«ԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ՉՀԻՇԵԼ ԻՆՁ ՀԱՐՎԱԾՈՂՆԵՐԻՆ». ԱԼԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է վերջին շրջանում էկրաններին հաճախ չհայտնվելու եւ հետաքրքիր այլ հարցերի մասին:

 

-Ալլա՛, տեւական ժամանակ է՝ Ձեզ էկրաններին չենք տեսնում. ինչո՞վ է պայմանավորված Ձեր լռությունը։

-Դեռեւս ութ տարի առաջ ես ինքս իմ ցանկությամբ հրաժարվեցի այլեւս հեռուստասերիալներում նկարահանվել, իհարկե դրանից հետո եղել են առաջարկներ, բայց հրաժարվել եմ, քանի որ ես ինձ այդ ոլորտում չեմ տեսնում, գուցե այն պատճառով, որ դեռ ես ինձ համար այդ ոլորտում հետաքրքիր բան չեմ գտել: Այլ բան է, օրինակ, մի քանի մասանի ֆիլմերը, հատկապես վերջին շրջանում հանրային հեռուստաընկերության կողմից արված նախագծերը: Ինչու չէ, եթե ինձ համար հետաքրքիր առաջարկներ լինեն, սիրով կընդունեմ։ Իսկ այս ընթացքում հասցրել եմ արդեն մի քանի գեղարվեստական ֆիլմերում նկարահանվել: Վերջին տարիներին ավելի շատ թատրոնի եւ երաժշտական ստեղծագործական զբաղվածությունս է շատ եղել, քանի որ ինձ ավելի հետաքրքիր է այդ ոլորտներում աշխատելը: Ֆիլմերի մասով հույսս չեմ կորցնում, առջեւում դեռ նախագծեր, հետաքրքիր պլաններ կան: Բացի դա, այս ամիսների ընթացքում մշակել էլ եմ նոր նախագծեր, դիզայներական, մոդելավորման աշխատանքներ, նմուշներ պատրաստել ցուցադրություններ  համար` ե՛ւ մեծերի, ե՛ւ փոքրերի, ինչպես նաեւ ներկայացման հագուստներ, աքսեսուարներ, անգամ փոքրիկ տեսանյութեր եմ պատրաստում մարդկանց մոտիվացնելու համար, օրինակ` ինչպես կարելի է փոքրիկ ծաղիկից  ինչ-որ նոր գեղեցիկ բան ստեղծել:

-Շատ դերասանուհիններ նշում են, թե բեմից դուրս ունեն որոշակի բարդույթներ: Ձեզ մոտ ինչպե՞ս է, իրականում կա՞ նման բան:

-Ես չեմ կարծում, որ ինչ-որ բարդույթներ ունեմ, սովորաբար, եթե ինչ-որ խնդիրներ կամ կոմպլեքսներ ունենում եմ,  միշտ աշխատում եմ դրանց վրա, այսինքն` որեւէ բան չկա, որ լուծում չունենա, եթե, իհարկե, դա կապված չէ կոնկրետ աշխատանքի եւ աշխատասիրության հետ:

-Դուք այն հազվագույտ դերասանուհիներից եք, ովքեր մշտապես ստեղծագործական նոր պրպտումների մեջ են: Վերջին շրջանում ինքներդ Ձեզ համար ի՞նչ բացահայտումներ եք արել:

-Ես միշտ պրպտումների մեջ եմ. եթե ինչ-որ բան ինձ մոտ չի ստացվում, դա զուտ իմ մեղքն է, եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող եմ ամեն ինչի հասնել: Դրա համար փորձում եմ միշտ նոր բաներ սովորել, ինքնակրթվել, զարգանալ, հետեւել, նոր շերտեր ավելացնել, չկանգնել նույն տեղում: Արվեստում ես ինքս էլ բազմակողմանի հետաքրքրություններ, հոբիներ ունեմ եւ այս ընթացքում էլ շատ բաներ եմ ինձ համար բացահայտել, սովորել, որոնք կիրառում եմ կյանքում, կենցաղում, եւ դա ինձ շատ է մոտիվացնում: Ես ինքս էլ իմ էությամբ անդադար պրպտող եմ, եւ ոգեւորությանս աղբյուրն են հանդիսանում ընտանիքս եւ բնությունը:

-Ընդհանրապես ասում են, թե թատրոնը դերասանի համար տան կտուր է՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Դուք ինչպե՞ս կնկարագրեք այն:

-Թատրոնն ինձ համար միշտ է եղել առաջնային, անգամ եթե նկարահանվում էի հեռուստասերիալներում: Այդ ժամանակ դա ինձ համար կարեւոր էր, քանի որ սովորում էի Կոնսերվատորիայում, եւ ինձ վարձավճարի համար անհրաժեշտ էր գումար, բայց դա չդարձավ ինձ համար ինքնանպատակ: Հետո սկսում ես ինքդ քեզ համար ֆիլտրել, թե որն է քեզ համար ավելի կարեւոր, որն է հոգիդ ավելի հարստացնում, իսկ թատրոնում նոր դերեր կերտելով՝ դերասանուհին հարստանում է, եւ դու ինքդ քեզ վրա աշխատելով` նոր գույներ ու ռեսուրսների բազա ես ստեղծում:

-Ի՞նչը կարող է վախեցնել Ալլա Սահակյանին:

-Ես աշխատում եմ վախերի մասին չմտածել. եթե մարդ հավատում  է, որ Աստված գոյություն ունի եւ իրեն պաշտպանում է, ապա չպետք է վախենա:

-Երբեւէ մեկին զղջման խոսքեր ասե՞լ եք:

-Այո, ասել եմ: Կարծում եմ՝ ավելի շատ մարդն իր գործով պետք է ուղղի իր սխալը եւ իր գործով վերանայի իր վերաբերմունքն ու կարծիքը: Մարդ պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել. եթե ներողություն խնդրելու անհրաժեշտություն չկա, ապա այդ քայլը նույնպես մեծ ուժի մասին է խոսում:

-Ո՞վ կարող է Ձեզ թիկունքից հարվածել:

-Ես աշխատում եմ չհիշել ինձ հարվածողներին, ինքս տեսակով լավատես մարդ եմ: Կյանքը բումերանգ է, եւ յուրաքանչյուր վատ բան անպայման հետ է վերադառնում:

-Ավելի շատ ընկրկո՞ղ եք, թե՞ պայքարող:

-Երբեք չեմ ընկրկում եւ փորձում եմ հնարամիտ ձեւով ամեն պարագայում լուծումներ գտնել:

-Ինչպիսի՞ մայր եք Ձեզ համարում:

-Որպես մայր չեմ կարող ինձ բնորոշել: Ամեն բան անում եմ իմ ուժերի ներածին չափով, թեեւ ունեմ աչքիս առաջ մորս օրինակը, ով արել եւ անում է ամեն բան իր երեխաների համար, բայց ես աշխատում եմ գերազանցել նրան՝ լինելով աղջկաս համար ե՛ւ մայր, ե՛ւ քույր, ե՛ւ ընկերուհի:

-Ձեր սիրելի հայ գրողը` չափածո եւ արձակ:

-Ընդհանրապես շատ եմ սիրում մեր հայ գրականությունը եւ իմ ամբողջ դպրոցական տարիներին չափազանց շատ էի կարդում եւ հիմա էլ շատ եմ ընթերցում: Թերեւս կառանձնացնեմ ինձ համար յուրահատուկ մի քանի հեղինակների` Վահան Թեքեյան, Վահան Տերյան, Համո Սահյան,  Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, իսկ արձակ ստեղծագործներից հավանում եմ ժամանակակից գրողներից Հովհաննես Երանյանին, Վիլյամ Սարոյանի պատմվածքները, Շառլ Ազնավուրի գրքերը, Հրանտ Մաթեւոսյան, Ստեփան Զորյան եւ Վահան Թոթովենց: Ես ինքս վերջերս սկսել եմ նկարահանել հեքիաթների շարք՝ այդկերպ  փորձելով իմ կրտսեր հանդիսատեսին օգտակար լինել: Մեծ արձագանքներ եմ լսել, ինչն է՛լ ավելի շատ է ոգեւորում, քանի որ ամեն բան անում եմ ինքնուրույն՝ նկարել, մոնտաժել եւ այլն: Կարծում եմ, եթե ցանկություն կա ինչ-որ մի նոր բան սովորելու եւ անելու, ապա երբեք ուշ չէ, միայն փորձել է պետք:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՎ ԶՐՈՅԻՑ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼ». ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

Դեռեւս հուլիսի 2-ին գույքահարկի բարձրացման թեման հեռավար քննարկվել էր ֆեյսբուքյան տիրույթում «Ես բնիկ եմ» անվանումով ֆլեշմոբ իրականացրած հանձնախմբի անդամների հետ: Ինչպես հայտնի է, ֆլեշմոբը մեկնարկել էր Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո, որը ենթադրում էր գույքահարկի բարձրացում: Ֆլեշմոբը նախաձեռնել էր երգահան Վահան Արծրունին, որին միացել էին բազմաթիվ մտավորականներ, որոնք սոցիալական ցանցի իրենց էջերում կիսվում էին «Ես բնիկ եմ եւ սա իմ քաղաքն է» կարգախոսով:

 

Նախաձեռնության արդյունքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկել էր հեռավար քննարկել գույքահարկի թեման, ֆեյսբուքյան ակցիայի մասնակիցներն ընդունել էին առաջարկը: Եվ ինչպես արդեն նշեցինք, քննարկումը տեղի էր ունեցել հուլիսի 2-ին: Թե ինչ կտա քննարկումը, եւ ինչ քայլեր կլինեն հետագայում, ArmLur.am-ը փորձել է պարզել Վահան Արծրունուց:

«Այս օրն ունի ֆիսկալ բնութագրություն: Օրենք, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, չպետք է գրվեր մի խումբ տնտեսագետների կողմից: Պետք է կատարվեր լրջագույն հետազոտական աշխատանք…: Այս օրենքն անկատար է: Պետք է հրաժարվել գույքահարկի բարձրացման այս տարբերակից եւ զրոյից գործընթաց սկսել»,- նշել է Վահան Արծրունին:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

ՀԱՃԵԼԻ ՉԷ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն Պրիմերայի 34-րդ տուրի խաղում «Վիլյառեալի» նկատմամբ տարած 4։1 հաշվով հաղթանակից հետո վստահեցրել է, որ կատալոնական թիմը մինչեւ վերջին տուրի խաղը կպայքարի չեմպիոնի տիղտոսը պաշտպանելու համար։ «Իհարկե, հաճելի չէ մրցաշարային աղյուսակում առաջատարից հետ մնալը, բայց մենք կպայքարենք, որպեսզի փոխենք այս իրադրությունը։ Գիտենք, որ բարդ կլինի, բայց պետք է հաղթել մնացած բոլոր հանդիպումներում։ Վստահ եմ, որ մրցակիցները վերլուծում են մեր խաղը եւ պատրաստված են մոտենում հանդիպումներին։ Մենք արդեն տեւական ժամանակ խաղում ենք նույն սխեմայով, եւ մարզիչը փնտրում է նոր լուծումներ»,- ասել է Պիկեն:

«Բարսելոնան» վաստակել է 73 միավոր եւ առաջատար «Ռեալից» հետ է 4 միավոր։ Հուլիսի 8-ին կատալոնական թիմը կմրցի «Էսպանյոլի» հետ։ Լա Լիգայի մրցաշրջանի ավարտին մնացել է 4 տուր։

 

ԱՐԺԱՆԻ ՉԷԻՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Նապոլիից» կրած 1։2 հաշվով պարտությունն Իտալիայի առաջնության 30-րդ տուրի արտագնա խաղում։ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1։1։ «Կարծում եմ՝ մենք ավելի լավ խաղացինք, քան նախորդ հանդիպումներում։ Մենք արժանի չէինք պարտության։ Խաղացինք ձգտումով եւ խաղադաշտում թողեցինք բոլոր ուժերը։ 1։1 հաշվից հետո շանս ունեինք, բայց կենտրոնացած չէինք, երբ գոլ խփեց Ինսինյեն։ Այդուամենայնիվ, մենք առավելագույն ջանք կգործադրենք, որպեսզի մրցաշրջանն ավարտենք լավագույն ձեւով։

Մեզ պետք են ոչ միայն փորձառու խաղացողներ։ Անհրաժեշտ է փորձի եւ երիտասարդության համադրություն։ Կարծում եմ՝ մեր խնդիրն ավելի շատ մեր գլխում է։ Պետք է լինենք հանգիստ եւ չխելագարվենք՝ մտածելով, թե ամեն ինչ կորցրել ենք։ Դեռ շատ հանդիպումներ կան, եւ ամեն ինչ մեր ձեռքում է։

Մենք ունենք գերազանց թիմ եւ կարող ենք վերականգնվել, եթե հաղթենք հաջորդ խաղում։ Պետք է օգնենք իրար։ Ամեն ինչ լավ կլինի, քանի որ ունենք լավ կազմ»,-ասել է Մխիթարյանը:  Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։

«Նապոլին» 48 միավորով հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Ռոմային» եւ հետ է գոլերի տարբերությամբ։ Հուլիսի 8-ին «Ռոման» 31-րդ տուրի խաղում կընդունի «Պարմային»:




Լրահոս