Արդեն մի քանի օր է՝ համացանցը ողողված է գյումրեցի տատիկի պատմությամբ: Կհիշեք՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին, հարազատները քանի օր է` փնտրում են ու չեն գտնում։ Դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, իսկ երբ դիմել են առողջապահության նախարարություն, նրանց հետ են ուղարկել պարետատուն: Ապա դիմել են ոստիկանություն:
Բայց երեկ արդեն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ գյումրեցի տատիկի դին գտնվել է, նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում, ու պետք է արտաշիրիմում արվի։ Այս թեմայի շուրջ Մարիամ Մալխասյանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո գտան իրենց տատիկի՝ Սոնիկ Կարապետյանի դին, թե ոչ:
Եւ որպեսզի հասկանանաք այս խառնաշփոթ պատմությունը, ArmLur.am-ը եղավ Նոր Հաճնում, հանդիպեց մահացած տատիկի թոռնիկի՝ Ավետիսի հետ: Ավետիսը մեկ ամսում կորցրել է եւ պապիկին՝ Ավետիսին եւ տատիկին՝ Սվեդնյա Վիրաբյանին: Նա հրաժարվեց այս թեմայի շուրջ մեզ հետ խոսել տեսախցիկի առաջ: Բայց ընդգծեց, որ իրենք խիստ վրդովված են տեղի ունեցածից: Ավետիսի խոսքով, ընդամենը պետք էր դիմել ոստիկանություն եւ ոչ թե նման աղմուկ բարձրացնել: Ըստ որոշ տեղեկությունների՝ գյումրեցի տատիկի դին իբր շփոթել են Սվեդնյա Վիրաբյանի դիակի հետ: Իբր Սվեդնյա Վիրաբյանի հարազատները հուղարկավորել են գյումրեցի տատիկին՝ Սոնիկ Կարապետյանին:
Ի դեպ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին չգտնելու դեպքին հայտարարել է, որ տեղի է ունեցել շփոթմունք ճանաչման, ինչպես նաև դիերի տեղափոխման պրոցեսում: Ըստ նախարարի՝ հարազատը ճանաչել է իր հարազատի դին, սակայն իրականում այդպես չի եղել: Հետո նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել: Պարզվում է՝ նախարարն անտեղյակ է:
ArmLur.am-ը հեռախոսազրույց ունեցավ Նոր Հաճնեցի Սվեդնյա Վիրաբյանի փեսայի՝ Հովհաննես Ադամյանի հետ: Պարզվում է՝ իրականում ոչ թե դիակներն են շփոթել, այլ՝ անուններն ու ազգանունները: Արտաշիրիմում են կատարել, պարզել են իրենց տատիկն է, ապա՝ վերահուղարկավորել: Իսկ նախարարը խիստ զբաղված է սոցիալական ցանցում գրառումներ անելով: Հարազատի խոսքով, երկու տատիկների դիերը տեղափոխվել են Աբովյանի դիահերձարան:
ArmLur.am-ը կապ հաստատեց դիահերձարանի հետ, զրուցեց դիակների հարցով զբաղվող ոմն Արտյոմի հետ եւ հետաքրքրվեց՝ ինչն է իրականում շփոթմունքի պատճառը: Ստեղ իրա խոսքերը: Թե այս խմորը որքան ջուր կվերցնի, այս պահին դժվար է ասել: Բայց նշենք, որ գյումրեցի Սոնիկ Կարապետյանի դին հիվանդանոցից այլ մարդկանց հանձնելու փաստի առթիվ հարազատները դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն, դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Դե ինչ, սպասենք եւ տեսնենք, թե այս պատմության իրական մեղավորներն ովքեր են եւ ովքեր կպատժվեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան