ԻՐԱՎԱԿԱՆ «ԲԵՍՊՐԻԴԵԼ». ԱՊՕՐԻՆԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թ. նոյեմբերի 22-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ բացահայտվել են օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր: Ապօրինի որդեգրման գործով մեղադրանք առաջադրվեց մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին եւ Արշակ Ջերջերյանին։

Փետրվարի 28-ին մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթը Լիանա Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին զրուցեց վերջինիս որդու՝ Դավիթ Սահակյանի հետ
-Պարո՛ն Սահակյան, Ձեր մայրիկը ընդունո՞ւմ է այն մեղադրանքը, որ իրեն առաջադրվել է, եւ, առհասարակ, որպես «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ ի՞նչ կապ ունի նա ապօրինի որդեգրման դեպքի հետ:
-Որեւէ մանկատուն որեւէ դերակատարություն չունի որդեգրման մեջ: Մանկատները կոչված են իրականացնելու ծնողազուրկ երեխաների խնամքը, բուժօգնությունը, դաստիարակությունը, կրթությունը: Մորս մեղադրում են երեխային ծնողից ապօրինի բաժանելու մեջ, այնինչ երեխաները մանկատուն են գնում արդեն իսկ ծնողից բաժանված, երբ ծնողը կա՛մ հայտնի չէ, կա՛մ կամավոր հրաժարվել է իր երեխայից: Ընդ որում, մորս մեղադրանքը կառուցված է սուտ ցուցմունքի վրա: Կեղծ, շինծու հիմքով մեղադրանք է առաջադրվել: Սկզբում մտածում էի, թե խնդիրը քննիչների անփորձությունն է կամ փնթիությունը, բայց հետո համոզվեցի, որ գործ ունենք քննիչների արժեհամակարգային տկարության հետ:
Ես եկել եմ այն եզրակացության, որ գործ ունենք զորեղ մի երեւույթի, մի կետից ղեկավարվող մեքենայի հետ, որի համեմատ՝ մեկ մարդու հնարավորությունները շատ համեստ են :Բայց դա ի զորու չի կոտրելու մեր հաստատակամությունը: Մենք կռիվ ենք տալու, մինչեւ արդարությունը հաղթի: Պատկերացրեք, կառավարության նիստում, չգիտես՝ որ իրավունքով, քննվում է կոնկրետ քրեական գործ, էմոցիոնալ գնահատականներ են տրվում, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը սխալ տեղեկատվություն է տալիս այս շինծու գործի մասին: Սուտը կայծակնային արագությամբ տարածվում է՝ ծանր էմոցիոնալ ֆոն ստեղծելով հասարակության տարբեր շերտերում: Մեր երեխաներին տարան կերան, օրգանները վաճառեցին: Մարդկանց զբաղեցնելու ի՞նչ վատ թեմա է: Սուտը, կեղծիքը, զրպարտությունը, սուտ մատնությունը կարող են հաղթել քննչականում, դատախազությունում, դատարանում, բայց չեն կարող հաղթել ժամանակին: 40 օր պետք կլինի, թե 40 շաբաթ, ճիշտը հաղթելու է:
-Քննչական կոմիտեի նախագահի ի՞նչ ստի մասին եք խոսում:
-2019 թ. դեկտեմբերի 19-ի կառավարության նիստում Հայկ Գրիգորյանը բառացի ասաց. «Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց տվյալ հանցանքը կատարելու մեջ»: Պա՞րզ է: ՔԿ ղեկավարը հայտարարում է, որ իրենք ունեն մերկացնող փաստեր:
