««Լուսավոր Հայաստանը» օրեցօր ուժեղանում է». Անի Սամսոնյանը` խորհրդարանի լարված մթնոլորտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին խորհրդարանում ստեղծված լարված մթնոլորտը իշխանությունները փորձում են հարթել: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այդ հարցը քննարկել է իր թիմի ներկայացուցիչների հետու հայտարարել, որպետք է ամեն քայլի դիմել, որպեսզի խորհրդարանի ամբիոնը չդառնա «ռազբորկաների» դաշտ:

Նշենք նաեւ, որ նախորդ Աժ հերթական նստաշրջանի ընթացքում էլ լարվել էին ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փոխհարաբերությունները, եւ գործը հասել էր անգամ բռունցքների: Հայրենի իշխանության ներկայացուցիչները իրենց խմբակցության նիստի ժամանակ որոշել էին «ստոպ տալ» ու այլեւս ԲՀԿ-ականների հետ թեժ քննարկումների մեջ չմտնել, միմյանց չվիրավորել: Այս նստաշրջանում, կարծես թե, իմքայլականների թիրախում էին հայտնվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Ըստ մեր տեղեկությունների՝ այս ընդհարումները դուր չեն գալիս ո՛չ խորհրդարանի ղեկավարությանը եւ ո՛չ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար հատվածին, քանի որ, վերջիններիս կարծիքով, պետք չէ այս ժամանակահատվածում լարվածությունը մեծացնել՝ իրենց գործունեության հետ կապված:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանից պարզել, թե ինչու է իշխանական պատգամավորների եւ իրենց միջեւ լարվածություն առաջացել:

-Ակնհայտ է, որ «Լուսավոր Հայաստանը» օրեցօր ուժեղանում է, ու մենք հայտ ենք ներկայացրել այլընտրանք ուժ դառնալու, եւ սա, կարծես թե, դուր չի գալիս իշխանությանը, որովհետեւ իրենք միշտ մտածել են, որ եթե մենք գործընկերային ենք իրենց հետ, կառուցողական ենք, փոխհամագործակցող ենք, ապա դա նշանակում է, որ մենք իրենց գրպանում ենք, կամ մենք պետք է աչք փակենք իրենց սխալների համար: Սա դուր չի գալիս իշխանություններին, եւ քանի որ «Իմ քայլը»  իր վարքագծային բրենդն է դարձրել քննարկել անձերին եւ ոչ թե գաղափարները, ժամանակ առ ժամանակ մեզ փորձում են անձնային մակարդակով հիշեցնել ինչ-որ անցյալ, ինչ-որ գործողություններ, որոշումներ, որը նշանակում է՝ իրենք ասելիք չունեն: Դրա վառ օրինակը Գեւորգ Պապոյանի ելույթն էր, երբ պարզ էր, որ ինքն իրեն վնաս հասցրեց, որովհետեւ դրա արդյունքում պարզվեց, որ ինքը ոչ մեկ է, իսկ մեր մարդիկ անցել են ինչ-որ ճանապարհ:

-Տեղեկություն կա, որ Աժ նախագահ Արարատ Միզոյանը փորձում է հարթել իրավիճակը՝ Ձեզ հետ հանդիպելով, խոսելով. կա՞ նման բան:

-Մենք քննարկում չենք ունեցել, «Լուսավոր Հայաստանը» չէ, որ ստեղծում է լարվածություն խորհրդարանում, դա ստեղծում է «Իմ քայլը» խմբակցությունը, իրենք էլ թող հարթեն վիճակը: Եթե Արարատ Միզոյանը խնդիր ունի ԱԺ-ում ապահովելու համագործակցային մթնելորտ, հանգիստ մթնոլորտ, ապա ես կարծում եմ, որ ինքը պետք է շատ լուրջ զրույց ունենա «Իմ քայլը» խմբակցության հետ, քննարկեն իրենց գործելաոճը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս