Աղմկահարույց գործերն ու դատավորը․ Հարություն Մանուկյանը ծանր վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մասով հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան եւ արդեն մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին: Նշենք, որ դատավոր Մանուկյանը այդքան էլ պատահական մարդ չէ: Նա ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելենա Սողոմոնյանի որդին է: Վերջինս 2009 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր էր, իսկ 2015 թվականից հանդիսանում էր ՀՀ արդարադատության խորհրդի անդամ: Սակայն ապրիլի 30-ին Ելենա Սողոմոնյանի լիազորությունները դադարեցվեցին պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով: Ասել է թե՝ մայրը հեռացավ դատական համակարգից, եւ իր փոխարեն որդին մուտք գործեց դատարան:

Հիմա նրան ճանաչողները պնդում են, որ դատավորը ծանր վիճակում է, պատրաստ է ամեն ինչ անել այս գործը չքննելու համար, բայց չգիտի՝ ինչպես: Ու հետաքրքիր է` ինչպես կզարգանան իրադարձությունները:

Հիշեցնենք` ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը, 2018թ. հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, որպես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Բաբայանը 2018թ. մարտի 5-ին, համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետրեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Քնար Մանուկյան




Լրահոս