Բայց երբ քննիչները Հայկ Գրիգորյանի ասած մերկացնող փաստերով մտան դատարան, 4 տարբեր դատավորի մոտ նույնիսկ կասկած չառաջացրեցին, նույնիսկ կասկած: Քննիչների կողմից մեղադրյալ հռչակված 3 անձանց նկատմամբ դատարանները չեն կիրառել խափանման միջոց, քանի որ չի եղել հիմնավոր կասկած:
Կարճ ասած՝ 4 տարբեր դատավոր վճիռ է կայացրել, որ Հայկ Գրիգորյանի ասած «մերկացնող փաստերում» նույնիսկ հանցագործության կատարման կասկած չկա:
Պատկերացրեք՝ նույնիսկ կասկած չեն տեսել: Ընդ որում, մեղադրյալներից մեկի մասով, ումից կարծես հասարակության որոշ խմբեր ունեն կոնկրետ դժգոհություններ, ուրեմն նրա մասով ե՛ւ Առաջին ատյանի, ե՛ւ Վերաքննիչ դատարանները չեն արձանագրել հիմնավոր կասկած: Այսինքն՝ խափանման միջոց չեն ընտրել հիմնավոր կասկածի բացակայության պատճառով:
Իսկ, ահա, Վերաքննիչ դատարանի տխրահռչակ դատավոր Արմեն Դանիելյանը, ակնհայտորեն անցնելով իր լիազորությունների սահմանը, ապօրինի որոշմամբ մորս կալանավորեց: Արդյունքում նույն գործով, նույն հոդվածով, նույն խմբի կազմում կատարած ենթադրյալ արարքի համար մայրս կալանավորվեց, իսկ մնացած բոլորը մնացին ազատության մեջ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով:
-Ինչու՞ եք Արմեն Դանիելյանի որոշումը համարում ապօրինի:
-Քանի որ դատարանը պարտավոր է գործը քննել դատախազության եւ քննչականի ներկայացրած նյութերի շրջանակներում, դատարանը պետք է ուսումնասիրի միայն միջնորդության մեջ ներկայացված հիմքերը: Արմեն Դանիելյանը պետք է որոշեր` հանդիսանալով մանկատան տնօրեն՝ կարող է Լիանա Կարապետյանը խոչընդոտել նախաքննության բնականոն ընթացքին: Սակայն այդ տխրահռչակ դատավորը անցավ իր լիազորությունների շեմը, անտեսեց, որ մայրս, իր դիմումի համաձայն, արդեն ազատվել է մանկատան տնօրենի պաշտոնից: Ուրեմն անտեսելով այդ հանգամանքը՝ որոշեց` ճիշտ է, այլեւս տնօրեն չէ, բայց կարող է խոչընդոտել նախաքննությանը: Այսինքն` Արմեն Դանիելյանը մորս գոյությունն իսկ համարեց սպառնալիք նախաքննությանը: Մարդկանց այսպիսի քայլերը հայերն անվանում են շանտղություն, սրիկայություն: Արմեն Դանիելյանին խորհուրդ կտայի հրաժարվել դատավորի բարձր կոչումից, գործի ընդունվել քննչականում: Ապացույցներ կեղծելն այնտեղ շատ ավելի հեշտ է, համ էլ աչքից հեռու է: Փորձում եմ հասկանալ այս գործը քննողների արարքների, շարժառիթների պատճառները: Խելոք մարդիկ դա բացատրում են այսպես: Մեր քննիչները, դատախազությունը արդեն 100 տարի՝ Նիկոլի թվից, նույն բանն են անում՝ ցուցմունք կորզելու համար ճնշել, կտտանքների ենթարկել, ազատազրկել մարդուն: Փորձը ցույց է տալիս` քչերն են դիմանում, կոտրվում են, իրենք իրենց դեմ ցուցմունքներ են տալիս: Ու գործը պատրաստ է: Դա են նրանք սովորել սերնդեսերունդ, այլ կերպ նրանք ունակ չեն գործեր բացահայտել: Սա՝ քննիչների պահով: Բնականաբար, քննիչները գրեթե բոլորի մեջ հանցագործ են տեսնում, դա իրենց փեշակն է: Բայց երբ դատավորն է նման կերպ վարվում եւ վերածվում, թեւավոր ասած, քննիչից ավելի հավատավոր քննիչի, դա համակարգային աղետի կբերի: Կորոնավիրուսը թեթեւ հարբուխ է՝ նման դատավորների համեմատ: Չեմ հավատում, որ կա երկրորդ Արմեն Դանիելյան: Հայ հասարակության մեջ չկա երկրորդ Արմեն Դանիելյան: Նա արհամարհեց այն հանգամանքը, որ 1-ին ատյանի դատարանն արդեն իսկ ապօրինի եւ ոչ օրինաչափ էր ճանաչել քննիչների գործողությունները՝ մորս ձերբակալումը: Նա զնդան նետեց 63-ամյա կնոջը, վաստակաշատ մանկաբույժին, ով 4Օ տարի անբասիր կատարել է իր պարտքը:
-Իսկ քննիչների ի՞նչ արժեհամակարգային տկարության մասին էիք խոսում:
-Ես խոսում էի քննիչների արժեհամակարգային տկարության մասին: Առկա է արժեքային տարբեր, հակադիր համակարգերի բախում: Մեկ ամիս առաջ մորս կալանավորման որոշումը ստանալուց հետո էլ քննիչները շարունակում էին հորդորել իրեն` պատմեք գործի համար կարեւոր մի բան, դրա դիմաց խոստանում ենք Ձեզ ազատ արձակել: Մեղադրանքը հաստատող ապացույցներ ունեցող քննիչը մեղադրյալից ինքնախոստովանություն կմուրա՞ր: Հարցաքննության ժամանակ քննիչներից մեկը մորս ասել է. «Տիկի՛ն Կարապետյան, մենք հեռախոսային ձայնագրություններ ունենք, որտեղ Դուք ուրախանում եք երեխայի որդեգրման որոշման լուրն առնելիս»: Պատկերացնու՞մ եք, այս մարդիկ նույնիսկ չգիտեն, որ երեխայի որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահից: Սա նկատի ունեի՝ արժեհամակարգային տկարություն ասելով: Մայրս զարմացած ասել է. «Այո, իհարկե ուրախանում եմ»: 4Օ տարի միշտ ուրախացել եմ յուրաքանչյուր երեխայի որդեգրման լուրը ստանալիս, քանի որ երեխաները գնում են օջախ, որտեղ կա ընտանեկան սեր, ջերմություն, լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն: Այս մարդիկ չեն հասկանում եւ չեն ընդունում բարոյականության, բարեվարքության տարրական նորմերը: Երբ առաջին անգամ մորս հարցաքննության էին տանում, քննիչին ասացի` մեկ ամսից մայրս պետք է գնա արտասահման, որեւէ սահմանափակում կա, քննիչն ասաց` նա գործով հանդիսանում է վկա, հետեւաբար չկա որեւէ սահմանափակում: Մայրս էլ իր հերթին է մի քանի անգամ ասել, որ արդեն 7 տարի՝ դեկտեմբերի վերջին, մեկնում է ԱՄՆ Սուրբ ծնունդն իր թոռնիկների հետ անցկացնելու նպատակով: Եթե հնարավոր եք համարում այլ զարգացումներ, որի դեպքում կարիք կլինի մնալ Հայաստանում, ասեք` տոմսը անտեղի չկորի: Պարզ է, չէ՞: Եվ քննիչները այսքանից հետո ձերբակալում են մորս, մեղադրանք առաջադրում, կալանավորման միջնորդությամբ մտնում դատարանում եւ այնտեղ անամոթաբար հայտարարում, թե օպերատիվ տվյալներ ունեն, որ Լիանա Կարապետյանը պատրաստվում է փախուստի դիմել, թաքնվել նախաքննությունից: Պատկերացնու՞մ եք՝ մարդ ինչքան անուղեղ, կեղծ եւ չար պետք է լինի:
-Դատելով Ձեր պատասխանից՝ Ձեր մայրը այս քրեական գործի հետ կապ չունի: Ի՞նչ եք համարում սա, քաղաքական հետապնդո՞ւմ կամ ինչ-որ մեկի կողմից Ձեր դեմ վրեժխնդրությո՞ւն:
-Ոչ, բայց ինչ-որ մի առեղծված կա այս ամենում: Տեսեք, թե ինչ է կատարվում: Կաշառք տալու պահին Երեւանի կենտրոնում ձերբակալվում է մի քաղաքացի, հետո զինկոմիսարիատի աշխատող է ձերբակալվում կաշառք ստանալու պահին: Բազմաթիվ աղմկահարույց դեպքեր ենք իմանում` հարսը մուրճով սպանել է սկեսուրին, հովիվը հրազենով սպանել է իր սիրուհի կթվորուհուն եւ այլն: Ու ինչպիսի գորովանքով, ինչպիսի նրբանկատությամբ են այս լուրերը հրապարակվում` Ա.-ն սպանել է Բ.-ին, Գ.-ն բռնաբարել է Դ.-ին, նույնիսկ ավարտված դատարանի վճռով պատիժը կրող դատապարտյալների մասին են պահպանում անձի գաղտնիությունը, հոգ տանում, որ նրա հարազատները, բարեկամները կոմֆորտի մեջ ապրեն: Հեռուստատեսությունը մարդկանց երեսները փակ է ցույց տալիս, չի հայտնում նրանց ով լինելը, անուն-ազգանունը, իսկ մորս դեպքում այս փուչ, շինծու գործով Հանրային հեռաստատեսությունից սկսած ու մյուս հեռուստաալիքները կրկնությամբ մորս անուն-ազգանունը, աշխատանքի վայրը, լուսանկարը տիրաժավորում են ծննդատան գլխավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանի կողքին, եւ դա այն դեպքում, երբ մայրս երբեւէ գեթ մեկ հանդիպում չի ունեցել նրա հետ: Ինչու՞ է մայրս քրեական հետապնդման ենթարկվում: Ի՞նչ նպատակով են նրա անունը կապում ծննդատներում երեխաների մահացության դեպքերի հետ: Ինչու՞ է որդեգրումը մարդկանց, այդ թվում՝ քննիչների, որոշ պաշտոնյաների ուղեղներում ընկալվում որպես քրեական արարք: Ինչու՞ են մարզպետարանների, քաղաքապետարանի, նախարարությունների կողմից նախապատրաստված, կառավարության որոշումներով ու դատարանների վճիռներով հաստատված որդեգրումները կասկածի տակ դրվում, եւ մեղադրյալ է նշանակվում Հայաստանի բազմաթիվ մանկատներից մեկի տնօրենը, որը որդեգրման գործում որեւէ լիազորություն չունի: Այս հարցերի պատասխանները կարող են օգնել՝ հասկանալու, թե ում քաղաքական շահերին է սա ձեռնտու: Բայց որ այս գործը արդեն դարձել է քաղաքական քարոզչության մաս, կասկածից վեր է: Վստահ եմ՝ նաեւ ձեր՝ լրագրողներիդ օգնությամբ մարդիկ մի օր կիմանան, թե ում է ձեռնտու մորս ներքաշել այս ցածր, էժանագին կրկեսի մեջ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՄԻՋՆՈՐԴԵԼ ԵՆ
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՔԾ քննիչին՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Հ. Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի փոխանցմամբ՝ մերժման պարագայում նույն միջնորդությամբ նաեւ բացարկ է ներկայացրել քննիչին: Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն էլ նշել է, որ միջնորդել են դադարեցնել քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ 308-րդ հոդվածով նախատեսված հանցակազմն առհասարակ բացակայում է: Հիշեցնենք, որ Թովմասյանն ու Փանոսյանը մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»):




Լրահոս