Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 16։00-ի սահմաններում Գետարգել գյուղի սկզբնամասում Երևանի բնակիչ Արա Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել 61-ամյա Նիկոլ Վարդանյանի վարած International մակնիշի բեռնափոխադրիչ ավտոմեքենային։
Վթարի հետևանքով Opel-ի վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Այս պահին տեղում ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Վոլոդյա Կարապետյանն ու Արամայիս Պապիկյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն երթևեկելի գոտում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հետաքննիչ Ա. Ավետիսյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: