Դեռեւս հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխություններից հետո ՍԴ երեք արդեն նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Սահմանդրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՄԻԵԴ-ից հայրենի կառավարությունը հարցաշար է ստացել , որպեսզի նրանք տեղեկություններ տրամադրեն դատավորների մասին, որպեսզի կարողանան վճիռ կայացնել:
Armlur.am-ը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրական են տեղեկություններ, ու ինչ են պատրաստվում նրանք անել:
-Պարո՛ն Կիրակոսյան, մենք տեղեկություններ ունենք, որ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկել՝ կապված ՍԴ երեք արդեն նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի եւ Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Որքանո՞վ է իրական այս տեղեկությունը:
-Այո՛, ստացել ենք, երեք նախկին դատավորներ եւ Հրայր Թովմասյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՀՀ-ի դեմ գանգատ են ներկայացրել եւ խնդրել են դատարանին կիրառել հայցի ժամանակավոր միջոցներ, եւ տրվել է որոշակի հարցեր կառավարությանը: Մենք այսօր ունենք վերջնաժամկետ, որին կպատասխանենք: Իրենք ՄԻԵԴ-ում գանգատ են ներկայացրել ու պնդել են, որ իրենց իրավունքների խախտում է տեղի ունեցել՝ կոնկրետ հղում կատարելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի, 1-ին արձանագրության, 1-ին հոդվածի վրա, ու դրա հիման վրա պնդում են, որ պետք է որոշում կայացնի՝ կառավարության պարտավորեցնելով որոշակի գործողություններ կատարելու, ըստ որի՝ դատարանը մեզ հարցեր է ուղղել, որպեսզի կարողանա լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Այսինքն՝ դրանից հետո դատարանը նոր կկարողանա որոշում կայացնել: Ամեն դեպքում, մենք այսօր ամբողջական կտանք մեր պատասխանը:
-Իսկ ի՞նչ փաստեր ունի կառավարությունը, ու այդ պատասխանը ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի համար թե՛ դրական, թե՛ բացասական առումով:
-Գանգատի ընդհանուր քննությամբ դատարանը կորոշի, այսինքն՝ երբ կքննի այն: Կառավարությունը առարկում է ե՛ւ փաստարկները, ե՛ւ նաեւ այն հանգամանքը, որ նմանատիպ վիճակներում միջանկյալ միջոցի կիրառումն անընդունելի է համարում կառավարությունը: Բնականաբար, այդ մասին մենք կներկայացնենք դատարանին, մեր փաստարկված, մեր հիմնավոր եւ իրավաբանորեն շատ հիմնավոր դիրքորոշումը:
-Կառավարության պատասխանից հետո կա՞ ժամանակահատված, թե երբ է ՄԻԵԴ-ը իր դիրքորոշումը ներկայացնելու:
-Սովորաբար նման իրավիճակներում արագ է լինում, երբ որ միջանկյալ միջոցի մասին է խոսքը, օրերի հարց է, կարծում եմ՝ այս շաբաթ որոշում կլինի: Կառավարությունը իր դիրքորոշումների վրա շատ վստահ է, եւ իրավական փաստարկները, կարծում եմ, շատ հիմնավոր են:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻՑ ՉԵՆ ՕԳՏՎՈՒՄ
Տավուշի մարզի գյուղական շատ համայնքներ գազաֆիկացված չեն, անտառաշատ մարզում էլ վերջին տարիներին խիստ բարդացել է վառելափայտի հայայթման գործը։ 2016թ.-ին խոշորացված Բերդ համայնքի մաս կազմող բոլոր գյուղերը գազաֆիկացված են, Իծաքար գյուղում գազատարը կառուցված է, սակայն իծաքարցիները ֆինանսապես հնարավորություն չունեն իրենց տները գազաֆիկացնելու, դեպի առանձնատներ տանող ճյուղավորումներ անցկացնելու համար գումարներ վճարելու, Իծաքարում բնական գազի բաժանորդներ չկան։ Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղը 2015 թվականին ԻՖԱԴ-ի վարկային ծրագրով Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մյուս գյուղերի նման գազաֆիկացվել է, Բարեկամավանի թաղամասեր գազատարի ճյուղավորումներ են անցկացվել, սակայն Բարեկամավանում դեռեւս բնական գազի ոչ մի բաժանորդ չկա, գյուղացիներն իրենց տները գազաֆիկացնելու գումարներ չունեն։ Բարեկամավանի հարեւան Կոթի գյուղը գազաֆիկացված է, սակայն առանձնատերը գազատարին միացնելու գումարներ չունենալու պատճառով Կոթիում շատ ընտանիքներ չեն կարողանում օգտվել բնական գազից։ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց եւ Բերքաբեր, նաեւ Աճարկուտ գյուղերը գազաֆիկացված չեն։ Կիրանց գյուղը գազաֆիկացնելու համար պետք է 3 կմ երկարությամբ գազատար կառուցել։ Խոշորացված Դիլիջան համայնքի մաս կազմող Հովք եւ Խաչարձան գյուղերը թեեւ գազաֆիկացված են, սակայն այդ գյուղերում բնական գազի շատ քիչ բաժանորդներ կան, Աղավնավանք գյուղը նախկինում գազաֆիկացվելէ, սակայն գյուղ մտնող գազատարը վնասված է, գյուղում բնական գազի բաժանորդներ չկան։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՀԱՐՑ
Հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստ, որում պետք է հավանության արժանանա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի անդամի համար «Իմ քայլ»-ի կողմի թեկնածու առաջադրելու հարցը: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցությունն այդ պաշտոնի համար ներկայացրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: Հ. Խաչատրյանը զբաղեցրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի կառավարման վարչության ղեկավարի պաշտոնը։
ՏԱՐԵՑՆԵՐՆ ԱՌՈՂՋԱՑԵԼ ԵՆ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակվածության նոր դեպքեր չկան: Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները:
ՓՈՐՁԵԼ ԵՆ ԳՈՂԱՆԱԼ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Իջեւան քաղաքի բնակիչներ Գեղամ Սարուխանյանին, Էրիկ Ցուցուլյանին, Գարիկ Պետրոսյանին, Էրիկ Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք խմբով, ժամանակավորապես որպես պահեստարան հանդիսացող Իջեւան քաղաքի Նալբանդյան փողոցի 1-ին շենքում գտնվող Իջեւանի թիվ 4 հիմնական դպրոց ապօրինի մուտք գործելու եւ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նախնական համաձայնությամբ, 2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում գնացել են նշված դպրոցի բակ, հետնամասից մոտեցել դպրոցի առաջին հարկում գտնվող զուգարանի պատուհանին, որտեղ Էրիկ Մելիքսեթյանը հրելով բացել է պատուհանի փեղկը, ապա ԳԵղամ Սարուխանյանը ապօրինի մուտք է գործել դպրոցի առաջին հարկի միջանցք, որտեղից պատուհանով դրսում գտնվող Գարիկ Պետրոսյանին, Էրիկ Ցուցուլյանին, Էրիկ Մելիքսեթյանին է փոխանցել Իջեւան քաղաքի անապահով ընտանիքների համար նախատեսված ընդհանուր 88 հազար 410 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին հասցնել չեն կարողացել։ Գեղամ Սարուխանյանին, Էրիկ Ցուցուլյանին, Գարիկ Պետրոսյանին, Էրիկ Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով («Գողության փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»)։
Գեղամ Սարուխանյանի, Գարիկ Պետրոսյանի, Էրիկ Մելիքսեթյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ անչափահաս Էրիկ Ցուցուլյանի նկատմամբ՝ հսկողությանը հանձնելը։ Գեղամ Սարուխանյանը եւ Էրիկ Մելիքսեթյանը Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայողներ են, այդ պատճառով սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։ Որպես կատարված հանցագործության իրեղեն ապացույց՝ դատարան են ներկայացվել Գեղամ Սարուխանյանն մեկ զույգ կոշիկները եւ իջեւանցի, ուկրաինաբնակ գործարար Ղազարյանների ընտանիքի կողմից գրառումներով սպիտակ թղթերի մեկ փաթեթը։
Ղազարյանների ընտանիքն է տրամադրել Իջեւան քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված ապրանքները, որը փորձել էր գողանալ նշված խումբը։ Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկեց հուլիսի 6-ին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