ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՊԱՅՔԱՐԵՆ 6 ԱԿՈՒՄԲՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրը: Այս տուրի հանդիպումներից հետո վերջնականապես ձեւավորվեց առաջնության լավագույն վեցյակը: Առաջնության չեմպիոնության համար կպայքարեն 6 թիմեր: Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանի մեկնարկից առաջ չեմպիոնության ֆավորիտների շարքին էին դասվում նաեւ Երեւանի «Փյունիկն» ու «Ուրարտուն», սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, այս թիմերը դուրս մնացին լավագույն վեցյակից եւ տեղ գտան մրցաշարային աղյուսակի ներքեւի հատվածում:

Արդեն 17-րդ տուրում վեցյակի ձեւավորմանը նպաստեց «Նոա» – «Փյունիկ» հանդիպումը, որտեղ տանտերերը կարողացան 4:2 հաշվով պարտության մատնել Ռոման Բերեզովսկու թիմին եւ ապահովել իրենց տեղը առաջատարների շարքում: Առաջնության առաջին շրջանի ավարտին դեռ 1 տուր էլ կա, սակայն վերջին քառյակում տեղ զբաղեցրած թիմերի համար 18-րդ տուրի խաղերը կլինեն ըկերական բնույթի: Առաջնությունում տեղը պաշտպանելու պայքար է՛լ չի լինի, քանի որ հետնապահ «Երեւանը» դուրս է եկել առաջնությունից: Այսպիսով, «Փյունիկը», «Ուրարտուն» եւ «Գանձասար-Կապանը» կունենան երկար ժամանակ Բարձրագույն խմբի մյուս առաջնությանը պատրաստվելու համար:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հաղթելու եւ մրցանակային տեղերի համար կպայքարեն գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Լոռին», «Շիրակը», «Արարատը» եւ «Նոան»: Վստահաբար կարելի է ասել, որ չեմպիոնության ու եվրագավաթային գոտում տեղ զբաղեցնելու համար կատաղի պայքար է ընթանալու, քանի որ թիմերը շատ խիտ են դասավորված մրցաշարային աղյուսակում: 6-րդ տեղում գտնվող «Նոան» առաջատար «Արարատ-Արմենիայից» հետ է մնում ընդամենը 6 միավորով: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրը ֆանտաստիկ ստացվեց, իսկ տուրի գլխավոր զարդը «Արարատ -Արմենիա» – «Շիրակ» հանդիպումն էր, որտեղ 1:0 հաշվով առավելության հասան տանտերերը եւ դարձան առաջնության միանձնյա առաջատար: Չեմպիոնության գլխավոր ֆավորիտներից երկուսի առճակատումը անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ ունեին լավ հնարավորություններ գոլեր խփելու, սակայն ավելի դիպուկ գտնվեցին Վարդան Մինասյանի տղաները եւ կարողացան հասնել ցանկալի արդյունքի: Տանտերերից 71-րդ րոպեին միակ դիպուկ հարվածի հեղինակը դարձավ հոլանդացի Ֆուրդջել Նարսինգը: Հայաստանի գործող չեմպիոնների կազմում այդ խաղում նորամուտը նշեց ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն, ով ոչ միայն ֆանտաստիկ պաշտպանվեց, այլ նաեւ հիանալի հարձակվեց: Վակուլենկոն 2 հրաշալի պահ ունեցավ «Շիրակի» դարպասը գրավելու, սակայն երկու դեպքերում էլ սպորտային բախտը երես էր թեքել Վակուլենկոյից: Նմանատիպ խոսքեր կարելի է հնչեցնել նաեւ գյումրեցիների նորեկ Ավո Լեյբ Ժունիորի հասեին, ով մտնելով փոխարինման՝ վատ տպավորություն չթողեց եւ նույնիսկ ունեցավ հաշիվը հավասարեցնելու հնարավորություն: Ամեն դեպքում, հաղթեց «Արարատ- Արմենիան», քանի որ ավելի լավ կարողացավ իրացնել իր հնարավորությունները: Վարդան Մինասյանի տղաները, շատ կարեւոր եւ սկզբունքային դիմակայությունում հաղթելով, իրենց գլխավոր մրցակիցներից մեկից առաջ պոկվեցին միանգամից 5 միավորով: Հաջորդ՝ 18-րդ տուրում, «Արարատ – Արմենիան» հյուրընկալվելու է «Փյունիկին», իսկ «Շիրակը» ընդունելու է Վանաձորի «Լոռիին»: Հետաքրքիր հանդիպում է սպասվում նաեւ «Ալաշկերտ» մարզադաշտում, որտեղ տեղի «Ալաշկերտը» ընդունելու է «Նոային»: Արմեն Ադամյանի թիմը 2-րդն է 31 միավորով, իսկ «Նոան» 6-րդն է եւ ունի 27 միավոր: Հյուրերը եթե կարողանան հասնել հաղթանակի, ապա չեմպիոնական պայքարը ավելի սրված կդառնա: Բացի այս, հանդիպումներից կկայանա նաեւ «Արարատ» – «Ուրարտու» հանդիպումը: «Ուրարտուն» նույնպես չի պայքարում ոչնչի համար, բայց կարող է խառնել Իգոր Կոլիվանովի քաղաքարտերը՝ միավորներ տանելով արարատցիներից: Ռուս անվանի մասնագետը արարատյան թիմի ղեկին անցկացրել է 2 հանդիպում, կրել մեկ պարտություն ու մեկ հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի:
Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը անչափ հետաքրիր եւ ինտրիգային ընթացք է ունենում:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 




Լրահոս