ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով
ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ:
Այսպես, ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով զննության են ենթարկել ՀՀ քաղաքացիների կողմից շահագործվող 2 տրանսպորտային միջոց: Բեռնատարները տեղափոխել են «Վերին Լարս» անցակետում տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ:
Մեքենաների կշռման արդյունքում պարզվել է, որ փաստաթղթերում նշված քաշը չի համապատասխանում իրական քաշի հետ: Հսկողություն
իրականացնելու նպատակով բեռնատարներն ուղարկվել են ռենտգեն զննման: Արդյունքում պարզվել է, որ մեքենայում առկա է չհայտարարագրված տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում՝ շարժիչի համար նախատեսված շուրջ 1 տոննա յուղ:
Երկու դեպքերով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն: