ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԵԾ ՇՈՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արդեն կայացել են «Միքս ֆայթի» մի քանի մրցաշարեր: Այս մրցաշարի՝ Հայաստանում անցկացնելը մեծ ձեռքբերում էր հայկական սպորտի համար: Խառը մենամարտերի այս մրցաշարը կարծես եկավ Հայաստան՝ հագեցնելու հայ երկրպագուների ծարավը: «Միքս ֆայթ» մրցաշարերի կազմակերպիչ Վարդան Մնացականյանը հայ երկրպագուների համար նոր անակնկալ ունի. փետրվարի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան «Մարզահամերգային» համալիրում կկայանա իսկական մեծ շոու՝ Հայաստանն ընդդեմ Չինաստանի: Այդ երեկո կկայանա 10-ը մենամարտ, եւ կորոշվի երկու պետություններից ուժեղագույնը. «Մենք համագործակցում ենք չինական WLF հայտնի կազմակերպության հետ: Այս մրցաշարին ամեն մարտիկ չէ, որ կարող է մասնակցել, այստեղ հավաքվում են միայն ուժեղագույնները: Բոլոր մենամարտերն էլ կարեւոր են լինելու, իսկ հավասար հաղթանակների դեպքում կգրանցվի ոչ-ոքի»,- ասել է Վարդան Մնացականյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:

«Միքս ֆայթը» իր գրանցած հաջողություններով պատճառ դարձավ արդեն այս մրցաշարի կայացմանը: Վարդան Մնացականյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ մրցաշարի կարեւորության, ինչպես նաեւ նման «երեկոների» շարունակական լինելուն. «Սա անչափ կարեւոր մրցաշար է Հայաստանի համար: Կարծում եմ, որ սա նոր ձեռքբերում է, եւ փետրվարի 22-ին կայանալիք մրցաշարը միակը չի լինելու: Ամեն ինչ կանենք, որ այսպիսի երեկոները շարունակական լինեն: Կարող եմ ասել նաեւ, որ լավ մենամարտով աչքի ընկնողները հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձել նաեւ Չինաստանում սպասվող այլ մրցաշարերում»:
Հայաստանը այս կարեւոր մրցաշարում ներկայացնելու են հետեւյալ 10-ը մարտիկները՝ Ալբերտ Ամիրջանյան, Գոռ Սարգսյան, Դավիթ Անդրեասյան,Միհրան Ենոքյան, Էդգար Մելքոնյան, Սերգեյ Պողոսյան, Լեւոն Հակոբյան, Հրաչ Համբարձումյան, Հրաչ Մարգարյան եւ Դավիթ Հայրապետյան: Նրանք մենամարտելու են K-1 ոճում:
Բացի վերը նշված 10-ը մենամարտերից, կկայանան եւս 3 մենամարտեր արդեն MMA ոճում, որտեղ Հայաստանը կներկայացնեն Արման Սահակյանը, Կարինե Գեւորգյանն ու Նաիրի Մելիքյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արման Սահակյանի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձել է մրցաշարին, ինչպես նաեւ խոսել իր մրցակից Սոսո Քոչիշվիլիի մասին. «Մեծ մրցաշար է սպասվում Հայաստանին: Կարծում եմ՝ այս փետրվարի 22-ին կայանալիք մենամարտերի շոուն կնպաստի խառը մենամարտերի զարգացմանը Հայաստանում: Սա բացառիկ հնարավորություն է. մտածում ենք՝ հենց այս մրցաշարի շնորհիվ էլ Հայաստանը կարող է ճանաչում ձեռք բերել աշխարհում նաեւ այս բնագավառում: Իմ մրցակիցը շատ ուժեղ է եւ հայտնի, միայն լավը կարող եմ ասել նրա մասին: Ամեն ինչ կանեմ հաղթանակի հասնելու համար, տրամադրված եմ մենամարտին եւ գնալու եմ հերթական հաղթանակիս հետեւից: Մրցաշարում լավ մենամարտողները նաեւ հնարավորություն կստանան Չինաստանում կայանալիք մենամարտերին մասնակցելու, այդ ուղղությամբ նույնպես մտածում եմ եւ այդ փաստ եւս շատ եմ կարեւորում»,-ասել է Արման Սահակյանը:
Մարզահամերգային համալիրում կայանալիք մրցաշարի մուտքը ազատ է լինելու: Այս մասին փաստեց «Միքս Ֆայթ» մրցաշարերի կազմակերպիչ Վարդան Մնացականյանը. «Ամենագլխավոր անակնկալներից մեկն այն է, որ մուտքը ազատ է լինելու, եւ երկրպագուները հնարավորություն կունենան անվճար հետեւելու մենամարտերին: Մենք կարողացանք շատ կարեւոր համագործակցության հասնել չինական հզոր կազմակերպություններից մեկի հետ, եւ հիմա ժամանակն է, որ աշխարհին ապացուցենք՝ ինչ հզոր մարտիկներ ունենք, որոնք կարող են լուրջ նվաճումների հասնել յուրաքանչյուր մրցաշարում: Դեռեւս չեմ կարող ասել՝ որպես հյուր ովքեր են ժամանելու Հայաստան, այդ առիթով բանակցություններ եւս ընթանում են, բայց չեմ ցանկանա մանրամասնել, քանի որ ոչինչ առայժմ պարզ չէ»:
Հիշեցնենք, որ Հայաստանում կայացած վերջին «Միքս ֆայթ» մրցաշարի ընթացքում գլխավոր՝ ISKA INTERCONTINENTAL գոտուն կարողացավ տիրանալ հայազգի Միհրան Ենոքյանը՝ հաղթելով ազգությամբ չեչեն Մաիրբեկ Մեդիեւին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԴԵՌ ԾՆՈՒՆԴՆԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Մարալիկի ծննդատան հետագա գործունեության հետ կապված՝ մարզպետարանում քննարկումներ են ընթանում: Այս մասին ասել է Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ԺՊ Վռամ Մելիքյանը: Վերջինս նշել է, որ չնայած ծննդատունը փակելու հրամանին՝ այն միշտ շարունակել է իր գործունեությունը. «Թեպետ հունվարի մեկից ծննդատան ֆինանսավորումը դադարեցվել է, սակայն այն շարունակում է ծնունդներ ընդունել, երեկ չէ առաջին օրը ծնունդ են ընդունել: Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի: Քննարկումներ են ընթանում, տեսնենք, թե ինչ է լինում: Մեզ ժամանակ են տվել, որ այդ հարցերը կազմակերպենք, գործիքների, ծնելիության հետ կապված խնդիրները լուծենք»: Այն հարցին՝ նախարարությունն առանց որեւէ աջակցություն ցուցաբերելու ծննդատան վրա է թողել տեխնիկայի խնդիրների լուծման հարցը, նա ասել է. «Այո, այս պահի դրությամբ քննարկում ենք, թե ինչ հարցերի շուրջ եւ ինչպես կարող ենք այդ բացերը լրացնել»:

 

 

 

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՁՅՈՒՆ
Հանրապետության տարածքում հունվարի 19-ի ցերեկը, 17-ի եւ 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 17-ի եւ 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 17-ին գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 17-ի եւ 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն, 17-ի եւ 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Հունվարի 15-ին շրջանառությունից հանվել է սպանդանոցում մորթի սերտիֆիկատ չունեցող միսը: N5 ձեւ չունեցող միսը կհանվի շրջանառությունից: Կսահմանվեն նաեւ պատժիչ միջոցներ այս պահանջը չկատարելու դեպքում: Բակային մորթը կթույլատրվի միայն կրոնական ծեսերի եւ անձնական օգտագործման համար: Անասնապահները որոշեցին, որ Երեւան միս չեն մատակարարի, նրանք պահանջում են կառուցել սպանդանոցներ: Նրանք հայտնեցին, որ բողոքները շարունակական են լինելու. մինչեւ առավոտյան ժամը տասը կսպասեն կառավարության պատասխանին, իսկ եթե պատասխան չստանան իրենց խնդրիների լուծման վերաբերյալ, ապա կշարունակեն բողոքի ակցիաները: Սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանն այս պահին քննարկում է իրականացնում կառավարությունում, որից հետո առաջարկ կներկայացնեն անասնապահներին: Վերջիններս նշել են, որ եթե կառավարությունը հետ չկանգնի իր որոշումից, կա՛մ ոչ մեկը մորթ չի անի, եւ կդադարեցվի Երեւան մսի մատակարարումը, կա՛մ էլ կաշխատեն, ինչպես նախկինում: Այս պահին ակցիայի մասնակիցները դեռ կառավարության դիմաց են եւ նշում են, որ ցանկալի պատասխան չստանալու դեպքում ավելի մարդաշատ ակցիա կիրականացնեն նաեւ վաղը: Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում անասուն ունեցող գյուղատնտեսները, որոնք նշում են, որ կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում: «Կառավարությունը որոշում է կայացրել, որ սպանդանոցներում պետք է լինեն բոլոր գործողությունները, բայց կառավարությունը տեղյա՞կ է՝ ինչ է կատարվում սպանդանոցներում»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը, մեկ այլ մասնակից էլ հավելեց, թե կառավարության որոշումը ստիպում է, որ վերջ տան անասուն պահելուն: Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց՝ հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոնների տպավորիչ քանակի տակ: Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք»,- եզրափակել է վարչապետը:




Լրահոս