ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի հետ կապված բուռն քննարկումները չեն դադարում: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այդ նախագծին դեմ է արտահայտվել 147 հոգի, կողմ՝ 82 հոգի: Նկատենք, որ նախագիծը բավական ծավալուն է, ամեն դեպքում այն դեռ հանրային քննարկման է ներկայացված:

 

Մասնավորապես, նախարարությունն առաջարկում է վերաձեւակերպել առարկաները: Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել հետեւյալ 7 բնագավառները՝

Հայոց լեզու եւ գրականություն; Հայրենագիտություն; Օտար լեզուներ; Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ); Հասարակություն, հասարակական գիտություններ; Արվեստ եւ արհեստ; Ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն:

Միեւնույն ժամանակ առաջարկվում է տարրական, միջին եւ ավագ դպրոցներում իջեցնել ծրագրերի նորմատիվային նվազագույնը (դասաժամ)՝ արդյունքում պակասեցնելով դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը։ Սա հնարավորություն կտա փոքրացնել մեկ օրվա ընթացքում ուսուցանվող նյութի ծավալն այնպես, որ աշակերտները կարողանան նյութը յուրացնել տարիքով եւ անհատական առանձնահատկություններով պայմանավորված ծանրաբեռնվածությամբ եւ  արագությամբ:

Առաջարկվում է ուսումնական պլանում ներառել երեք բաղադրիչ՝ պետական բաղադրիչ, դպրոցական բաղադրիչ եւ անհատական բաղադրիչ: Ի տարբերություն գործող չափորոշչի՝ անհատական բաղադրիչը ավելացնելու անհրաժեշտությունը բխում է աշակերտների հետաքրքրությունների եւ կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունից: Անհատական բաղադրիչը աշակերտին հնարավորություն է տալիս ընտրել դպրոցի կողմից առաջարկվող այն նախագծերը կամ խմբակները, որոնց ցանկանում է մասնակցել։

Նախագծում առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարեւորելով ուսուցանող (ձեւավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:

Նախագիծը բավական ծավալուն է, սակայն այս օրերին շատ մասնագետներ են ուսումնասիրել այն եւ իրենց տեսակետը ներկայացրել: Հատկապես լայն քննարկման առարկա է հանդիսացել այն հանգամանքը, որ կրթական ծրագրով նախատեսվում է վերացնել «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկան, եւ այն ինտեգրել այլ հասարակագիտական առարկաներին: Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել Հայոց լեզվի եւ գրականության ուսուցումը դպրոցում, փոխարենը ավելացնել Օտար լեզուների դասաժամերը։  Նախկին ծրագրում նախնական Զինվորական պատրաստությունը առանձին առարկա էր։ Այն եւս տարալուծվել է այս չափորոշիչում Ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն առարկայի մեջ։

Ինչպես արդեն հայտնեցինք, այն դրված է հանրային քննարկման, եւ առաջարկներ բաժնում ներկայացված մեկնաբանությունները հիմնականում վերաբերում են Հայոց եկեղեցու պատմությանը, եւ շատերն են նկատում, որ այդ առարկայի ուսուցումը պարտադիր է:

Ն. Հ.

 

 

ՊԵՏՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԿԱՎԵԼԱՑՎԵ՞Ն

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում՝ ավելացնելով դատարան դիմելու պետական տուրքի չափը: Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրված է e-draft.am տեղեկատվական հարթակում: Նախագծով առաջարկվում է պետական տուրքի գործող դրույքաչափերը ավելացնել միջինում մինչեւ 4 անգամ։ Արդյունքում դրամական պահանջի դեպքում Տուրքի նվազագույն արժեքը կազմում է 6,000 դրամ, որն էլ իր հերթին կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9.77 %-ը:

 

Միաժամանակ, նույն սկզբունքով առաջարկվում է վերանայել նաեւ դրամական պահանջներով հայցադիմումների, դիմումների Տուրքի տոկոսադրույքները, ինչպես նաեւ Տուրքի գանձման այլ դեպքերը։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է համապատասխանեցնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար վճարվող պետտուրքի դրույքաչափերը ներկայումս հաստատված սոցիալ-տնտեսական ցուցանիշներին։

Ըստ նախագծի հիմնավորման՝ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխության չեն ենթարկվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 1999 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՕ-4 օրենքի ընդունումից ի վեր, իսկ գործող դրույքաչափերը չեն արտացոլում երկրի սոցիալ-տնտեսական հարաբերությունների առկա իրավիճակը:

Հիմնավորման համաձայն՝ օրենքի վերջին փոփոխությունից ի վեր 4,89 անգամ աճել է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, միջին ամսական աշխատավարձն աճել է 8,04 անգամ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է 5,2 անգամ, աճել է նաեւ սպառողական գների ինդեքսը: Արդյունքում, նշված սոցիալ-տնտեսական ցուցանիշները 2000թ.-ից մինչեւ 2020 թ.-ի առաջին եռամսյակը աճել են միջինում 4.4 անգամ։

Մյուս կողմից, Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն` նախորդ երկու տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները մինչեւ 4 եւ ավելի անգամ: Արդյունքում, 2018թ.-ից մինչեւ 2020թ.-ի առաջին եռմասյակի տվյալներով՝ «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքներով ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացված եւ փաստացի ծախսված գումարների տարբերությունը միջինում կազմել է մոտ 4 անգամ:

 




Լրահոս