«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ առավոտյան ստորագրեց Սահմանադրական դատարանի մասին եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով դադարեցվեցին ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն էլ զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից, սակայն երեկ երեկոյան դեռ ՍԴ կայքում Թովմասյանը շարունակում էր մնալ նախագահ, իսկ երեքը՝ ՍԴ անդամներ։
ՍԴ-ի մասին օրենքի համաձայն, պաշտոնանկ արված նախագահին փոխարինում է փոխնախագահը, իսկ եթե վերջինս արձակուրդում է՝ ամենատարեց դատավորը։ ՍԴ փոխնախագահն Ալվինա Գյուլումյանն էր, ուրեմն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը։
ՍԴ-ից պաշտոնապես հայտնեցին, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արեւիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով արձակուրդ են գնացել, օրենքը թույլ է տալիս նախորդ տարվա «չօգտագործած» արձակուրդն էլ գումարել։ Սակայն ՍԴ աշխատակարգի համաձայն՝ դատարանի նախագահը, ելնելով ՍԴ բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է արձակուրդն ամբողջությամբ կամ մասամբ «տարաժամկետել» կամ ՍԴ դատավորին արձակուրդից հետ կանչել՝ պայմանով, որ «տարաժամկետելը չպետք է խաթարի տվյալ օրացուցային տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունքի իրականացումը», եւ հետո այն պետք է վերականգնվի։
Հաշվի առնելով, որ ՍԴ-ում առանց քննության են մնացել մի շարք վարկային համաձայնագրեր, ապա մեծ է հավանականությունը, որ եկող շաբաթ Աշոտ Խաչատրյանը 2 դատավորներին հետ կանչի։ Իսկ նրանք կարծես թե չեն կարող չենթարկվել այդ պահանջին, հակառակ դեպքում կարգապահական պատասխանատվության կենթարկվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։