Մարդասպանի փոխարեն պատասխանատվության է կանչվել պետությունը՝ Ադրբեջանը. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԵԴ-ը հրապարակել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը: Մամուլի ասուլիսի ժամանակ վճռի մասին տեղեկացրեց փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

«Տեղյակ եք, որ սպանությունը եղել է 2004 թվականին, 2006 թվականին արդեն ունեինք Հունգարիայի դատարանների կողմից մարդասպանին ցմահ ազատազրկման դատապարտելու մասին դատավճիռը: Ընդ որում, այդ դատավճռով կար հստակ սահամանափակում, որ պայմանական վաղաժամկետ ազատման հարցին կարող էին անդրադառնալ պատժի փաստացի կրումից 30 տարի անց: Ադրբեջանական իշխանությունների կողմից հունգարական իշխանությունների հետ մի քանի տարվա ակտիվ աշխատանքից հետո, սակայն 2012 թվականին մարդասպանը հետագայում պատիժը կրելու նպատակով արտահանձնվեց Ադրբեջանին, այդ արտահանձմանն էլ անմիջապես հաջորդեց նախագահական հրամանագրով վերջինիս ներումը, հերոսացումը, կոչումների բարձրացումը և այլն:

«Այս գործով մենք հարցի հարթությունը փոխել ենք և այս պահին ունենք Ադրբեջանի կողմից քաղաքականության, մարդու իրավունքների պատասխանատվության դրվագ: Առաջին ձեռքբերումը, որ այս վճռի կայացմամբ կա, այն է, որ պատասխանատվության է կանչվել պետությունը և այս անպատժելիության համար պետությունն է հանձնառու և բոլոր հետագա միջոցները, որոնք պահանջվելու են, դրա հասցեատերը լինելու է ոչ թե մարդասպանը, այլ պետությունը՝ Ադրբեջանը»,- ներկայացրեց փաստաբանը:

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ այս գործով ունենք մեզ գոհացնող վճիռ, որով Ադրբեջանի կողմից Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի իրավունքների խախտումները արձանագրվել են, ցավոք չի արձանագրվել Հունգարիայի կողմից խախտումների փաստը, որը իրենք բարձրաձայնել են: «Այս մասով մեր վստահորդների հետ խորհրդակցելուց հետո չենք բացառում մեծ պալատ դիմելը և մինչև վերջ նաև Հունգարիայի պատասխնատվությանը հասնելը: Կյանքի իրավունքի խախտումը արձանագրվել է և նաև արձանագրվել է, որ հակահայկական խտրականության հետ գործ ունենք, որն իրականացնում է Ադրբեջանը հայերի նկատմամբ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սա պատմական վճիռ է:

Նրա խոսքով՝ գոյություն ունեցող առաջին վճիռն է, որ միջազգային դատական ատյանը արձանագրում է ադրբեջանական պետության կողմից հակահայկական խտրականություն դրսևորելը, ատելությունը և այս վճռի իրավական հետևանքները պետք է լինեն նաև այն, որ Ադրբեջանը պետք է ժամանակի ընթացքում ապահովի հակահայկական խտրականության վերացումը:

«Քանի որ վճիռը արձանագրվել է որպես կյանքի իրավունքի խախտում, սրան պետք է հաջորդեն այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն մարդասպանի կողմից վճռի փաստացի կրումը: Այս գործը իրականում պետության համար ավելի մեծ նշանակություն ունի, քան ընտանիքի: Ընտանիքի կորուստն անդառնալի է, ընտանիքը նաև չի պահանջել նյութական փոխհատուցում, մեր պայքարը եղել և մնում է բարոյական և իրավական հարթության մեջ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարին հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին: Դասընթացին Ադրբեջանը ներկայացնում էր հատուկ պատրաստվածություն անցած ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնահարել քնած հայ սպային: Դեպքից երկու տարի անց մարդասպան Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց և միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը Երևանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:




Լրահոս