ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԲՈԼՈՐԻՆ ԷԼ ՄՐՑԱԿԻՑ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սպասվում են խորհրդարանական եւ նախագահի ընտրություններ: Արդեն մի քանի օր է՝ Արցախում ընթանում է համապետական ընտրությունների քարոզչությունը: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւս առաջադրվել է Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու համար ու, կարելի է ասել, ակտիվ քարոզչություն է իրականացնում այս օրերին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է Ա. Հարությանյանի հետ՝ պարզելու նաեւ այն հարցը, թե արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ ինքը ընտրությունների ֆավորիտն է:

-Պարո՛ն Հարությունյան, Արցախում արդեն սկսել եք ընտրությունների հետ կապված քարոզչություն իրականացնել: Ո՞ր փուլում եք, ի՞նչ հանդիպումներ եք ունեցել:
-Արդեն երեք օր է՝ հանդիպումներ եմ ունենում, ընդհանուր գոհ եմ հանդիպումներից, իհարկե, ժողովրդի սպասելիքները շատ մեծ են, ավելի շատ մարդկանց հետաքրքրում են իմ ծրագրերը ու որքանով են իրատեսական այդ ծրագրերը: Երկրորդ՝ իհարկե, մեր երկրի անվտանգությունն է հետաքրքրում, որով շատ մտահոգված են, քաղաքական խնդիրները՝ ինչպես ենք տեսնում Արցախի խնդրի լուծումները, նամանավանդ՝ ես այժմ գտնվում եմ Քաշաթաղի հարավային թեւում, եւ քաշաթաղցիներին ամենաշատը դա է հետաքրքրում, այսինքն՝ ինչ ճակատագիր է սպասվում իրենց:
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախյան հարցի լուծումը, ի՞նչ եք պատասխանում քաշաթաղցիներին:
-Մենք խոսում ենք Քաշաթաղի հարավային թեւի զարգացման մասին՝ ենթակառուցվածների, ճանապարհների ասֆալտապատման, ջրամատակարարման, այգիներ տնկելու, այգեգործության զարգացման մասին, այսինքն՝ դրանք ծրագրեր են, որոնք տասնամյակների կամ հարյուրամյակների մասով ենք մշակում: Դրա համար իրենք հասկանում են, թե մենք ինչ քաղաքական կուրս ենք ընտրել:
-Ձեր հանդիպումները մարդաշա՞տ են լինում, արդյոք գալի՞ս են հանդիպումների:
-Գոհ եմ հանդիպումներից, իհարկե, մարդաշատ են, ես հանդիպումները սկսում եմ առավոտյան 9-ից, մինչեւ իրիկունը 7-ը հանդիպումներ եմ ունենում: Քանի որ առաջին անգամ չէ, որ քարոզարշավ եմ անցկացնում, կարող եմ ասել՝ ամենաակտիվ, ամենալավ քարոզարշավն է, որ իրականացնում եմ: Ես քարոզարշավը սկսել եմ իմ հայրենական գյուղից, բայց առաջինը այցելել եմ զոհվածների հարազատների միության գրասենյակ, հետո անհետ կորածների գրասենյակ, հետո մեր գյուղ, որը մի քանի հարյուր տարվա պատմություն ունի: Ու ամենահետաքրքիրն այն է, որ մեր գյուղում տուն ունենք, որը ավելի հին է, քան Ադրբեջան պետությունը: Ես բոլոր գյուղերում լինելու եմ քարոզարշավի ընթացում, ավելի քան 230 գյուղերում լինելու եմ, այսինքն՝ 99-98 տոկոս Արցախի գրեթե բոլոր գյուղերում լինելու եմ:
-Եթե ընտրվեք Արցախի նախագահ, ո՞րն է լինելու Ձեզ համար առանցքային հարցը, որին պատրաստվում եք լուծում տալ՝ այն համարելով առաջնային արցախցու համար:
-Առողջապահությունը եւ բնակարաշինությունը. այդ երկու հարցը լարվածություն է բերում Արցախում, քանի որ մարդիկ տուն չունեն ապրելու, իսկ առողջապահական համակարգը այնպիսի բարեփոխման մոդել ենք ներդնելու, որպեսզի այն դառնա մատչելի ու որակյալ:
-Պարո՛ն Հարությունյան, տեւական ժամանակ է՝ նշվում է, որ, ընտրությունների հետ կապված, Արցախում լարվածություն կա, պայքար կա, որի պատճառով անառողջ մթնելորտ կա Արցախում: Դուք նկատո՞ւմ եք այդ լարվածությունը, իրականում կա՞ նման բան:
-Մամուլում ավելի շատ է այդ լարվածությունը, քան իրականում քարոզարշավի ժամանակ ժողովրդի մեջ: Լարվածություն չկա, հավատացե՛ք: Շատ հանգիստ, շատ համերաշխ վիճակ է, նորմալ քարոզչություն է ընթանում, նախընտրական վիճակ է, ամեն մի թեկնածու իր քարոզչությունն է իրականացնում: Կրկնում եմ, որ դա ավելի շատ մամուլում է գրվում, տարածվում, քան կա իրականում:
-Իսկ ո՞ւմ եք Ձեզ մրցակից համարում նախագահի թեկնածուներից, ո՞ւմ շանսերն եք համարում շատ, ո՞վ է Ձեզ համար ավելի առաջատար դիրքերում:
-Ես բոլորին եմ հարգում, բոլորն էլ ինձ համար մրցակից են:
-Նախագահի թեկնածուներից ով որ հաղթի ընտրություններին, պատրա՞ստ եք աջակցել նրան, շնորհավորել հաղթանակի համար:
-Միանշանակ, առանց քննարկելու, եւ պատրաստ եմ լինելու ծառայելու մեր երկրին: Համոզված եմ, որ ժողովրդի վստահության քվեն մերն է լինելու, բայց եթե չէ, ապա պատրաստ եմ լինելու ծառայել առողջ, կառուցողական ընդդիմության կարգավիճակում:
-Տեսակետ կա, որ Դուք Արցախում ֆավորիտ թեկնածու եք, ու, կարելի է ասել, արդեն հստակ է, որ Դուք եք նախագահելու Արցախը. Դուք համակարծի՞ք եք այդ տեսակետի հետ:
-Որոշողը ժողովուրդն է լինելու, բայց ես այս պահին իսկապես ժողովրդի մեծ աջակցությունը տեսնում եմ, հենց ամսի 26-ին կազմակերպված մեր մոմավառությունը դրա վառ ապացույցն էր: Մեր հաշվարկներով՝ 10 հազարից ավել մարդ մեր համախոհներից հիմնականում մասնակցել է այդ ակցիային:
-ՀՀ իշխանություններից ի՞նչ ակնկալիք ունեք, արդյոք կարծո՞ւմ եք, որ իրենք պետք է հայտարարեն, թե որ թեկնածուին են սատարում ընտրություններում:
-Հայաստանի իշխանություններից հետագայում մեծ ակնկալիք ունեմ, որպեսզի միասին աջակցենք, կառուցենք մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը: Փոխադարձ, ձեռք ձեռքի տված՝ պետք է շենացնենք մեր հայրենիքը:

 

 

 

ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶ ԿԱՆԵՆ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՏՈ ԿՄԻԱՆԱ

Չնայած այն հանգամանքին, որ դեռեւս փետրվարի 17-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, բայց մարտի 2-ին՝ երկուշաբթի օրը միայն հայրենի իշխանության ներկայացուցիչները կսկսեն իրենց քարոզչությունն իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 10-ին պլանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզչության մեկնարկը, որը նախատեսված է սկսել Սյունիքի մարզից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 2-ին պլանավորված է, որ քարոզչություն կսկսեն իրականացնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, մարզպետները, այն անձինք, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են: Այսինքն՝ իշխանությունները պլանավորել են առաջիկա ողջ շաբաթը քարոզչությունը թողնել անհատների հույսին, իսկ արդեն մյուս շաբաթ ավելի ակտիվ քարոզչություն իրականացնել ՀՀ վարչապետի գլխավորությամբ: Մեր տեղեկությունների համաձայն՝ իմքայլականներին եւ ՔՊ-ականներին հանձնարարված է այս ընթացքում լավ պատրաստվել քարոզչությանը, շտաբները վերազինել, կազմակերպել այնպես, որպեսզի Երեւանի շրջաններում հանդիպումները կայանան բարձր մակարդակով ու, ամենակարեւորը, մարդաշատ լինեն:
Անհասկանալի է այն իրավիճակը, թե հայրենի օրենսդիրները ինչպես են զուգահեռելու իրենց օրենսդիրի աշխատանքը քարոզչության հետ, քանի որ արդեն տեղեկացրել ենք, որ եկող շաբաթ մեկնարկում է նաեւ Աժ հերթական նստաշրջանը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա Սյունիքի մարզից տեղեկացանք, որ այս պահին պլանավորումներ են իրականացվում՝ մարտի 10-ին մեկնարկող քարոզչության հետ կապված: Դեռեւս ծրագրեր են մշակվում, միայն հայտնի է այն, որ Փաշինյանը քարոզչությունը իրականացնելու է Մեղրի քաղաքից, այնուհետեւ շրջելու է ողջ Սյունիքի մարզում: Նշվում է նաեւ, որ նախատեսված է, թե այդ ժամանակահատվածում վարչապետը արձակուրդ է վերցնելու, որպեսզի մի քանի օր շարունակ անցկացնի Սյունիքի մարզում ու ակտիվ քարոզչություն իրականացնի: Ստացվում է, որ իշխանությունները իրենց ակտիվ քարոզչությունը սկսելու են մարտի 10-ից, երբ փողոց դուրս կգա Նիկոլ Փաշինյանը, իսկ այս ընթացքում ինչ կհաջողվի անել իմքայլական պատգամավորներին եւ ՔՊ-ականներին՝ դժվար է ասել, քանի որ շատ պատգամավորների հանրությունը չի ճանաչում, ու դժվար կլինի հասարակությանը համոզել մի հարցում, որը դեռեւս շատ իմքայլականների համար է անհասկանալի:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս