2020թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողները, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում ծառայություն իրականացնելիս, նկատել են, որ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, խախտելով ՀՀ պարետի որոշումը, պաշտպանիչ դիմակ չի կրում, և կանգնեցրել են:
Նշված ավտոմեքենայի ուղևորը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դուրս է եկել ավտոմեքենայից, վիճաբանել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով հարվածներ է հասցրել և քաշքշելով պոկել է համազգեստի կոճակները՝ այդ կերպ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ գործադրելով ոչ վտանգավոր բռնություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում: Ոստիկաններից երեքը ճանաչվել են տուժող:
Պարզվել է ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած քաղաքացու ինքնությունը, որը Ստեփանավան քաղաքի բնակիչ է: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, հարցաքննվել դեպքի շուրջ և նույն օրը ձերբակալվել՝ ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրության և հագուստների զննություններ, առգրավումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: