ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 23-ին Երեւանի պետական համալսարանում թեժ իրավիճակ է սպասվում, քանի որ այդ օրը ԵՊՀ խորհրդի նիստում պետք է ԵՊՀ ռեկտորի թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագիրը: Ըստ մեր տեղեկությունների՝ հենց այդ օրը պետք է արդեն խորհուրդը ընտրի ԵՊՀ ռեկտորին, բայց, կարծես թե, ներկայացված թեկնածուները այդքան էլ համապատասխան չեն, ինչի համար դեռեւս անհասականալի է, թե, ի վերջո, ԵՊՀ-ն ռեկտոր կունենա, թե ոչ: Բանն այն է, որ եթե թեկնածուների անունները շատ լինեն, հնարավոր է՝ ընտրությունը տեղի ունենա հաջորդ օրը:

Նշենք, որ այս օրերին մի քանի անուն է շրջանառվում, որոնցից մեկը ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի դեկան Ռուբեն Մելքոնյանն է, ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը, իրավաբանականի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Հավելենք, որ ԵՊՀ ռեկտորի մրցույթին մասնակցության դիմումները թեկնածուները պետք է ներկայացնեն փետրվարի 12-ից մինչեւ մարտի 7-ը, ու հնարավոր է՝ առաջիկա օրերին այլ մարդիկ եւս դիմեն ռեկտորի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հանգուցալուծում է պատկերացնում ԵՊՀ-ի ռեկտորի ընտրության հարցում:
-Պարո՛ն Հովհաննիսյան, մարտի 23-ին ԵՊՀ-ում սպասվում է խորհրդի նիստ, որի ժամանակ պետք է հանգուցալուծվի այն հարցը, թե ով է լինելու ԵՊՀ ռեկտորը: Դուք ի՞նչ եք կարծում, ի՞նչ լուծում կտրվի հարցին, առաջադրված թեկնածուները, Ձեր կարծիքով, համապատասխանո՞ւմ են այդ պաշտոնին:
-Թեկնածուների մասին չեմ կարող դիրքորոշում հայտնել, մինչեւ չլսեմ իրենց ծրագրերը, որոշակի եմ ծանոթ իրենց: Պետք է ապացուցեն, որ կկարողանան ղեկավարել ԵՊՀ-ն, բայց դա պետք է երեւա իրենց ծրագրերում: Կանոնակարգ է մշակվել, ըստ որի՝ թեկնածուները ներկայացնելու են իրենց ծրագրերը, հարց ու պատասխան կլինի, որից հետո ամփոփում, ու տեղի կունենա քվեարկություն:
-Իշխանությունների սրտո՞վ են այն թեկնածուները, որոնք առաջադրվել են ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար:
-Իշխանությունը խնդիր չի դրել իր առջեւ, որ որեւէ մի թեկնածու պետք է իր սրտով լինի կամ չլինի:
-Տարիներ շարունակ ԵՊՀ-ն քաղաքականացված է եղել, արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են, որպեսզի այս անգամ զերծ մնա համալսարանը քաղաքականությունից, հեղափոխություն արվելո՞ւ է ԵՊՀ-ում:
-Հեղափոխություն ասվածը կոնկրետ կրթական համակարգում լայն հասկացություն է: Ես նշել եմ, որ արդեն 30 տարի մարդիկ զբաղեցնում են ամբիոնի վարիչի կամ դեկանի պաշտոնը, որը անընդունելի է ու թույլ չի տալիս երիտասարդ սերունդներին մոտիվացիա ունենալ եւ առաջընթացի հնարավորություն տեսնել. բազմաթիվ կանոնակարգեր կան, որոնք պետք է փոխվեն: Պետք է միջավայրը առողջանա, մոտեցումը կրթությանը եւ կրթության որակը պետք է փոխվեն. այն թեկնածուն որը կկարողանա այսպիսի հարցերին պատասխանել, ինքը, այսպես ասենք, կլինի նախընտրելի թեկնածու, բայց ոչ թե իշխանության կողմից նախընտրելի թեկնածու: Ես գոնե այդպես եմ տեսնում իրավիճակը, ես թեկնածու չեմ, ես իմ դիրքորոշումն եմ ներկայացնում: Նույն, օրինակ, դեկանների ընտրությունը շատ հաճախ ֆիկտիվ բնույթ է կրում, ինչպես նաեւ դասախոսների, դոցենտների, պրոֆեսորներ.. Այսպես, համալսարանում տարածված բան կա. ասում են, թե քո տեղի համար մրցույթ են հայտարարել: Այսինքն՝ արդեն գիտեն՝ ով է ընտրվելու, այս ֆիկտիվ բաները պետք է համալսարանում չլինի:
-Այսինքն՝ հետհեղափոխական Հայաստանում՝ ԵՊՀ-ում, ա՞յժմ էլ այդ իրավիճակը կա:
-Հիմա այդքան շատ չեմ ներգրավված պրոցեսի մեջ, բայց կարծում եմ՝ այո, այդ ընթացակարգերը գործում են, ու այս ամբողջը փոխելու խնդիր կա դրված, նոր, լավ կադրերով համալրելու խնդիր կա դրված: Դա ընդհանուր վատ ավանդույթների, կրթական համակարգի քաղաքականացվածության, յուրայինների եւ ոչ յուրայինների բաժանման ու տարբեր պատճառների արդյունքում ձեւավորված մի միջավայր էր, որը, կարծում եմ, պետք է առողջանա, եւ լինեն առողջ կրթական, ակադեմիական ազատություններ: Երբ որ դասախոսը կարծիք էր արտահայտում, օրինակ, եթե քննադատում էր օրվա իշխանությանը, այդ դասախոսի նկատմամբ անասելի ճնշումներ էին գործադրվում, ընդհուպ մինչեւ եղել է դասախոսներին աշխատանքից ազատելը, ժամերից զրկում. դա չի նպաստում առողջ ակադեմիական միջավայրի.. Այս ընթացում որոշակի առողջացման պրոցեսներ եղել են, իսկ ամբողջական փոխելու համար համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:
-Բայց արդյոք այժմ իշխանությունները կանե՞ն ամեն ինչ, որպեսզի ԵՊՀ-ն զերծ մնա քաղաքականությունից, համալսարանում այլեւս չլինեն քաղաքականացված դասախոսներ եւ անձինք:
-Այո, իշխանությունները իրենց փոփոխությունների միջոցով ամեն քայլ անում են, որպեսզի քաղաքականացված չլինեն համալսարանը, ուսանողները: Միանշանակ է՝ վատ դասախոսներից, մասնագետներից պետք է ազատվել օր առաջ, բայց դա չպետք է պայմանավորվի կուսակցության պատկանելության սկզբունքով: Տարիներ առաջ շատ մարդկանց կանչել են, ստիպել են, ճնշել են տարբեր մեթոդներով, որպեսզի նրանք ստորագրեն դիմումի տակ եւ ստանան կուսակցական տոմսը.. Դրա համար պետք է մենք թացը չորից տարբերակենք եւ չասենք, որ բոլորը, ովքեր կուսակցական են, պետք է պարտադիր հեռանան, ու հանեն համակարգից. պետք է նայեն մարդու պրոֆեսիոնալիզմին:

 

 

 

ՀԱՆՐԱՔՎԵՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿՆԿԱՐԱՀԱՆԵՆ

«ժողովուրդ» օրաթերթը իմքայլական պատգամավորներից տեղեկացավ, որ տեւական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկել են այն հարցը, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է ամբողջապես բաց եւ թափանցիկ լինի, որպեսզի հետագայում ընդդիմությունը իրենց չմեղադրի ծածկադմփոցների համար:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է զբաղվել այդ հարցով ու իր թիմակիցներին տեղեկացրել է, որ այն պետք է անցնի բոլորի աչքի առաջ: Իշխանություններն արդեն եկել են այն եզրակացության, որ հանրաքվեի օրը բոլոր ընտրատեղամասերն ունենալու են նկարահանող սարքեր:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ դա ՀՀ վարչապետի անմիջական «դաբրոյով» է եղել: Ի դեպ, երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց. «Ինձ է փոխանցվել կառավարության պատասխանն առ այն, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման եւ միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 660,000.0 հազար դրամ: Նախատեսվում է իրականացնել քվեարկության ամբողջ ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ ուղիղ հեռարձակում շուրջ 1500 տեղամասերից (Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ձեւավորված բոլոր տեղամասերից)»: Սա է նաեւ պատճառը, որ իմքայլականները այս օրերին շատ լարված աշխատում են, որպեսզի այդ օրը «պրոմըխներ» չլինեն:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԿՐԿԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ
Չնայած նախորդ տարվա աղմուկին ու անընդհատ բարձրաձայնվող խնդիրներին՝ մարտի 2-ին Երեւանի քաղաքապետարանում հերթական պարգեւավճարներն են տրվել քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից: Այսպիսով, մարտի 2-ին, քաղաքապետի որոշմամբ, պարգեւատրվել են քաղաքապետարանի 20 աշխատակիցներ: Մասնավորապես, 480 հազարական դրամներով պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանը: Իսկ 265 հազարական դրամներով պարգեւատրվել են մի շարք վարչությունների պետեր: Այսպիսով, պարգեւատրումների ընդհանուր գումարը կազմել է 6 մլն 590 հազար դրամ: Սակայն այստեղ հետաքրքիրը նաեւ այն է, որ նույն պաշտոնյաները պարգեւատրվել էին նաեւ փետրվարի 1-ին՝ կրկին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ: Ըստ երեւույթին, վերը նշված պաշտոնյաները դասվում են քաղաքապետի սիրելիների թվին եւ հաճախ են պարգեւատրումների արժանանում:

 

 

 

ԳՈՒՄԱՐ ԿՍՏԱՆԱՆ
Ազգային ժողովի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Մելքումյանը միասին նախագիծ են հեղինակել եւ առաջարկում են փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում: Նրանք ցանկանում են ամրագրել կենսաթոշակ ստանալու իրավունք նաեւ այն պատգամավորներին, որոնք օբյեկտիվ պատճառներով լրիվ 5 տարի չեն աշխատել Գերագույն խորհրդում եւ, ըստ այդմ, զրկվել են պատգամավորների համար նախատեսված կենսաթոշակ ստանալու իրավունքից: Եվ նրանք նաեւ ընդգծում են, որ, տարբեր հաշվարկներով, նրանք կարող են լինել մեկ տասնյակից ոչ ավելի քաղաքացիներ, ինչը, ըստ էության, պետական բյուջեի վրա մեծ բեռ չի ենթադրում:

 

 

 

ԼՍԵԼ Է
Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել «օրենքով գող» 50-ամյա Օշականցի Գեւորիկ անունով հայտնի Գեւորգ Մելիքյանին: Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ «Ժողովուրդ» օրաթերթին Գեւորգ Մելիքյանին քննչական կոմիտե բերման ենթարկելու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը ինչ-որ անձանց է ձերբակալել եւ լսել է ձերբակալված անձանց հեռախոսային խոսակցությունները: Հեռախոսային խոսակցությունների ժամանակ ձերբակալվածները տվել են Օշականցի Գեւորիկ անունով հայտնի Գեւորգ Մելիքյանի անունը, եւ այդ հեռախոսային խոսակցությունների հիման վրա էլ նախաքննական մարմինը նրան բերման է ենթարկել, լսել է նրա բացատրությունը, որից հետո բաց է թողել:




Լրահոս