50-Ն ԱՆՑ ԱՄԵՆԱԿԱՆԱՑԻ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի կապակցությամբ ընթերցողներին է ներկայացնում հայկական շոու-բիզնեսի կանանց մասին շարքեր: Այս անգամ անդրադառնում ենք 50-ն անց ամենականացի հայտնիներին, որոնք տարիների ընթացքում չեն կորցրել իրենց հմայքն ու փայլը:

Աննա Էլբակյան
Հմայիչ արտաքին, տպավորիչ դիմագծեր, հիշվող ձայն, կանացի ժեստեր ու պահվածք. այս ամենը Հայաստանի վաստակավոր արտիստուհու կերպարի մի մասն են կազմում: Նա որքան հետաքրքիր է էկրանին եւ բեմում, օրինակ՝ Ֆանշեթի, Կորդելիայի, Աբբիի, Ժուլիետի դերերում, նույնքան գրավիչ է կյանքում: Աննա Էլբակյանի դեպքում տարիները նրան ավելի կանացի են դարձրել, հաղորդել են հասունություն եւ իմաստություն, որն ավելի է զարդարում դերասանուհուն: Եվ քանի որ ամեն փայլուն կնոջ հետեւում կանգնած է նրանով հիացող տղամարդը, իսկ այս պարագայում խոսքը դերասան, բեմադրիչ Արմեն Էլբակյանի մասին է, կնոջը մնում է միայն վայելել այդ կարգավիճակը:

Նելլի Խերանյան
Կոկիկությունը, համեստությունը, յուրահատուկ արտաքինն ու շարմը դերասանուհու մշտական ուղեկիցներն են: Հետաքրքիր է, որ ո՛չ դեմքով, ո՛չ կազմվածքով տիկին Խերանյանը երիտասարդ տարիներից ի վեր շատ չի փոխվել: Ով տեսել է «Ճերմակ անուրջները» եւ տարիներ անց տեսնի Լիլոյի դերակատարուհուն, անմիջապես կճանաչի նրան: Դերասանուհուն առանձնակի փայլ է հաղորդում նրա գրագետ խոսքը եւ ցածր ձայնը: Տիկին Խերանյանը նաեւ հաղորդավարուհի է եւ, միայն իրեն բնորոշ հատկությունների շնորհիվ, հրաշալի դրսեւորվում է նաեւ եթերում:

Սյուզան Մարգարյան
Այս երգչուհին կանացիության ու քնքշության մարմնավորում է: Յուրաքանչյուր տարիքում նա պահպանեց իր համեստությունը՝ ամեն անգամ ներկայանալով նորովի: Նա լավ երգչուհի է, կին, մայր եւ տատիկ: Սյուզան Մարգարյանը վայելում է սեր ե՛ւ ավագ, ե՛ւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների շրջանում: Ոմանք նրան անվանում են «հայկական շոու-բիզնեսի Սոֆյա Ռոտարու»: Երգչուհին մշտապես աչքի է ընկել նաեւ իր գրագետ խոսքով, դիվանագիտությամբ: Նա ոգեշնչման աղբյուր է մի շարք երիտասարդ արտիստուհիների համար:

Հասմիկ Պապյան
Օպերային երգչուհին իսկապես կանացիության մարմնավորում է: Բեմի վրա նա պարզապես փայլում է: Նրա կերտած Նորման, Տոսկան, Լեդի Մակբեթը տպավորում է հանդիսատեսին եւ երկար մնում նրա հիշողության մեջ: Անչափ հմայիչ է երգչուհու արտաքինը. նա տարիների ընթացքում ավելի կանացի եւ փխրուն դարձավ: Հասմիկ Պապյանը նաեւ ուժեղ կնոջ խորհրդանիշ է: Նա մշտապես արձագանքում է հայաստանյան ներքին քաղաքական, հասարակական կյանքին, օգնում է իր հայրենիքին, ինչով կարող է: Ներքին ուժն ու կամքը ավելի հմայիչ են դարձնում նրան եւ ամբողջացնում երգչուհու կերպարը:

Իրինա Դանիելյան
Այս դերասանուհու պարագայում կարող ենք ասել, որ տարիները նրա վրա բավականին դրական ազդեցություն ունեցան. նա ավելի գեղեցկացավ, ձեռք բերեց յուրահատուկ արտաքին եւ կանացիություն: Իրինա Դանիելյանին առանձնակի հմայք է հաղորդում նրա ձայնը, խոսքը եւ ժեստիկուլյացիան: Նա՝ թե՛ որպես դերասանուհի, թե՛ որպես հաղորդավորուհի, հետաքրքիր է նայվում ինչպես էկրանին, այնպես էլ առօրյայում: Դերասանուհին յուրահատուկ է նաեւ հագուստի եւ աքսեսուարների ընտրության հարցում:

Էմմա Պետրոսյան
Սեւը այս երգչուհու այցեքարտն է: Նա այդ գույնը դարձրել է իր մի մասնիկը եւ բավականին հետաքրքիր կերպար ստեղծել իր համար: Էմմա Պետրոսյանին կանացի է դարձնում նաեւ իր ինտելեկտը, հարուստ ներաշխարհը, խորությունը: Նա կարող է լինել մեղմ եւ փխրուն, բայց նաեւ ուժեղ ու վճռական: Էմմա Պետրոսյանն ինքնին գույն է, որը բազմազան է դարձնում հայկական շոու-բիզնեսի ներկապնակը:

 

 

 

 

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ՕՐ ՏՈՆ Է»
Քանի որ սկսվել է կանանց նվիրված միամսյակը, «Ժողովուրդ» օրաթերթը զուտ կանացի թեմաներով զրուցել է հաղորդավարուհի, դերասանուհի Յանա Դանիելյանի հետ: Նա խոսել է հաջողակ կին լինելու իր բանաձեւի, հասարակական, քաղաքական կյանքում կնոջ դերի մասին:

-Յանա՛, նախ՝ ստանդարտ մի հարց՝ ի՞նչ են ցանկանում կանայք:
-Երջանկություն. ամեն կին յուրովի է գտնում դա: Երջանկությունը բոլորի համար միանշանակ դրսեւորում չունի: Կինը երջանիկ է, երբ գտնում է իր տեղը:
-Ի՞նչն է կնոջը ուժ տալիս:
-Ապագայի հուսալի տեսլականը: Շատ կանայք իրենց ուժը գտնում են երեխաների մեջ: Անձամբ իմ ուժը իմ ընտանիքի մեջ է: Ինձ ուժ է տալիս սերը, որն իմ կյանքում ամենուրեք է: Սերը բնության, հայրենիքի, աշխատանքի, ընտանիքի մեջ է… Պետք է բաց պահես սիրտդ ու միտքդ, որպեսզի սերը մտնի ներս:
-Որքանո՞վ եք կարեւորում կանանց ներգրավվածությունը հայաստանյան քաղաքական եւ հասարակական կյանքում:
-Շատ եմ կարեւորում. կինը շատ դեպքերում ավելի ուժեղ է, սառնասիրտ, ի դեպ, նաեւ, ըստ հոգեբանների, ավելի քիչ է հակված կաշառվելուն, քան տղամարդիկ: Կանանց նուրբ արտաքինին, տեսքին խաբվել պետք չէ: Նրանք մեծ կամքի տեր մարդիկ են: Ուրախ եմ, որ ունենք շատ լավ կին գործիչներ, եւ է՛լ ավելի ուրախ կլինեմ, եթե նրանց շարքերը համալրվեն:
-Ի՞նչն է կնոջը դարձնում խոցելի:
-Ընտանիքը:
-Եվ վերջին հարցը՝ ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար կանանց նվիրված միամսյակը:
-Անկեղծ ասած՝ դրան երբեւէ մեծ ուշադրություն չեմ դարձրել: Ինձ համար միամսյակը առանձնակի կարեւորություն չունի: Ես երջանիկ կին եմ, քանի որ տարվա 12 ամիսներին շրջապատված եմ սիրով, ուշադրության կենտրոնում եմ, այնպես որ, ինձ համար ամբողջ տարին տոն է: Բոլոր կանանց, որոնք հատուկ սպասում են միամսյակին, որպեսզի ուշադրության արժանանան, խորհուրդ կտամ, որ սիրեն ու գնահատեն իրենք իրենց ամեն օր:

Նյութերը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ

ՀԱՂԹԵՑ  «ՅՈՒՆԱՅԹԵԴԸ»
Կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջության 29-րդ տուրի «Մանչեստեր Յունայթեդ»- «Մանչեստեր Սիթի» հանդիպումը: Խաղն ավարտվեց տանտերերի 2:0 հաշվով հաղթանակով: Ուլե Գունար Սուլշերի տղաներից աչքի ընկան Անտոնի Մարսիալն (30‘) ու Սկոտ Մակտոմինայը (90+6‘): Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակեց 45 միավոր եւ ամրապնդվեց 5-րդ տեղում` 3 միավոր հետ մնալով քառյակը եզրափակող «Չելսիից»: «Սիթին» 57 միավորով շարունակում է ընթանալ երկրորդ հորիզոնականով:

 

 

 

«ՅՈՒՎԵՆ» ՈՒԺԵՂ ԷՐ «ԻՆՏԵՐԻՑ»
Կայացել է Իտալիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը: Դերբիում ուժեղ գտնվեցին Սարիի տղաները եւ մրցակցի նկատմամբ առավելության հասան 2:0 հաշվով: Թուրինցիներից իրենց անունը լուսատախտակին վառեցին Աարոն Ռեմսին (55‘) եւ Պաուլո Դիբալան (67‘): Սարիի թիմը վաստակեց 63 միավոր եւ վերադարձավ Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: «Ինտերը» 3-րդն է 54 միավորով: Հավելենք, որ այս խաղը 1000-րդն էր «Ծեր սինյորայի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի կարերայում: 1000 խաղերում պորտուգալացին դարձել է 725 գոլի հեղինակ:

 

 

ԱԳՈՒԵՐՈՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՆԱԼ «ՍԻԹԻԻՑ»
Անգլիական հեղինակավոր պարբերականները տեղեկացնում են, որ «Մանչեստեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն առաջիկա ամռանը կարող է հեռանալ մանչեստերյան ակումբից, եթե ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված արգելքը մնա ուժի մեջ: Նշվում է, որ «Սիթիի» ղեկավարությունը չի պատրաստվում հետ պահել Ագուերոյին հեռանալու մտքից, քանի որ չի ցանկանում ֆուտբոլիստին զրկել Չեմպիոնների լիգան հաղթելու վերջին հնարավորություններից:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը զրկվել է 2 տարով եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով:

 

 

 

ԿԿԱՅԱՆԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԵՐԸ
Այսօր` մարտի 10-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը:
Առաջին հանդիպումը կկայանա Գերմանիայում, որտեղ «Լեյպցիգը» սեփական հարկի տակ կընդունի անգլիական «Տոտենհեմին»: Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել են Յուլիան Նագելսմանի սաները: Օրվա մյուս խաղում կհանդիպեն իսպանական «Վալենսիան» եւ իտալական «Ատալանտան»: Իտալիայում կայացած խաղում 4:1 հաշվով առավելության են հասել Գասպերինիի տղաները:
Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 24:00-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս