Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությունը (#EPCArmenia)։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, արարողությունը մեկնարկել է մշակութային ծրագրով. ներկայացվել է ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլև մեր ժամանակակից արվեստը, ստեղծարար մշակութային միտքը և նորարար տեխնոլոգիաները։
Մշակութային պատկերապատում-ներկապնակը մեկ անգամ ևս հաստատել է, որ Հայաստանը դարեր շարունակ եղել է և այսօր ևս շարունակում է մնալ մշակութային խաչմերուկ՝ կամրջելով տարբեր ժողովուրդների և մշակույթների երկխոսությունը՝ փոխճանաչման և փոխհարստացման նպատակով։
Պերֆորմանսը կառուցված էր ջրի՝ որպես կյանքի, հիշողության, խաղաղության,մաքրության և մաքրագործման ու միասնության գաղափարի շուրջ։ Փոքր բեմականացված ներկայացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպությունները՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի պարախմբի արտիստները, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ճանաչված երաժիշտ-կատարող Տիգրան Համասյանը։

Մշակութային պերֆորմանսի հիմքում Մեսրոպ Մաշտոցի, Ավետ Տերտերյանի, Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Արամ Խաչատրյանի և Լյուդվիգ Վան Բեթհովենի անմահ ստեղծագործություններն էին։ Հայկական մշակութային ժառանգությունը ներկայացվել է Հայաստանի հնագույն քաղաքակրթության և վիշապաքարերի ավանդույթով, Անահիտ աստվածուհու պաշտամունքով, լեզվական մշակույթով, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանում» պահվող և նոր համալրված բացառիկ ձեռագրերով և Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի՝ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Մինաս Ավետիսյանի, Հակոբ Կոջոյանի, Վարդգես Սուրենյանցի, Գառզուի (Գառնիկ Զուլումյան) և վերջերս ձեռք բերված Արշիլ Գորկիի ստեղծագործություններով։
Հայ ժամանակակից արվեստը հյուրերին ներկայացվել է երիտասարդ և արդեն մեծ ճանաչում ունեցող նկարիչներ Ռաֆայել Մեգալի և Տիգրան Ձիթողցյանի կտավներով։
Մշակութային պերֆորմանսի տեսանյութը ստեղծվել է նորարարական տեխնոլոգիաների համակցմամբ։ Գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարի բեմային ձևավորումը պատրաստվել է «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների, իսկ մշակութային պատկերապատումը՝ Ֆեքթըրի պրոդաքշնի կողմից։



























