնդիրներ կան, մենք պետք է հասկանանք` այդ ուղղությամբ աշխատանքները իրականացվում են, թե ոչ: Այս եւ նմանատիպ ուսումնասիրությունները պետք է իրականացնենք:

-Այսինքն` մինչեւ տարվա վերջ գոնե Ամուլսարի հետ կապված հանձնաժողովը կունենա՞ ինչ-որ բացահայտումներ:

-Ենթադրում եմ, որ այո, որոշակի առաջընթաց պետք է որ ունենանք: Մեր նախնական եզրակացության մեջ արդեն ուղղությունները կհստակեցնենք: Դեռեւս երկու նիստ ծրագրված է, որ հանձնաժողովն ունենալու է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս