ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը ջարդերով արձագանքեց ԼՂԻՄ-ի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին:
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակին: 32 տարի առաջ Ադրբեջանը հայերի շրջանում զանգվածային բռնություններով ու ջարդերով արձագանքեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին: Մենք մեր տուրքն ենք մատուցում նրանց հիշատակի առաջ՝ նման հանցագործությունների կանխման հաստատակամությամբ»,- գրել է Փաշինյանը:
1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։ Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։