Մասնավոր հեռուստաընկերությունները դժգոհ են․ ինչ կորոշվի այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ապրիլի 10-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Օրակարգում պետք է քննարկվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Մենք տեղեկացանք, որ հարցը ներկայացնելու է ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 25-ին փոխնախարար Դանիելյանը խորհրդարանում ներկայացրել էր նախագիծը, ըստ որի՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է գովազդի տեղադրում թույլատրել Հանրային հեռուստաընկերությանը։ Առաջարկվում է մեկ եթերաժամի ընթացքում մինչեւ 5 րոպե տեւողությամբ վճարովի գովազդ տեղադրել, որը կցուցադրվի 18:00-00:00-ն: Իսկ սոցիալական անվճար գովազդը կհեռարձակվի ժամը 00:00-ից մինչեւ 18:00-ն։ Ըստ փոխնախարարի՝ վճարովի գովազդը լրացուցիչ ֆիանանսական հոսքեր կապահովի, ինչը թույլ կտա Հանրայինին տեխնիկական վերազինման եւ եթերացանցի վերանայման հարցը լուծել։

Սակայն այս օրենքի նախագծից դժգոհ են մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք հայտարարում են, որ այդ դեպքում իրենք կզրկվեն գովազդից, ինչի պատճառով կհայտնվեն ֆինանսական ճգնաժամի մեջ, քանի որ գովազդների միջոցով է, որ իրենք կարողանում են գոյատեւել: Իսկ եթե հանրայինը մտնի իրենց հետ մրցակցության մեջ, ապա, ունենալով պետբյուջեից հատկացումներ, մասնավոր գովազդատուներին «պետական միջոցներով» կտանի, ինչը նշանակում է` մյուս բոլոր հեռուստաընկերությունները պետք է փակվեն:

Երեկ այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավոր, լուսավորական Աննա Կոստանյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել մասնավոր հեռուստաընկերությունների աջակցելու համար:

-Տիկի՛ն Կոստանյան, առաջիկայում Ձեր հանձնաժողովում պետք է քննարկվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր խմբակցությունը այդ նախագծի վերաբերյալ:

-Քննարկումներ արել ենք, դիրքորոշումը նախնական քննարկման ժամանակ որ հանձնաժողովում քննարկեցինք, հակասական էր, որովհետեւ 2014 թվականին այս օրենքը ընդունվեց՝ Հանրայինի եթերից գովազդը հանելը պայմանավորված էր նրանով, որ, նախ, Հանրայինը չպետք է կոմերցիոն նպատակներ հետապնդի, հասարակությանն էլ մի փոքր նյարդայնացնում էր այդ գովազդների առկայության փաստը: Ես կարող եմ իմ անձնական դիրքորոշումը հայտնել: Խմբակցության դիրքորոշումը հետեւյալն էր, որ հնարավոր է՝ այս քայլով անհավասար մրցակցային պայմաններ ստեղծվի մասնավոր հեռուստաընկերությունների նկատմամբ, քանի որ հաշվի առնելով, որ հանրայինը մեծ լսարան ունի եւ հատկապես պետությունից բավականին լուրջ հատկացումներ է ստանում տարեկան կտրվածքով՝ հիմա էլ կոմերցիոն գովազդներն ու սոցիալական գովազդները հեռարձակելը որքանով է ճիշտ մասնավոր հեռուստաընկերությունների նկատմամբ: Բայց ես դեմ եմ, քանի որ, որպես ՀՀ քաղաքացի, չէի ցանկանա Հանրայինով տեսնել գովազդներ:

-Մասնավոր հեռուստաընկերություններն արդեն իրենց դժգոհությունը ներկայացրել են այդ անհամաչափության վերաբերյալ: Ի՞նչ եք պատրաստվում անել նրանց օգնելու համար:

-Ես պատկերացնում եմ, որ Հանրայինն իր ռեսուրսներով, պետական հատկացումներով բավականին մեծ աուդիտորայիով անհամաչափ պայմաններ է ստեղծելու մասնավոր հեռուստաընկերությունների հանդեպ: Բայց քանի որ հանձնաժողովի եւ լիագումար նիստերի ժամանակ իշխող խմբակցությունը հայտարարեց, որ սա քաղաքական դիրքորոշում է, քաղաքական քայլ է, այդ կոնտեքստում մեր խմբակցությունը կողմ քվեարկեց նախագծին՝ զուտ ընդունելով այդ հանգամանքը, որ ներկայիս գործող «Պանարմենիա Մեդիա Գրուպ» ընկերության մոնոպոլիստական ձիրքը մի փոքր թուլացնեն եւ հավասար պայմաններ ստեղծեն: Ես այս պահին չեմ կարող որեւէ գնահատական տալ, թե դա որքանով է իրականությանը համապատասխանում, ամեն դեպքում այն ռիսկերը, որոնք որ ես տեսնում եմ, դա արձանագրել եմ իմ ելույթներում:

-Բայց անհավասար իրավիճակ է այդ դեպքում ստեղծվում մասնավորների նկատմամբ, քանի որ, բացի գովազդից, Հանրայինը կստանա նաեւ պետական աջակցություն: Ինչո՞ւ ընդդիմությունը քայլեր չի ձեռնարկում այդ անհավասարությունը կանխելու համար:

-Ես ասել եմ, որ մենք այս փոփոխությունով վնասելու ենք մասնավորին, քանի որ հենց այդ գովազդների շնորհիվ է, որ գոյանում է մասնավորի բյուջեն, ու որքանով է իրավացի իշխանությունը, երբ մատնանշում է, որ սա մրցակցային պայման է ստեղծում: Ախր, մրցակցայինը այստեղ է տապալվում, երբ ակնհայտ է, որ հանրայինը ունի այլ ռեսուրս: Առաջին ընթերցման ժամանակ ես հեռուստաընկերությունների որեւէ հայտարարություն չտեսա, որ դեմ դուրս գային կամ կապվեին ընդդիմադիր պատգամավորների հետ, խնդրեին, որպեսզի կարողանանք այս հարցը ավելի հնչեղ երանգ տանք եւ այլն: Այսպիսի հայտարարություններ չտեսանք՝ մտածելով, որ իշխանությունների բերած այն փաստարկը, որ մրցակցային դաշտ են ստեղծում, միգուցե ճիշտ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս