Հայկական շուկան ողողվել է ռուսական խոզի մսով. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանում մսավաճառները զբաղված են ճանապարհները փակելով, կառավարությունն էլ փորձում է նրանց բացատրել, որ սպանդանոցներին ու ոլորտի կանոնակարգմանն այլընտրանք չկա, այս ընթացքում հայկական շուկան սկսել է ողողել ռուսական ծագման խոզի միսը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ համացանցում հայտարարվում է ռուսական ծագման խոզի մսի մասին, որի մեկ կիլոգրամն արժե 1400 դրամ:

Իհարկե, սա մեծածախ վաճառքի գինն է: Խոզի բդի մեկ կիլոգրամը վաճառվում է 1600 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ 1400 դրամ գին միայն նրանց համար է, որոնք 20 եւ ավելի կիլոգրամ են մտադիր գնել: Ռուսական ծագման խոզի մսի վաճառողները «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեցին, որ որակյալ եւ անվտանգ միս է` ընդգծելով, որ ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը դա վաճառելու համար:

Տեղեկացնենք, որ երեկ մսավաճառները, անասնապահները ՀՀ տարբեր մարզերում ճանապարհներ էին փակել` պահանջելով չեղարկել սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ որոշումը: Ինչպես հայտնի է, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որոշել է այս ոլորտում հունվարի 15-ից վերահսկողությունը խստացնել:

Բայց, մյուս կողմից, նկատենք, որ Հայաստանում անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է՝ անասնաբուծության ոլորտում բավականին լուրջ անկում գրանցելով: Գյուղացիների խոսքով` անասնակերի թանկացման պատճառով իրենք ստիպված են լինում մորթել անասունները եւ գումար չունենալու արդյունքում չեն կարողանում լրացնել մորթած անասունների քանակը, ինչի պատճառով էլ այսօր հանրապետությունում ե՛ւ անասնագլխաքանակն է նվազել, ե՛ւ մսամթերքը:

Ու այս իրավիճակում ամենեւին զարմանալի չէ, որ նախորդ տարվա ընթացքում պահանջարկը բավարարելու նպատակով ներքին շուկայում վաճառվում էր բելառուսական ծագում ունեցող մսամթերք:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս