Ինչո՞ւ Արագածոտնի փոխմարզպետը հրաժարական տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը հայտնել է, թե հրաժարվում է զբաղեցրած պաշտոնից:

«Փետրվարի 12-ից հրաժարվում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իմ իսկ ցանկությամբ՝ այլ աշխատանքի անցնելու հանգամանքով պայմանավորված: Որպես մարզի բնակիչ՝ քաջատեղյակ եմ եղել մարզի խնդիրներին, փորձել եմ լսել բոլորին, հնարավորության սահմանում լուծել հուզող հարցերը: Շատ ու շատ խնդիրներ միասին հաղթահարել ենք, բնականաբար շատ հարցերի լուծումն էլ անկատար է մնացել, որի համար հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը…»,- գրել է Գառնիկ Աթանեսյանը:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ վերջին շրջանում Գառնիկ Աթանեսյանը բավականին լարված հարաբերություններ է ունեցել մարզպետ Դավիթ Գևորգյանի հետ, և հենց դա է եղել ազատման հիմնական պատճառներից մեկը:

ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց Գառնիկ Աթանեսյանին, ով կտրականապես հերքեց լուրը:

«Ես իմ ստատուսում գրել եմ, որ ազատվել եմ աշխատանքից իմ ցանկությամբ, քանի որ տեղափոխվելու եմ այլ աշխատանքի, որի մասին մոտ օրերս կտեղեկանաք: Մարզպետարանի բոլոր աշխատակիցների հետ ունեցել եմ լավ հարաբերություններ, իսկ Դավիթ Գևորգյանն իմ քաղաքական թիմի անդամն է, և անձնական հարաբերություններում իմ ընկերն է»,- ընդգծեց Գառնիկ Աթանեսյանը:

Հ.Գ. Ի դեպ, մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել այն մասին, որ Գառնիկ Աթանեսյանը լարված հարաբերություններ է ունեցել նաև նախկին վերադասի՝ ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանի հետ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս