Ինչպես իշխող խմբակցությունը փոշմանեց եւ ինչ ելք գտավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովը չընդունեց 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանեց, թե այս հանձնաժողովը ստեղծվելու պարագայում քննարկելու է հարցեր, որոնք իրենց լիազորությունից դուրս են:

Եվ որքան էլ քվեարկությունից առաջ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե մերժումը վատ նախադեպ կարող է լինել, սակայն, ամեն դեպքում, իշխանական խմբակցությունը գնաց հենց այդ ճանապարհով: Այսպիսով, հարցը դրվեց քվեարկության եւ 39 կողմ, 2 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց նախագիծը։

Տեղեկացնենք, սակայն, որ այս քվեարկությամբ հանձնաժողովի գործունեությունը չի դադարեցվել, քանի որ այն իրավունքի ուժով ստեղծված էր: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 7-րգ գլխի 1-ին կետը սահմանում է՝պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Իսկ հոդված երկուսն էլ սահմանում է, թե որ դեպքում է այն համարվում ստեղծված.պահանջն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելու պահից քննիչ հանձնաժողովը համարվում է ստեղծված, որի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը: Եվ, իսկապես, դիմումը ստանալուց հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, սակայն արդեն լիագումար նիստերի ժամանակ, երբ պետք է քննարկվի հանձնաժողովի թիվը սահմանելու հարցը, իշխող ուժը որոշում է, որ այն հակասահմանադրական է եւ ԱԺ լիազորություններից դուրս:

Այնինչ, սխալներ հայտնաբերելու դեպքում Արարատ Միրզոյանը պետք է այն հետ ուղարկեր խմբակցություն, այլ ոչ թե հայտարարեր ստեղծման մասին: Եվ նկատենք, որ մինչ լիագումար նիստերի մեկնարկը իմքայլական պատգամավորները եւս առանձին զրույցներում կողմ էին արտահայտվում ընդդիմադիր խմբակցության առաջարկին՝ ասելով, թե դեմ չեն քննիչ հանձնաժողովի գործունեությանը, սակայն մտքափոխվել են:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ հասկանալու համար, թե ինչ է սպասվում հիմա, երբ կա հանձնաժողովը, եւ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ այն ստեղծվում է իրավունքի ուժով, բայց անդամներ չի ունենալու: «Հանձնաժողովը ձեւավորվում է, երբ այն վերաբերում է Ազգային ժողովի իրավասություններին: Հենց սա է պատճառն այս ամբողջ քննարկման: Արդյոք Երեւանի քաղաքապետարանի հետ կապված Ազգային ժողովն ունի՞ իրավասություն»,- նշեց նա:

Վարդանյանի խոսքով՝ իսկապես այս պահին իրավունքի ուժով հանձնաժողովը ստեղծվել է, եւ կա կազուսային իրավիճակ՝ ընդգծելով, որ հետագայում այս ամենից խուսափելու ելքը նաեւ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ անելու տարբերակն է: «Եթե չկա թվակազմ, նաեւ չկա հանձնաժողով: Ունենք իրավիճակ, որ այն իրավունքի ուժող ստեղծված է, բայց նաեւ գոյություն չունի», – հավելեց նա:

Իսկ, ահա, «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհամաձայնեց այն դիտարկմանը, թե պայմանավորվածություն են խախտել՝ չքվեարկելով նախագծին՝ ընդգծելով, որ քննիչ հանձնաժողովները ձեւավորվում են իրավունքի ուժով, այլ ոչ թե իշխանական ուժի կամքով: «Այսօր մեր դեմ քվեարկելը եղել է քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելուն: Ես հասկանում եմ, որ օրենսդրական կազուս է առկա այժմ, բայց ես կասեմ նաեւ, որ այդպիսի քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության բացակայություն կա», – նշեց նա:

Իսկ, ահա, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ավելի շատ զարմացած է իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պահվածքից: «Նա մեկ օր առաջ հայտարարում է, թե դեմ են քվեարկելու, իսկ երեկ էլ ասաց, թե պարզապես չեն մասնակցելու քվեարկությանը: Երեւի թե Հայկ Մարությանը խնդրել է, ասել է՝ տղե՛րք եւ աղջիկնե՛ր, պրոբլեմներ ունեմ, ախպեր, եթե էս հանձնաժողովը ստեղծվեց, ես պրոբլեմ եմ ունենալու», – նշեց նա:

Իսկ, ահա, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս զարմացավ, որ իշխանական խմբակցությունը դեմ քվեարկեց, մանավանդ որ այդ հանձնաժողովում իրենք մեծամասնություն էին լինելու:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին էլ այդ հարցին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԱԺ-ն քննիչ հանձնաժողով կարող է ձեւավորել իրենց լիազորությունների շրջանակներում: Այդ իրավիճակում մենք ինֆորմացիան ընդունել ենք ի գիտություն, եւ քաղաքական որոշումը եղել է այն, որ պետք է գնանք իրավական ճանապարհով», – նշեց նա:

Հետաքրքիր է, որ նախօրեին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչության նիստի հիմնական թեման եղել է երեկ խորհրդարանում տեղի ունեցած կառավարության հետ հարցուպատասխանը, ինչպես նաեւ քաղաքապետ Մարությանին սատարելու հարցը: Մասնավորապես, հստակ գծվել եւ քննարկվել է, թե ինչպիսի հարցեր պետք է հնչեն այսօր, եւ ավելին՝ թե ովքեր պետք է տան այդ հարցերը:

Եվ ամենեւին պատահական չէ, որ երեկ առավոտյան արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերում հայտարարեց, թե կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հնչելու է հարց նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մասին, եւ ինքը հանգամանալից կանդրադառնա: Իսկ, ահա, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ երեկ մսավաճառներին խոստացել էր, որ սպանդանոցների հարցը եւս իմքայլական պատգամավորները կուղղեն վարչապետին:

Այս ամենից զատ մենք տեղեկացանք, որ նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ քննիչ հանձնաժողովի հարցին, եւ մարտավարություն է փոխվել:

Իհարկե, այս փոփոխությունից, ըստ էության, ոչինչ չփոխվեց, եւ նախագիծը տապալվեց, սակայն այդպիսի որոշում կայացվել է հենց ՔՊ վարչության նիստի ժամանակ: Մենք տեղեկացանք, որ, ամեն դեպքում, իշխող ուժի ներսում մտահոգություններ են եղել հնարավոր բացահայտումների հետ կապված, եւ այսպես փորձեցին կանխել դրանք: Այսպիսով, փաստացի այժմ իրավական կազուս է. hանձնաժողովը կա, անդամները՝ ոչ: Իսկ օգտվողը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն է, որի ղեկավարած հիմնարկի ստացած կամազների հարցը ԱԺ-ում քննության առարկա չի դառնա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս