Թերեւս փետրվարին ձեւավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ակտիվ աշխատում է, սակայն մինչեւ այժմ որեւէ փաստաթուղթ առկա չէ: Դրա փոխարեն մասնագիտական հանձնաժողովն արդեն երկու անգամ հանրային քննարկում է անցկացնել եւ շարունակում է քննարկումները նաեւ մասնագիտական հանձնաժողովի ձեւաչափով: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած քննարկված ու համաձայնություն ստացած կետեր կան, սակայն էական հարցերի շուրջ մասնագիտական հանձնաժողովի անդամները դեռ չունեն միասնական մոտեցում: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջին եւ գլխավոր հարցերից մեկը, որի շուրջ կարողացել են արդեն համաձայնության հասնել, կառավարման մոդելի հարցն է, եւ որոշում է կայացվել, որ Հայաստանում կառավարման մոդել չի փոխվելու: Այսպիսով, 2015 թվականին ընտրված խորհրդարանական հանրապետության մոդելը կպահպանվի, սակայն դրա փոխարեն արդեն որոշվել է, որ կհանվի բոնուսների միջոցով խորհրդարանում մեծամասնություն ձեւավորելու դրույթը: Սակայն, մեր տեղեկություններով, այս հարցի վերաբերյալ որոշումը հեշտ չի ստացվել, եւ շատերն այն ռիսկային են համարել, սակայն կարծիք է հնչել, թե հենց դա է բխում խորհրդարանական մոդելի տրամաբանությունից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր Սահմանադրությամբ վերանայվելու են նաեւ հանրապետության նախագահի լիազորությունները, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը հենց մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը դժգոհել էր իր սակավ լիազորություններից, սակայն հանձնաժողովը դեռ չի որոշել՝ ինչ են ավելացնելու նախագահի լիազորություններում: Այս որոշումները մասնագիտական հանձնաժողովի անդամները հեշտությամբ են կատարել, սակայն, մեր տեղեկություններով, նրանք չեն կարողանում համաձայնության հասնել դատական իշխանությանն առնչվող փոփոխությունների շուրջ: Եվ վիճահարույց է հատկապես Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները միավորելու հարցը: Սա էլ եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, սակայն տեղեկացանք, որ քննարկումների արդյունքում կարծիքները տարբեր են եղել: Այդուհանդերձ, հանձնաժողովը նախատեսում է հոկտեմբերին հրապարակել նախնական հայեցակարգը, իսկ արդեն 2021 թվականի հունիսին՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը սակավաթիվ է եղել: Հայտնի է, որ իշխող խմբակցության հյուրը եղել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ներկայացրել է անվտանգության ռազմավարությունը եւ այն փոփոխությունները, որոնք պետք է արվեն: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ հարցի հետ կապված քննարկումը կարճ է տեւել, եւ իշխանական պատգամավորները շատ հարցեր չեն ուղղել Գրիգորյանին: Ընդամենը մի քանի հարցեր են հնչել տարբեր երկրների հետ մեր փոխհարաբերությունների, լարվածության մասին, որին Արմեն Գրիգորյանը կարճ պատասխաններ է տվել: Այնուհետեւ՝ նիստի ժամանակ, իմքայլականները անցում են կատարել ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի առաջադրման հարցին, որն, ի դեպ, առաջիկա օրերին պետք է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպում ունենա, մի խումբ պատգամավորներ հայտարարել են, որ պետք է ամեն ինչ անել` Ավետիսյանը խորհրդարանի ամբիոնին չհասնի: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները դժգոհ են Ավետիսյանից, ու հատկապես իր դժգոհությունն է հայտնում «Հայ ազգային կոնգրես»-ի թեւը, ու, նրանց կարծիքով, Ավետիսյանը ինքնակամ պետք է հրաժարվի եւ չգա խորհրդարան: Նույն աղբյուրների համաձայն՝ իմքայլականների շրջանում, բացառությամբ մի քանի հոգու, «մահակներով» սպասում են Ավետիսյանի հետ հանդիպմանը, որպեսզի ամեն գնով հասնեն նրան, որ Ավետիսյանը հայտարարի, թե ինքը չի ցանկանում կառավարության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն լինել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում հայտնվել են անելանելի վիճակի առջեւ, քանի որ դատավորներից ոչ ոք չի ցանկանում առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Ինչպես հայտնի է, հուլիսի 31-ին պետք է տեղի ունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ, ի թիվս օրակարգային հարցերի, պետք է ընտրվեր Բարձրագույն դատական խորհրդի անդամ եւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ի սկզբանե դատական համակարգի թեկնածուն Լիաննա Հակոբյանն էր, ում հետ վերջերս մրցակից էր հայտնվել, սակայն այժմ ուշագրավ է, որ անգամ Հակոբյանն այլեւս չի ցանկանում թեկնածու լինել, եւ դատական համակարգում խառնվել են իրար, քանի որ չեն կողմնորոշվում՝ ում առաջադրել, որպեսզի համաձայնի: Հիշեցնենք, որ այժմ Սահմանադրական դատարանում դատավորի երեք թափուր հաստիք կա, եւ սեպտեմբերին մեկնարկող հերթական նստաշրջանում պետք է տեղի ունենան նրանց ընտրությունները, իսկ մինչ այդ էլ պետք է առաջադրումներ անեն կառավարությունը, նախագահ Արմեն Սարգսյանն ու Դատավորների ընդհանուր ժողովը, սակայն պարզվում է, որ վերջիններս թեկնածու չեն գտնում:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 4.7 տոկոսով: Շինարարության ոլորտում եւս 23.4 տոկսով անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ էության, պատճառը կորոնավիրուսն է, որի հետեւանքով Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, եւ մարտ-ապրիլ ամիսներին արգելվեց որեւէ տեսակի շինարարության իրականացում: Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 11.1 տոկոսով: Սա եւս արտակարգ դրության հետեւանք է, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին առեւտրի ոլորտի տնտեսվարողները չեն աշխատել. միայն սննդամթերքի սպառման առումով է ակտիվություն եղել: Թեեւ հիմա հագուստի, կոշիկի եւ տնտեսական ապրանքների խանութները բաց են, բայց առեւտրի ծավալները նախկինի նման չեն, դրանք բավականին նվազել են: Փոխարենը 1.5 տոկոսով ավելացել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 10.7 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 6.5 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 12.9 տոկոսով: Սա նույնպես կապված է կորոնավիրուսի հետ: