Զինվորի վրա նռնակ է նետվել, որից հետո ինքնասպանության տակ նրան սպանել են. բացառիկ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի ապրիլի 4-ին ՊԲ զորամասերից մեկում սպանվել էր ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանը, եւ նրա կյանքը դիտավորությամբ զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: «Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ մինչ Գարեգին Բաբակեխյանին սպանելը նրա վրա նռնակ են նետել:

Նախ՝ պաշտոնապես

Ապրիլի 4-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ասել է թե՝ նախնական վարկածի համաձայն, նախաքննական մարմինը քրեական գործ էր հարուցել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, սակայն մի փոքր ուշ կոմիտեում իրավիճակ փոխվեց: Պարզվել է, որ զինվորին ինքնասպանության չեն հասցրել:

ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոր քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ սպանություն՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով: Հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Նռնակի պայթյունն ու կրակոցը

Այսպիսով, ի՞նչ է կատարվել ապրիլի 4-ին ՊԲ զորամասում, եւ ի՞նչ հանցանքի հետքերը թաքցնելու մասին է ակնարկել ՀՀ քննչական կոմիտեն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են եղել, որ դիրքում նռնակ է պայթել: Ըստ նախնական վարկածի՝ Գարեգին Բաբակեխյանի մահվան գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը դիրքում հերթապահության ժամանակ մի ակնթարթ քնել է, որից հետո արթնացել է եւ տեսել է զինվորին, մտածել է, թե հակառակորդն է, ու նռնակը նետել է նրա ուղությամբ: Այդ զինվորը եղել է Գարեգին Բաբակեխյանը:

Ավելի ուշ, տեսնելով, որ նռնակի պայթելուց վիրավորվել է իր ծառայակից ընկերը՝ Գարեգինը, վերջինս, մտածելով, որ նրա վիրավորման համար իրեն են մեղադրելու, որոշել է հետքերը թաքցնելու համար կրակել նրա կիզակից, թե, իբր, Գարեգին Բաբակեխյանը ինքնասպան է եղել: Սակայն ներկայում սպանված Գարեգին Բաբակեխյանի մահվան գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը ասում է, թե նման բան չի եղել: Սակայն դիրքում եղել են զինվորներ, որոնք գործով կարեւոր վկաներ են, որոնք հարուցված քրեական գործով իրարամերժ ցուցմունքներ են տվել:

Նկատենք, որ իրավապահներն այս խառնաշփոթ իրավիճակում դեռեւս չեն կարողանում հասկանալ, թե ինչ է իրականում եղել: Ունեն փաստ, որ Գարեգին Բաբակեխյանը մահացել է իր զինակից ընկերոջ զենքի կրակոցից:

Մեր տեղեկությունների մասով դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե , որտեղից ի պատասխան հայտնեցին. ,Նախաքննության այս փուլում նպատակահարմար չէ նման տեղեկատվություն տրամադրել : Ստուգվում են բոլոր հնարավոր վարակածները: Նախաքննության ընթացքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվությունե: Նշենք, որ երեկ Գարեգին Բաբակեխյանին մահվան գործով նրա համածառայակցին մեղադրանք առաջադրվեց եւ նա կալանավորվեց:

Քնար Մանուկյան




Լրահոս