ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ խոսելով հեռավար կրթության համակարգի մասին, նշել էր. ««Ըստ էության, մենք այս տարի, չնայած դպրոցները ֆիզիկապես փակ են, բայց ուսումնական տարին ավարտին կհասցնենք, երեխաները կավարտեն դասարանները, դպրոցը: Մենք հեռավար կրթության ամբողջական համակարգ կունենանք մինչև աշուն, որովհետև մեծ հավանականություն կա, որ աշնանը ևս կորոնավիրուս ենք ունենալու, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի:
Վարչապետի այս հայտարարությունը բազմաթիվ հարցերի տեղիք էր տվել և շատերն էին հետաքրքրվում՝ ի վերջո ինչպես է իրականացվելու կրթությունը նոր ուսումնական տարում և ամենագլխավոր հարցը՝ առաջին դասարանցիների ընդունելություն կատարվելու է, թե ոչ:
Հարցերին պարզաբանում ստանալու նպատակով ArmLur.am-ը զրուցել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե առաջին դասարանցիների ընդունելություն առկա է՝ առցանց համակարգով և ոչինչ չի փոխվել: Իսկ անդրադառնալով արդեն նոր ուսումնական տարվա մեկնարկին, նա նշեց, թե այս պահին ոչինչ չի կարող ասել, սակայն առաջին դասարանցիների գրանցումը լինելու է:
Իսկ ինչպես է տեղի ունենալու գործընթացը:
Մայիսի 8-ից բացվել է առաջին դասարան ընդունվող երեխաների հայտագրման համակարգում տվյալների ստուգման հնարավորությունը։ Ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն համապատասխան համակարգով: Սակայն սա ընդամենը ստուգում է, ոչ թե բուն հայտագրումը։ Հայտագրումը մեկնարկելու է հունիսի 1-ին՝ առաջնահերթություն ունեցողների համար։ Հունիսի 11-ից սկսած համակարգը բաց կլինի բոլորի համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան