Եվրոդատարանը բավարարել է Նարեկ Սարդարյանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Այս մասին հայտնել է պատգամավոր Արտակ Զեյնալյանը։

Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից 19.07.2020թ դիմում ենք ներկայացրել (Արտակ Զեյնալյան, Արայիկ Ղազարյան) Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի, պահանջելով՝ կիրառել հրատապ միջոց.
1) ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար,
2) հայտնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին,
3) միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ և քրոջ (դիմողների) հետ ապահովելու ուղղությամբ,
4) Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում՝ դիմումատուներին ուղարկել քրեական գործի նյութերը։
5) կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան,

Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է հրատապ միջոց կիրառելու մասին մեր դիմումը և պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները.

1) տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին,
2) տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից,
3) հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին;
4) նշանակվե՞լ է արդյոք փաստաբան.
5) Արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ.

Դատարանը նաև առաջնահերթություն և տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ. ժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար:
Հիշեցնենք, որ օրերս՝ 08.07.2020թ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը (30 տարեկան, ամուսնացած, ունի երկու տղա, ապրում է ծնողների, եղբոր հետ, զբաղվում է անասնապահությամբ ունի շուրջ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն) Գորայք, Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավարյրում ձիով գնացել էր անասունների հոտի ուղությամբ և չէր վերադարձել: Մի քանի օր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել, ապա 15.07.2020թ համացանցում տարածվել էր Նախիջևանում տեսագրված տեսանյութ, որտեղ Ն. Սարդարյանը կադրի ետևից իրեն ուղղված հարցերին պատասխանում է, պատմում է՝ ինչպես է սպիտակ կտոր ծածանելով հանձնվել ադրբեջանի զինվորականներին ու, որ ինքն Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում կամ հանձնել երրորդ երկրի:




Լրահոս