«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ երբեւէ քաղաքական կուսակցության կամ շարժումների չի անդամակցել կամ մասնակցել, ԲԴԽ անդամությունից հրաժարականն էլ որեւէ գործարքով պայմանավորված չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գլխավոր հարկադիր կատարողի հետ եւ փորձել պարզել, թե իր նշանակման հարցում ինչ դերակատարում է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, քանի որ նշանակումը կապում են հենց նախարարի եւ իր մտերմության հետ:
«Պարոն Բադասյանի հետ առնչվել եմ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում նրա ուսումնառության տարիներին, եղել եմ նրա դասախոսը, սակայն որեւէ առանձնահատուկ կապ կամ մտերմություն չեմ ունեցել: Վերջին ժամանակահատվածում նախարարի հետ շփումը կրել է բացառապես մասնագիտական բնույթ», – վստահեցրեց Մեղրյանը:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ամեն դեպքում, հենց նախարարության առաջարկով այս տարվա հունվարին մի օրենք է փոխվել, որը հնարավորություն է տալիս գլխավոր հարկադիր կատարող դառնալ նաեւ գնդապետից ցածր կոչում ունեցողներին: Եվ միայն այդ որոշման՝ ուժի մեջ մտնելուց հետո է հնարավոր եղել Մեղրյանին նշանակել այդ պաշտոնին, քանի որ նա գնդապետի կոչում չունի: Հավելենք, որ Մեղրյանը ԲԴԽ անդամությունից հրաժարական է տվել 2019 թվականի հունիսին՝ Գագիկ Հարությունյանի եւ մյուս հրաժարականներից հետո»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։