Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին Ջաջուռ գյուղում (այժմ` ՀՀ Շիրակի մարզում): Մինաս Ավետիսյանը 1947–52թթ. սովորել է Երևանի գեղարվեստական ուսումնարանում, 1952–54թթ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1960թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը:

Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ է: Ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:

Հանրահայտ են Ավետիսյանի «Տարվա եղանակները» (1960-63թթ.), «Իմ ծնողները» (1962թ.), «Հանդիպում» (1965թ.), «Հորս դիմանկարը» (1965թ.), «Շեմին» (1967թ.) և այլ գործեր:

Մինաս Ավետիսյանն ստեղծել է հայ ժողովրդի անցյալն ու ներկան արտացոլող՝ «Տեր Զորի ճանապարհին» (1964թ.), «Գաղթ» (1965-67թթ.), հայկական գյուղաշխարհը պատկերող՝ «Ջուլհակուհիներ» (1958թ.), «Տերևներ հավաքողները» (1960թ.), «Ջաջուռ» (1960թ.), «Հաց են թխում» (1963թ.), «Խնոցի են հարում» (1964թ.) և այլ կտավներ:

Նա պատկերները կառուցել է գունային ցայտուն հակադրությամբ, արտահայտել լուսավոր, քնարական տրամադրություններ՝ երբեմն ողբերգական շեշտերով («Ինքնանկար փշով» (1967թ.), «Խաչելություն», (1975թ.)):

Ավետիսյանը շարունակել և ստեղծագործաբար զարգացրել է նաև հայ մանրանկարչության ավանդները: Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինասի ստեղծած հրաշալի որմնանկարները: 1962թ. Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է մի շարք բալետներ:

Բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում:

1972թ. հրդեհվել է նրա արվեստանոցը, այրվել է 100-ից ավելի նկար: Մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում քաղաքի ռմբակոծության հետևանքով, 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից վնասվել են Գյումրիում ստեղծած նրա որմնանկարները, որոնք 2008թ.-ին տեղափոխվել են Ջաջուռ՝ նկարչի տուն-թանգարան (հիմնադրվել է 1982թ.-ին):

Մինաս Ավետիսյանը մահացել է առեղծվածային ավտովթարից, որի մանրամասները մինչ այսօր պարզված չեն: Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի մի շարք թանգարաններում: 1977թ. Երևանում բացվել է նրա արվեստանոց-թանգարանը:




Լրահոս