ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատավարձով ապրողները․ որքան ունեցվածք ունեն արտաքին գործերի նախարարն ու փոխնախարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել, թե  պաշտոնատար անձինք իրենց ունեցվածքի վերաբերյալ ինչ տեղեկություններ են ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այս անգամ կանդրադառնանք արտաքին գործերի նախարարությանը՝ ներկայացնելով նախարարի և փոխնախարարների հայտարարագրերը։

Այսպիսով, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանի միանձնյա սեփականատեր է, ունի նաև VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, որը նվիրատվություն էր ստացել 2012 թվականին։ Նախարարը հայտարարագիրը ներկայացնելիս կանխիկ դրամ չի ունեցել, իսկ ահա բանկային հաշիվների վրա ունեցել է 18 հազար դոլար եւ 11 մլն 500 հազար դրամ։ Նախարարի մեկ տարվա եկամուտը միայն աշխատավարձն է եղել, որը կազմել է 16 մլն 776 հազար դրամ։

Նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը 2019 թվականին անշարժ գույք չի գնել, սակայն Երևանի Կենտրոն վարչական շրջանում եւ Կոտայքի մարզի Պտղնի համայնքում ունի ժառանգություն ստացած բնակարան և այգետնակ։ Փոխնախարարը 2019 թվականին 6700 դոլարով վաճառել է իր BMW մակնիշի ավտոմեքենան։ Սակայն Ադոնցն ունի 2013 թվականի արտադրության AUDI մակնիշի ավտոմեքենա։ Փոխնախարարը ևս հայտարարագիրը ներկայացնելիս կանխիկ դրամների մասին տեղեկություն չի լրացրել։ Հայտարարագրի համաձան, նա բանկում  ունեցել է 2387 եվրո, 49 հազար դոլար եւ 499 հազար դրամ։ Ավետ Ադոնցի եկամուտը ևս գոյացել է միայն աշխատավարձից, որը մեկ տարվա ընթացքում կազմել է 11 մլն դրամ։

Մյուս տեղակալ Արտակ Ապիտոնյանն ունի երկու բնակարան՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում, ինչպես նաև համատեղ սեփականությամբ բնակարան Ավան վարչական շրջանում։ Փոխնախարարը նախորդ տարի ավտոմեքենա չի գնել, փոխարենը 2018 թվականին գնել էր MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ Բանկային հաշիվներում փոխնախարարն ունեցել է 310 հազար դրամ, 645 դոլար եւ 5524 եվրո։ Բացի  փոխնախարարի՝ 11 մլն դրամ աշխատավարձից, Ապիտոնյանը բանկերից նաև փոխառություններ է ստացել՝ 1 մլն դրամի եւ 82 հազար դրամի չափով։

Հայտարարագրի համաձայն, մյուս՝ երկարամյա տեղակալ Շավարշ Քոչարյանը, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք։ Ամեն դեպքում, հայտարարագրում այդ մասին տվյալներ չկան։ Կանխիկ ունեցել է 220 հազար դրամ, իսկ բանկում՝ 966 հազար դրամ, 1300 եվրո եւ եւս 283 հազար դրամ։ Իսկ մեկ տարվա ընթացքում բացի փոխնախարարի՝ 11 մլն դրամ աշխատավարձից, որպես եկամուտ ստացել է 672 հազար դրամ  կենսաթոշակ, Երևանի պետական համալսարանից 1 մլն դրամ, իսկ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցից էլ՝ 41 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս