Երեկ բողոքի ակցիա տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության դիմաց: Ակտիվիստներն իրենց դժգոհությունն էին արտահայտում պարտադիր դիմակ կրելու որոշման դեմ, իսկ ներկաներից մի քանիսն էլ դժգոհ էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումից, որի պատճառով սահմանամերձ համայնքներում ծննդատուն էր փակվել:
Նշենք, որ նախարարության դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ նաեւ բախումներ տեղի ունեցան, որի հետեւանքով անգամ մարդկանց բերման ենթարկեցին: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ակցիայի մի քանի մասնակիցների հետ:
Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյան
-Տիկի՛ն Խաչատրյան, ինչո՞ւ եք որոշել այսպիսի ակցիա իրականացնել:
-Հանրությունն իր դժգոհությունն է արտահայտում՝ այս դիմակների պարտադիր կրելու հետ կապված: Շատ քաղաքացիներ համոզվել են, որ այս դիմակները պարտադիր անիմաստ են, եւ ապացուցված է, որ այս դիմակները վնասակար են առողջությանը հատկապես ամառվա այս սեզոնին:
-Պատճառաբանվում է, թե այդպես ավելի անվտանգ է, եւ շատ երկրներում է այդպես:
-Նկատենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջնորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցանիշներով, եւ ես հատուկ տպել եմ այդ կազմակերպության խորհուրդները, որի համաձայն՝ դիմակներ պետք է կրեն միայն հիվանդ մարդիկ եւ այն մարդիկ, որոնք խնամում են հիվանդներին: Այլ ցուցումներ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի տարածել: Ավելին, ես այս մասին դիմում եմ ներկայացրել հունիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին եւ հայտնել այդ մասին, որ ԱՀԿ-ն նման հրահանգ ու խորհուրդ չի տվել: Ավելին, ես նշել եմ նաեւ այն խմբերը, որոնց համար դիմակ կրելը վտանգավոր է: Այս պրոցեսը եւ հրահանգը, որը ես վստահ եմ՝ շարունակվելու է, ոչ թե նպատակ ունի պաշտպանել քաղաքացիների առողջությունը, այլ ունի նրանց լռեցնելու նպատակը:
-Այսինքն, կարծում եք այս ամենը այլ նպատակ է հետապնդո՞ւմ:
-Իհարկե: Այն դիմակահանդեսը, որը հիմա կազմակերպել է գործող իշխանությունը, ունի միայն քաղաքական ենթատեքստ, եւ սա ես հայտարարում եմ որպես 16 տարվա ստաժ ունեցող բժիշկ: Այս ամենը կապ չունի առողջապահության կազմակերպման հետ, սա քաղաքական նպատակներ է հետապնդում, եւ մենք պետք է դրա դեմ ըմբոստանանք:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյան
-Պարո՛ն Ախոյան, ինչի՞ դեմ եք բողոքում Դուք:
-Ես տեսա, որ միջադեպ է տեղի ունեցել, եւ մոտեցա: Իսկ իմանալով թեման՝ կարող եմ ասել, որ Արսեն Թորոսյանին հայտարարում եմ որպես հանցագործ: Նա հանցագործ է, որը հայ ազգի դեմ կատարում է հանցագործություն, իմ բողոքը հետեւյալն է, որ նախարարն իրավունք չունի ստրատեգիական նշանակություն ունեցող տարածքներում՝ սահմանամերձ համայնքներում ծննդատուն փակելու կամ թողնելու բարերարների հույսին, որոնք կարող են գումար խնդրել եւ վերազինել այդ ծննդատունը: Վերցնենք Ծաղկահովիտի ծննդատունը, եւ այն փակելը եւս հանցագործության դրսեւորում է: Կարելի է հարց տալ՝ սա երկի՞ր է, թե՞ բիզնես պլան: Բիզնեսո՞վ ենք շարժվում, դե եկե՛ք փակենք, քանի որ դոտացիաներով էինք համայնքներ պահում: Մեր սահմանամերձ գյուղերն իրենց համար դարձել են կոմերցիա:
-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Մենք խոշորացույցով հետեւում ենք: Վերցրել ենք բնագավառները եւ հետեւում ենք, եւ ցանկացած ազգադավ քայլ հետեւանքներ է ունենալու ինչպես Արայիկ Հարությունյանի, մնացած մարդկանց պարագայում: Նրանք չեն կարողանալու հետագայում այլ քայլեր անել, ու թույլ չենք տալու, որ աշնանն էլ փորձեն Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել: Մենք հետեւում ենք, եւ համապատասխան քայլեր կլինեն:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՈՏՆԱԿՈԽ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Այս օրերին կրկին աղմուկ էր բարձրացել Մաշտոցի պուրակի շուրջ: Պուրակում սրճարան է կառուցվում, ինչի հետեւանքով մի քանի օր առաջ չորս հաստաբուն ծառ էր հատվել: Եվ այս հանգամանքը չվրիպեց քաղաքացիների ու բնապահպանների աչքից, որոնք ահազանգում էին ծառերի հատման մասին, միաժամանակ հիշեցնում, թե ինչպես էին այսօր իշխանության մեջ գտնվող մարդիկ ժամանակին պայքարում պուրակի ծառերի համար, երբ այն ժամանակ Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, իսկ պայքարողների մեջ էր նաեւ այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հիշեցնենք, որ պայքարը թեժ էր դեռ 2012 թվականին, երբ ծառահատումներն ուղեկցվում էին բազմամարդ ցույցերով, եւ, ի վերջո, ամիսներ տեւած պայքարից հետո՝ արդեն 2013 թվականին, Սերժ Սարգսյանը Մարգարյանին հրահանգեց՝ «Տարո՛ն ջան, սիրուն չէ», եւ ակտիվիստներն հասան իրենց նպատակին:
Այսօր արդեն պուրակի շուրջ կրկին աղմուկ է. արդեն 2019 թվականին Հայկ Մարությանի կողմից որոշում էր կայացվել «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ին Մաշտոցի պուրակի այս վարձակալված հատվածում կառուցապատման իրավունք տալ: Ի դեպ, պարզվում է, որ «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ն այնքան էլ օրինակելի կառուցապատող չէ: Երեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այն արդեն մի քանի անգամ վարչական տույժի է ենթարկվել շինարարարությունը ճիշտ չկազմակերպելու պատճառով:
Ստացվում է՝ հեղափոխությունից երկու տարի անց, սակայն, արժեքների փոփոխություն տեղի չի ունենում, եւ այս անգամ էլ հեղափոխության արժեքները ոտնակոխ է անում քաղաքապետ Հայկ Մարությանը, որը, նկատենք, տարիներ առաջ այս պուրակի պայքարի առաջամարտիկներից էր:
Հենց այսպիսի դրվագներն են ազդում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Օրեր առաջ էլ հեղափոխության արժեքները տապալել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի անվան շուրջ աղմուկը դեռեւս չի դադարում, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ դեռ ուսումնասիրություն է իրականացնում՝ հասկանալու համար, թե որքանով վերջինս կապ ունի White Shorja անվամբ լողափի հետ: Եվ ի՞նչ ունենք այս երկու իրադարձությունների արդյունքում. Հայկ Մարությանն ու Հայկ Սարգսյանը ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները՝ ազդելով վարչապետ Փաշինյանի վարկանիշի վրա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐՆ ԱԶԱՏՎԵՑԻՆ
Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: Նկատենք, որ Հայկ Մհրյանը իշխանափոխությունից հետո եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ապա կարճ ժամանակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում: Ընդ որում, մշտապես ընդգծվել է այն հանգամանքը, որ նրան օրենքի խախտումով են վերադարձրել ոստիկանական համակարգ, եւ այդպիսի իրավունք չկար: Սակայն դա արվել է նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի շնորհիվ, որը Մհրյանին վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատվելուց հետո վերադարձրեց համակարգ: Նկատենք նաեւ, որ Արման Սարգսյանի հրաժարականից հետո Մհրյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, սակայն մինչեւ այժմ այն չէր հաստատվել: Ընդ որում, նա էր համակարգում արտակարգ դրության պայմաններում ոստիկանների աշխատանքը: Իսկ, ահա, Տիգրան Եսայանը 2012-2019 եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ, եւ նրա մասին համակարգում դրական են արտահայտվում: Հավելենք, որ Հայկ Մհրյանի մասով վերջերս ծառայողական քննություն էր իրականացվել այն հրապարակումներից հետո, թե, իբր, նա եւ մյուս տեղակալ Արթուր Մարտիրոսյանը 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել:
ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւորական դասը երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացրեց եկեղեցու դիրքորոշումը՝ հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի եւ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խոսեց ասուլիսի կազմակերպման անհրաժեշտության մասին՝ հիշեցնելով կառավարության առաջարկով ձեւավորված հանձնախմբի նախապատմությունը: Միքայել արքեպիսկոպոսը տեղեկացրեց, որ այն ժամանակվա ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի հետ ենթահանձնախմբի միակ հանդիպումը եղել է անցյալ տարվա հունիսի ամսին, որտեղ իրենք հնչեցրել են առաջարկ՝ կառավարության կողմից համարժեք ենթախումբը ձեւավորելու մասին: Ի դեպ, հանձնախումբն այդպես էլ չի ձեւավորվել: Այս տարի արդեն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նույն առաջարկն արել է նորանշանակ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին: